Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լաչինի միջանցքի փակումը Պրահայի հայտարարությանը վերագրելով՝ Թևանյանը ոչ միայն արդարացնում է Ադրբեջանին, անտեսում ՌԴ-ի պատասխանատվությունը, այլև մեղադրում ՀՀ-ին և միջնորդներին՝ Շ․Միշելին և Է․ Մակրոնին

Լաչինի միջանցքի փակումը Պրահայի հայտարարությանը վերագրելով՝ Թևանյանը ոչ միայն արդարացնում է Ադրբեջանին,  անտեսում ՌԴ-ի պատասխանատվությունը, այլև մեղադրում ՀՀ-ին և միջնորդներին՝ Շ․Միշելին և Է․ Մակրոնին
Քաղաքականություն
21:00, 21 март 2023
Նախորդ տարի սեպտեմբերյան ագրեսիայից հետո Պրահայում ձեռք բերված  քառակողմ համաձայնությունը ոչ մի կերպ չի մարսվում հատկապես երկու սուբյեկտների կողմից՝ ՌԴ-ի և ՀՀ ընդդիմության։ Ադրբեջանն էլ կարողանում է օգտվել ստեղծված իրավիճակից և փորձել քարոզչական այս՝ իր համար  բարենպաստ մթնոլորտում իր օրակարգը  առաջ տանել՝ խեղաթյուրելով բոլոր այն փաստաթղթերը, որոնք ստորագրվել են մասնավորապես 44-օրյա պատերազմից հետո։ Պրահյան հայտարարությունը, որը պայմանականորեն կարելի է կոչել արևմտյան  դերակատարների մասնակցությամբ տեղի ունեցած գործընթաց, արժեզրկելու և խեղաթյուրելու հարցում անուրանալի է ՌԴ-ի դերակատարումը՝ ի դեմս այդ երկրի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, որը հայաստանյան ընդդիմության  ոգեշնչման աղբյուրն է, եթե չասենք՝ մուսան, ՀՀ իշխանությանը մեղադրանքներ հասցեագրելու հարցում։  Այդ պարոն Լավրովն էր, հիշեցնենք, որ Պրահայի և դրան հաջորդած  Սոչիի հայտարարությանից հետո՝  դեկտեմբերի 1-ին, հայտարարեց, թե «ԱՊՀ ստեղծման մասին Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրման պահին (այդ հռչակագրին  հղում է արվում Պրահայի հայտարարության մեջ) Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը միանշանակ եղել է Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում։ Դա հաստատվել էր Ադրբեջանի, Հայաստանի, Ֆրանսիայի և պարոն Միշելի կողմից՝ առանց որևէ վերապահումների, և դա լուծում է այն հարցը, թե ինչպես մոտենալ Ղարաբաղի կարգավիճակին»։  Պատմական փաստերը խեղաթյուրած պարոն Լավրովի այս հայտարարությանը հայկական կողմը  տարբեր մակարդակներով  արդեն իսկ արձագանքել է՝ հիշեցնելով, որ մինչև Ալմա-Աթայի հռչակագիրը  Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն արդեն հռչակել էր իր անկախությունը, ինչից հետո է Ադրբեջանը միացել  հռչակագրին։ Եվ որ՝ ՀՀ Գերագույն խորհուրդը այդ հռչակագիրը վավերացրել է վերապահումով ու ամրագրել, որ տարածքային ամբողջականությունը չի վերաբերում ազգերի ինքնորոշման իրավունքից հրաժարմանը: 

