Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ինչի՞ մասին պետք է դու ինձ հետ խոսես». Էրդողանը հրաժարվել է Քըլըչդարօղլուի հետ հեռուստաբանավեճից

«Ինչի՞ մասին պետք է դու ինձ հետ խոսես». Էրդողանը հրաժարվել է Քըլըչդարօղլուի հետ հեռուստաբանավեճից
Քաղաքականություն
11:41, 26 май 2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մերժել է ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի՝ հեռուստաբանավեճ անցկացնելու առաջարկը՝ նշելով, որ իրենք խոսելու ոչինչ չունեն։ Այս մասին նա հայտարարել է CNN Turk և Kanal D հեռուստաալիքներին տված հարցազրույցում։

Քըլըչդարօղլուն հինգշաբթի օրը հեռուստաբանավեճի է հրավիրել Թուրքիայի գործող նախագահին՝ ապացուցելու համար «ահաբեկիչների հետ Էրդողանի համագործակցությունը»։ Էրդողանն ասել է, որ եթե Քըլըչդարօղլուն չի կարողանում ապացուցել իր համագործակցությունը ահաբեկիչների հետ, ուրեմն նա «անազնիվ մարդ» է։

«Հիմա նա ինձ հեռուստատեսություն է կանչում։ Ինչի՞ մասին պետք է դու ինձ հետ խոսես։ Նա չունի ոչ մի ձեռքբերում, չունի տեսլական: Ես պետք է քեզ հետ քննարկեմ Օքմեյդանայի (Ստամբուլ) շրջանի սոցիալական ապահովագրության վարչության հիվանդանո՞ցը: Թե՞ պետք է խոսենք այն մասին, թե ինչպես խորհրդարանում 40 մանդատ տվեցիր նրանց, ովքեր ընտրություններում նույնիսկ 1 տոկոս ձայն չէին ստացել»,- հայտարարել է Էրդողանը:  

Հիշեցնենք, որ Թուրքիայի գործող նախագահ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրությունների առաջին փուլում հավաքել է ձայների 49,52 տոկոսը, ընդդիմադիր յոթ կուսակցություններից նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44,88 տոկոսը։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նշանակված է մայիսի 28-ին։