Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Շուշիի Մայր տաճարը պետք է մնա Հայ Առաքելական եկեղեցու պաշտամունքի վայր»․ ՀՀ ԱԳ նախարար

«Շուշիի Մայր տաճարը պետք է մնա Հայ Առաքելական եկեղեցու պաշտամունքի վայր»․ ՀՀ ԱԳ նախարար
Քաղաքականություն
16:31, 06 май 2021
ՀՀ եւ ՌԴ ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Արա Այվազյանը պատասխանելով հարցին՝ ԱԳՆ-ի կողմից ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Արցախում հայկական ժառանգությունը պահպանելու ուղղությամբ, ասաց․ «ԱԳՆ-ն բազմիցս անդրադարձել է այդ հարցին եւ այսօր կարող եմ վերահաստատել՝ արձանագրենք, որ ԼՂ-ի պատմամշակութային ժառանգության պահպանման եւ պաշտպանության հարցը դարձել է խաղաղ կարգավորման մաս»։

Այվազյանը հիշեցրեց, որ ապրիլի 13-ին համանախագահները անդրադարձել են պատմամշակութային ժառանգության պահպանման հարցին։ «Մենք սերտորեն համագործակցում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, ակնկալելով, որ առաջիկայում տեղի կունենան գնահատման առաքելության այցը տարածաշրջան եւ լիահույս ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր գործուն քայլերը կձեռնարկի այդ առաքելությունը կյանքի կոչելու ուղղությամբ»։

Նա նշեց, որ պատմամշակութային ժառանգությունը եւ դրա պաշտպանությունը նախ եւ առաջ մարդու իրավունքների մասին են։

«Պատահական չէ, որ դեռ այս տարվա փետրվարի 2-ին ՄԱԿ-ի ՄԻ հատուկ զեկուցողները այդ հարցին անդրադարձել են Ադրբեջանին ուղղված կոչով՝ ընդգծելով հոկտեմբերի 8-ին Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարի թիրախավորված ռմբակոծության հետաքննության անհրաժեշտությունը եւ միևնույն ժամանակ նրանք կարևորել են Մայր Տաճարի վերակառուցման աշխատանքներում Հայ Առաքելական եկեղեցու դերակատարումը»։

ԱԳ նախարարը ասաց, որ Ադրբեջանը անպատասխան է թողել ՄԱԿ-ի փորձագետների կոչը․ «Ավելին՝ միակողմանի կոպիտ միջամտությամբ Ադրբեջանը ի ցույց է դնում, որ արհամարհում է միջազգային կառույցների,միջազգային հանրության եւ միջազգային իրավունքի նորմերը», - ասաց նա եւ ընդգծեց․ «Պետք է հստակ նշեմ, որ Շուշիի Մայր տաճարը, որը հանդիսանում է հայկական ամենախոշոր եկեղեցիներից մեկը՝ պետք է մնա Հայ Առաքելական եկեղեցու պաշտամունքի վայր»։