Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ներքին Խնձորեսկի ամեն տնից 1 տղամարդ մեղադրյալ է՝ նախկին գյուղապետի «բերքը հնձելու ու պահելու համար»․ բնակիչներն ահազանգում են՝ նախկին գյուղապետը գյուղի հողերը ապօրինի յուրացրել է

Ներքին Խնձորեսկի ամեն տնից 1 տղամարդ մեղադրյալ է՝ նախկին գյուղապետի «բերքը հնձելու ու պահելու համար»․ բնակիչներն ահազանգում են՝ նախկին գյուղապետը գյուղի հողերը ապօրինի յուրացրել է
Հայաստան / Հասարակություն
18:43, 20 август 2021
Ներքին Խնձորեսկի բնակիչները Civic.am-ին ահազանգում են. գյուղի բնակիչներից ավելի քան 29-ը օրերս ներգրավվել են որպես մեղադրյալներ՝ նախկին գյուղապետ Մարտուն Արզանյանին պատկանող հողատարածքը 2019թ. և 2020թ. հնձելու՝ ցորենն ու գարին պահելու համար։
 
Ներքին Խնձորեսկի բնակիչ Սամվել Դիլանչյանի խոսքով՝ 2006-2016թթ. Ներքին Խնձորեսկի գյուղապետի պաշտոնը զբաղեցնող Մարտուն Արզանյանը իր պաշտոնավարման տարիներին համայնքի հողերն աճուրդներով վաճառել է իր ընտանիքի անդամներին, իսկ գյուղացիները տեղեկացված չեն եղել գյուղապետի կազմակերպած աճուրդների մասին։ Աճուրդներով հողեր վաճառելու մասին իմացել են միայն այն ժամանակ, երբ Մարտուն Արզանյանն ազատվել է գյուղապետի պաշտոնից։

Ներքին Խնձորեսկի բնակիչը նշեց, որ բոլոր պատկան մարմիններին դիմել են, իրենց խոսքով, նախկին գյուղապետի կողմից անօրինաբար օգտագործվող հողերի խնդրով, սակայն արձագանք չեն ստացել։ Շարունակաբար բողոքելուց հետո՝ 2019 և 2020թթ. գյուղացիները թույլ չեն տվել, որ նախկին գյուղապետ Մարտուն Արզանյանն իրեն փաստաթղթերով պատկանող հողատարածքում բերքահավաք իրականացնի: «Գյուղացիները ցորենն ու գարին հնձեցին և դարսեցին չեզոք պահեստւմ՝ մինչև խնդիրը կլուծվի, որովհետև մեր բողոքները տեղ չէին հասնում»,- ասաց Սամվել Դիլանչյանը։ 

Այս դեպքի հիմքով Սիսիանի քննչական բաժնում ներկայումս հարուցվել է քրեական գործ: «Երկու օր առաջ քննիչը գյուղացիներին ծանուցեց, որ որպես մեղադրյալ են ներգրավված նախկին գյուղապետի ցորենը, գարին, խոտը հնձելու ու պահելու համար։ Քննիչն ասում է՝ ցորենն ու խոտը տվեք գյուղապետին, երբ կպարզվի, որ այդ հողն անօրինական է՝ նա ձեզ հետ կտա։ Գյուղացիների պահանջն էլ սա է՝ հողի պատկանելությունը պարզեք, եթե գյուղապետը օրինական է օգտագործում՝ մենք այդ ամեն ինչը կտանք իրեն։ Թե չէ հիմա դուք գյուղացիներին դատում եք, բա որ վաղը պարզվի՝ այդ մարդիկ ճիշտ են արել»,- նշեց մեր զրուցակիցը։   
Սամվել Դիլանչյանի խոսքով՝ գյուղում ընդամենը 36 տնտեսություն է, և նախկին գյուղապետի հողատարածքը հնձելուն միայն 2 ընտանիք չի մասնակցել, քանի որ գյուղապետի մտերիմ բարեկամներն են. «Հիմա ամեն տնից մի տղամարդ որպես մեղադրյալ է ներգրավվել՝ միայն 29 հոգու ես գիտեմ։ Երբ մենք հնձում էինք, ոստիկանները եկան տեսան ու գիտեն՝ որտեղ ենք պահում ցորենն ու գարին»։ 