Սա քաջ գիտեն ոչ միայն Ադրբեջանը, ՌԴ-ն, այլ նաև խորհրդարանական ընդդիմությունը, որի ներկայացուցիչները այս մասին երբեմն բարձրաձայնում են միջազգային հարթակներում։ Բայց  քանի որ, ենթադրում ենք,  հրահանգ են ստացել  Հայաստանի իշխանությանը մեղադրել Պրահայում (արևմտյան դերակատարների հովանու ներքո կայացած գործընթացում) Արցախից հրաժարման մեջ, առանց ընդդիմանալու ու դույզն-ինչ  խղճի խայթի կատարում են հրահանգը։ Այդ հարցում գերակտիվ է հատկապես «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը,  որն, ի դեպ, արդեն որերորդ անգամ Լաչինի միջանցքի փակ լինելը պայմանավորում է հենց Պրահայի հայտարարությամբ, որն էլ, ըստ նրա, հիմք է տվել Ադրբեջանին փակել այն։  Հիշյալ հայտարարության նենգափոխման,   հասարակությանն էլ մոլորության մեջ գցելու մասին են վկայում  Լաչինի միջանցքի փակ լինելու թեմայով մոտ մեկուկես ամիս առաջ տեղի ունեցած խորհրդարանական լսումների ժամանակ վերջինիս արած հայտարարությունները։  «Հայաստանը ոչ թե «ձեռքերը լվանում է» Արցախից, այլ ամեն կերպ նպաստում է, որ Լաչինի միջանցքը փակ մնա, որովհետև 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Ղարաբաղը դիտարկել որպես Ադրբեջանի մաս։  Դրանով ֆունդամենտալ փոփոխություն է մտել ամբողջ ղարաբաղյան գործընթացի և բանակցային տրամաբանության մեջ, որովհետև «Լաչինի միջանցք» հասկացողությունը Պրահայում վերացվել է։ Եթե Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, ապա ի՞նչ Լաչինի միջանցքի մասին է խոսքը։ Եվ ահա, հոկտեմբերի 6-ից հետո բազմիցս միջազգային հարթակներում հաստատվել է այդ թեզը, որ ՀՀ-ն ընդունել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, չի հերքվել ՀՀ իշխանության կողմից, ավելին՝ քարոզվել է դա»,- ինքնավստահ տոնով հայտարարում էր Ռոբերտ Քոչարյանի հովանու ներքո գտնվող խմբակցության անդամը։  

