Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հունգարիայի վարչապետը պակաս կարևոր մարդ չէ Էրդողանի համար, որ նստած էր երկրորդ շարքում. կենսունակ չեն ձեր շահարկումները. ԱԳ նախարարը՝ Արթուր Խաչատրյանին

Այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ԱԳՆ-ի «ՀՀ 2022 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցերի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանեց.

«Իսկապես, մենք ԼՂ ժողովրդի կողմից մանդատ չենք ստացել իրենց ապագայի հարցով բանակցելու և չենք էլ փորձում հավակնել նրանց կարգավիճակը որոշելու: Միակ բանը, որ փորձում ենք ապահովել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում, հետևյալն է. մենք համարում ենք, որ այդ կարգավորումը իրատեսական, ամբողջական, երկարատև չի կարող լինել, եթե այդ կարգավորման շրջանակներում չի ստեղծվում մի հարթակ, մի երկխոսության մեխանիզմ, որտեղ ԼՂ ժողովուրդը և պաշտոնական Բաքուն կարող են երկխոսել, բանակցել բոլոր այն հարցերի շուրջ, որոնք կարևոր են ԼՂ ժողովրդի, նրանց ապագայի համար: Այդ հարցերը պետք է քննարկվեն՝ ոչ մեր կողմից, այլ ԼՂ ժողովրդի, ԼՂ ընտրված և լիազորված մարմինների ու ինստիտուտների կողմից: Մենք պպետք է փորձենք ապահովել այդ երկխոսության մեկնարկը»:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նշեց ԱԳ նախարարը, այդ կարգավորման գործընթացի համար նախապայմաններ չեն առաջադրվել. «Այդ մասին ընդգծել են երկու կողմերը»: Արարատ Միրզոյանն անդրադարձավ նաև Արթուր Խաչատրյանի ակնարկին, թե Թուրքիայի նախագահի երդմնակալությանը ՀՀ վարչապետը նստել էր երկրորդ շարքում, և ասաց. «Սա շատ արարողակարգային բան է, բոլոր վարչապետներն էին երկրորդ շարքում: Հունգարիայի վարչապետ Օրբանը, կարծում եմ, պակաս կարևոր մարդ չէ Էրդողանի համար: Վստահ չեմ, որ կենսունակ են այսպիսի շահարկումները»:

Մանրամասն՝ տեսանյութում