Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տեր- Պետրոսյանը քաղաքացիական պատերազմ հրահրող Քոչարյանին համագործակցության առաջարկ է արել նրան «չեզոքացնելու համար», ուղղակի վերջինս չի ցանկացել չեզոքանալ

Տեր- Պետրոսյանը քաղաքացիական պատերազմ հրահրող Քոչարյանին համագործակցության առաջարկ է արել նրան «չեզոքացնելու համար», ուղղակի վերջինս չի ցանկացել չեզոքանալ
Քաղաքականություն
19:45, 17 май 2021
««Հայ ազգային կոնգրեսը» դեռ որոշում չի կայացրել մասնակցե՞լ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին, թե` ոչ։ Այդ նպատակով վարչության նիստ դեռ չի գումարվել » ,-Civic.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ վարչության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը՝ հավելելով, որ երեկվանից լրատվամիջոցները սխալ են հասկացել և սխալ են մեկնաբանել  ՀԱԿ-ի ընտրություններին մասնակցելու փաստը:

«Վարչությունը դեռ որոշում չի կայացրել։ Դուք և մնացածը կարող էիք համագումարից այդպիսի տպավորություն ստանալ, բայց  վարչությունը դեռ որոշումը չունի։ Վարչությունը, հավանաբար, վաղը նոր կհավաքվի և որոշում կկայացնի՝ մասնակցել ընտրություններին, թե` ոչ »,- ասաց Աբրահամյանը։

Վերջինից հետաքրքրվեցինք՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսանի կողմից  համագործակցության առաջարկի մերժումից հետո դիտարկո՞ւմ են այլ ուժերի հետ համագործակցություն, եթե որոշեն մասնակցել ընտրություններին։ Աբրահամյանն ասաց, որ այդ հարցի պատասխանն էլ պետք է քննարկեն վարչության նիստին, և դրա պատասխանը կլինի մինչև  մյուս շաբաթվա վերջ։  

Երեկ ՀԱԿ-ի համագումարի ժամանակ Տեր-Պետրոսյանը  խոսելով նախագահի պաշտոնից իր հրաժարականի պատճառների մասին՝ նշեց, որ հրաժարական տվեց, որովհետև վախենում էր երկրում քաղաքացիական պատերազմից, որը կարող էր լինել Ռոբերտ Քոչարյանի ու Վազգեն Սարգսյանի կողմից։ Տեր-Պետրոսյանի այս հայտարարությունը բավական բուռն քննարկվում է այս երկու օրը։ Սամվել Աբրահամյանից հետաքրքրվեցինք՝ Քոչարյանի կողմից ներկայումս քաղաքացիական պատերազմի, հեղաշրջման վտանգ չե՞ն տեսնում և եթե տեսնում են, ապա ինչպե՞ս է Տեր-Պետրոսյանը նրան այս անգամ համագործակցության առաջարկ անում։  

Ըստ Աբրահամյանի՝ Տեր-Պետրոսյանի երեկվա ելույթից հետո որևէ մեկի մոտ նման հարց չպետք է անգամ ծագեր. « Տեր-Պետրոսյանը խոսեց Քոչարյանին չեզոքացնելու մասին։ Նա իր 9 կետանոց ելույթում այնքան սպառիչ է տվել այդ հարցի պատասխանը, որ նման հարց չպետք է առաջանա որևէ մեկի մոտ »։  

Ի դեպ, Տեր-Պետրոսյանը իր երեկվա ելույթում հայտարարեց, որ եթե ՀԱԿ վարչությունը որոշում կայացնի մասնակցել ընտրություններին, ապա ինքը ստիպված է լինելու գլխավորել նախընտրական ցուցակը։ Եվ սա այն պարագայում, որ 2012-ին Տեր- Պետրոսյանը բացառել էր ընտրություններին իր մասնակցությունը՝ ելնելով իր տարիքից։  ՀԱԿ վարչության գործադիր քարտուղարից հետաքրքրվեցինք՝ ինչպես է ստացվում, որ Տեր-Պետրոսյանի տարիքը այլևս խոչընդոտ չէ նախընտրական պայքարի մեջ մտնելու համար։ Ըստ Աբրահամյանի տարիքը ոչ մի կապ չունի։ Նրա դիտարկմամբ Հայաստանում ստեղծված իրավիճակը, այն խնդիրները, որոնք պետք է լուծի այս ընտրությունը ոչ մի կապ չունեն մնացած հարցերի հետ:  

«Մնացած հարցերը դառնում են ածանցյալ։ Գլխավոր խնդիրը կա, գլխավոր խնդիրն է պետք  լուծել։ Ի՞նչ կարևոր է, թե Տեր-Պետրոսյանը քանի տարեկան է։ Հայաստանում ստեղծված իրավիճակում տարիքը ու մնացած հարցերը չորրորդական է դառնում»,- եզրափակեց Աբրահամյանը։

Արփի Հարությունյան