Ներքին Խնձորեսկի բնակիչը, անդրադառնալով համայնքապատկան հողերի սեփականաշնորհման նախապատմությանը, հավելեց. «1991թ. Հայաստանում համայնքի հողերը սեփականաշնորհվեցին, բայց Ներքին Խնձորեսկի հողերը չսեփականաշնորհվեցին, և 1995-96թթ. սովխոզի հիման վրա ստեղծվեց ՓԲԸ, որին կարող էին անդամակցել միայն գյուղի բնակիչները։ Հետո 1997թ. ՓԲԸ-ն դարձավ «Ասպարեզ» ԲԲԸ, որի մեջ նաև մեր նախկին գյուղապետ Մարտուն Արզանյանն էր, սակայն այդ ժամանակ դեռ գյուղապետ չէր։ Հողի խնդիրն առաջացավ այդ ժամանակվանից։ Գյուղացիները որպեսզի հատ-հատ չգնան Երևան իրենց բաժնեմասերը դեպոզիտարիայում գրանցեն՝ 4 հոգու լիազորագիր տվեցին դեպոզիտարիայում բաժնեմասերն իրենց անունով գրանցելու համար։ Ով Մարտուն Արզանյանին է տվել լիազորագիրը՝ մի մասը գրանցել է այդ մարդու անունով, մի մասը հենց իր կամ իր ընտանիքի որևէ անդամի անունով»։ 

Սամվել Դիլանչյանը նշեց, որ գյուղացիների բողոքների հիման վրա միայն գյուղում 2004թ.-ից սկսվեց սեփականաշնորհման գործընթացը. «Սեփականաշնորհումից հետո Մարտուն Արզանյանը դարձել է գյուղապետ և տեղեկատվություն է ներկայացրել, որ «Ասպարեզ» ԲԲԸ-ում ինքը մեծ բաժնետեր է և անասուններ, ձիեր, խոզեր, կովեր ունի։ Կառավարությունն էլ որոշել է 150 հեկտար հող թողնի ընկերության տիրապետության տակ։ Ինքը խարդախությամբ է դարձել մեծ բաժնետեր, երբ գյուղացիները իրեն լիազորել են, ու ինքը հողերը գրանցել է իր անունով»։ 

Ներքին Խնձորեսկի բնակչի խոսքով՝ գյուղում կա 474 հեկտար վարելահող, որից 197-ը սեփականաշնորհվել է կառավարության որոշումով. «Այդ 197 հեկտարի մեջ նաև նախկին գյուղապետն ու իր ընտանիքի անդամները կան, իսկ մոտ 270 հեկտարն էլ տարիներ շարունակ պահել է իր ընտանիքի տնօրինության տակ։ Իսկ 2009թ.-ից սկսած գյուղի հողերը թաքուն աճուրդով վաճառվել են, նաև վարձակալություններ է իրականացրել իր այն բարեկամներին, որոնք մեր գյուղի հետ նույնիսկ կապ չունեն»։    
Ներքին Խնձորեսկի նախկին գյուղապետ Մարտուն Արզանյանը ևս որպես մեղադրյալ է ներգրավված, բայց մեկ այլ՝ հողերի օրինական պատկանելությունը, աճուրդային վաճառքը ճշտելու գործով։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ ինքն արդեն այդ հողերի օրինական լինելու մասին դատախազությունում ցուցմունք է տվել։ Ասում է՝ այդ հողատարածքներում քսան տարի մարդիկ ծառ էին տնկել, և պետք է 2004թ.-ին որպես սեփականություն այդ հողատարածքները տրվեին այդ քսան տարի ծառ տնկողներին, սակայն նրանք չեն ներգրավվել։ Ինքն էլ այդ հողը հետագայում որպես տնամերձ հողատարածք աճուրդային կարգով տվել է իրենց. «Դրա համար էլ դարձել է, որ ես խախտում եմ արել։ Ասում են՝ ձևական աճուրդ է եղել»։ 

Հարցին՝ Ձեր բարեկամնե՞րն էին ծառ տնկողները, Մարտուն Արզանյանը պատասխանեց. «Համագյուղացիները լրիվ իմ բարեկամներն են»։ 
Ինչ վերաբերում է գյուղացիների կողմից իր հողերը հնձելուն ու ցորենն ու գարին պահելուն՝ Ներքին Խնձորեսկի նախկին գյուղապետն արձագանքեց. «Մեր ընտանիքը «Ասպարեզ» ԲԲԸ-ի խոշոր բաժնետեր է, այդ հողերը պետությունը վաճառել է՝ ես էլ առել եմ։ Ընկերության նախագահը բողոք է ներկայացրել, քրեական գործ է հարուցվել։ Իրենց հնձածը ընկերության հողերն են, հնձածը պետք է բերեն հետ տան, հո ընկերությունը չի՞ սնանկանա»։ 

Մարտուն Արզանյանն ու իր փաստաբան Ներսես Խաչատրյանը պնդում են՝ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն է ընկած Ներքին Խնձորեսկի նախկին գյուղապետ Մարտուն Արզանյանի հետևից, և գյուղացիներին հենց Առուշանյանն է տրամադրում Արզանյանի դեմ։
Մարտուն Արզանյանի խոսքով՝ ինքը երբ վարչական շրջանի ղեկավար էր, 2018թ. Գորիսի քաղաքապետարանում հանդիպում է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, և դժգոհել է, որ Ներքին Խնձորեսկում տրանսպորտ չկա, ինչն էլ դուր չի եկել Առուշ Առուշանյանին։

Նարա Մարտիրոսյան