Ակնհայտ է, որ գործ ունենք գեբելսյան ոճի  քարոզչության հետ, երբ սուտն ու հորինվածքն  այնքան են կրկնվում և տիրաժավորվում, որ դրան սկսում է հավատել անգամ  այն մոգոնած սուբյեկտը։ Այս  վտանգավոր սուտն ու մոլորությունը այսօր ևս մեկ անգամ շրջանառվեց «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագծի տեսքով, որում, նկատենք, կան միմյանց հետ  տրամաբանական հակասության մեջ գտնվող ձևակերպումեր և, իհարկե, հղումներ միաժամանակ  2020 թ. նոյեմբերի 9-ի և  2022 թ. Պրահայի հայտարարություններին։  Հայտարարության նախագծի հիմնական զեկուցողը, ի դեպ,  նույն Անդրանիկ Թևանյանն էր։ Հայտարարության տեքստում նշված է, որ  Ադրբեջանի հանցավոր գործողությունները հակասում են 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությանը, մասնավորապես՝ Լաչինի միջանցքին առնչվող  6-րդ կետին։  Ապա նշվում է. «Վկայակոչելով հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված համաձայնությունը և 2023 թ. փետրվարի 18-ին Մյունխենում այդ համաձայնության վերահաստատումը՝ պաշտոնական Բաքուն խմբագրել է Բերձորի՝ Լաչինի, միջանցքին վերաբերող կարգավորումները և դիմել ագրեսիվ գործողությունների, որն արտահայտվում է նաև ՀՀ-ի նկատմամբ ծավալապաշտական նկրտումներով»։ Սա ոչ այլ ինչ է, քան, Ալիևին հղում անելով,  Լաչինի միջանցքի ռեժիմը սահմանող նոյեմբերի 9-ի հայտարարությունն ապալեգիտիմացնելու գիտակցված փորձ։  Լաչինի միջանցքի շրջափակման համատեքստում  Պրահայի հայտարարության վկայակոչումը, որով  իբր Ալիևը խմբագրել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը,  Թևանյանը ոչ միայն  արդարացնում է Ադրբեջանի գործողությունները, անտեսում ՌԴ-ի պատասխանատվությունը,  այլև,  փաստորեն,  մեղադրում Պրահայի հայտարարության մյուս կողմերին՝ ոչ միայն ՀՀ-ին, այլև միջնորդներին՝ Շառլ Միշելին և Էմանուել Մակրոնին, ովքեր, ստացվում է,  հավասարաչափ մեղավոր են միջանցքի փակման հարցում։ Եթե առաջնորդվենք Թևանյանի «պրահյան  մեկնություններով», ապա Լաչինի միջանցքում տեղակայված խաղաղապահները վաղուց պետք է լքած լինեին միջանցքը, քանի որ Պրահայի հայտարարությամբ Լաչինի միջանցքը պետք է դուրս եկած լիներ ռուս խաղաղապահների վերահսկողությունից  և ավտոմատ կերպով անցած լիներ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Բայց այ, միամիտ ու ապուշ Ալիևը, փաստորեն, որոշեց  «ձախ ձեռքով բռնել իր աջ ականջը»՝ միջանցքի նկատմամբ իր անվերապահ վերահսկողությունը սահմանելու, խաղաղապահներին այդտեղից վռնդելու  փոխարեն կեղծ էկոակտիվիստներ գործուղել միջանցք ու փակել այն՝ տարատեսակ պահանջներ դնելով  Արցախի և ՀՀ իշխանությունների առաջ։  Տրամաբանական հաջորդ հակասությունը նախորդի հետ ակնբախ է  Թևանյանի ներկայացրած  հայտարարության հաջորդ պարբերության մեջ, որտեղ դրա հեղինակները նախ բարձրացնում են ռուս խաղաղապահների մանդատի երկարաձգման հարցը, ապա իրենց զորակցությունն են հայտնում վերջիններիս և, ուշադրություն,  կոչ  անում  «ՌԴ-ին կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Բերձորի միջանցքի անխափան աշխատանքն ապահովելու և ադրբեջանական նոր սադրանքները, ահաբեկչությունները, դիվերսիաները կանխելու համար»։  Նորից նույն հարցադրումը պետք է անենք՝ եթե Պրահայի քառակողմ հայտարարությամբ  Լաչինի միջանցքը «դուրս է եկել» և  «հանձնվել» Ադրբեջանին,  ապա պարոն Թևանյանն ու նրա խմբակցության մյուս անդամները ինչո՞ւ են ՌԴ-ին կոչ անում դրա ապաշրջափակման վերաբերյալ, չէ՞ որ միջանցքի «տերն», ըստ իրենց,  այլևս ՌԴ-ն չէ, այլ Ադրբեջանը։ Եվ երբ խոսվում է խաղաղապահների մանդատի երկարաձգման մասին, ապա թերևս այդ հարցում էլ պետք է հայաստանականները հստակեցում մտցնեն՝ այդ մանդատի երկարաձգումը  պետք է տարածվի ռուս խաղաղապահների՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված   պատասխանատվության ողջ գոտու նկատմա՞մբ, այդ թվում՝ Լաչինի միջանցքի, թե՞ բացառությամբ Լաչինի միջանցքի, քանի որ այն այլևս ռուսների պատասխանատվության գոտում չէ,  Թևանյանի թեթև ձեռամբ և Պրահայի հայտարարության «ինքնատիպ» մեկնաբանմամբ  այլևս հանձնվել է  Ադրբեջանին։  Աստեղ են ասել՝ օпределитесь, господа։  

Հ.Գ. Նախագծի հարակից զեկուցող Մարիա Կարապետյանը քողազերծեց հայտարարության մեջ առկա աղաղակող մանիպուլյացիան, որին անդրադարձանք վերը. «Եթե ուշադրություն դարձրիք, պարոն Թևանյանը հայտարարության տեքստում այսպիսի ձևակերպում արեց՝ Ադրբեջանը, հենվելով կամ խմբագրելով Պրահայում ձեռք բերված համաձայնությունները, փակել է Լաչինի միջանցքը։ Միայն այս ձևակերպման համար, այսինքն՝ կրկին Լաչինի միջանցքի արգելափակման համար պատասխանատվություն սահմանելը ՀՀ համար կարող էր հիմք հանդիսանալ հայտարարության տեքստի մերժման համար»,- մասնավորապես հայտարարեց Կարապետյանը՝ բերելով  հայտարարության նախագծի մերժման համար հիմք հանդիսացած այլ պատճառներ ևս։ 

Հեղինե Մանուկյան