Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես այսօր լինելու եմ Հանարապետության հրապարակում ոչ թե մեր կամ որևէ քաղաքական ուժին սատարման ակնկալիքով, այլ հենց այս ճշմարտությունները անսասան պահելու ակնկալիքով․ Սուրեն Գրիգորյան

Ես այսօր լինելու եմ Հանարապետության հրապարակում ոչ թե մեր կամ որևէ քաղաքական ուժին սատարման ակնկալիքով, այլ հենց այս ճշմարտությունները անսասան պահելու ակնկալիքով․ Սուրեն Գրիգորյան
Հայաստան
16:37, 01 март 2021
ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Մինչև պատգամավորական մանդատը ստանձնելը և դրանից հետո միշտ կարծել եմ, որ բավականին լավ եմ ճանաչում իմ ընկերներին, բարեկամներին՝ գիտեմ նրանց արժեհամակարգը` բոլոր դրական և բացասական կողմերով: Այժմ վստահաբար գիտեմ, որ կան մարդիկ, որոնց հետ ճանապարհ ենք անցել, ընկերություն ենք արել, բայց այս պահին իրենք շատ բաներով ինձ հետ համաձայն չեն, ոմանք համարում են, որ մոլորվել եմ, ետ եմ կանգնել որոշ արժեքներից: Անկախ նրանից, թե ինչքանով եմ իրենց քննադատությունը իմ և իմ քաղաքական թիմի նկատմամբ տեղին կամ անտեղին համարում, յուրաքանչյուրի հետ կապի կտրվելը շատ ծանր եմ տանում: Միևնույն ժամանակ ուզում եմ հավատալ, որ այդ մարդկանց հետ կարող ենք հազար տարաձայնություն ունենալ, բայց չենք հասել նրան, որ նրանք վիճարկեն հետևյալ հիմնարար ճշմարտությունները.

1. Զինված ուժերը քաղաքական հարցերում պետք է չեզողություն պահպանեն: Վարչապետի և կառավարության հրաժարականը պահանջելուց ավելի քաղաքական հայտարարություն ես դժվարությամբ եմ կարողանում պատկերացնել:

2. Չի կարելի առաջին կետում ամրագրված ճշմարտությունը կասկածի տակ դնող որևէ քայլ կատարել: Այն պետք է լինի կարմիր գիծ, որի ընկալումը ունենան բոլորը, անկախ քաղաքական հայածքներից, անձնական վերաբերմունքներից, որևէ այլ հանգամանքից:

Կարևոր է նաև արձանագրել, որ այս ճշմարտությունները մի բան չեն, որը ձևակերպվել է միայն իմ, մեր քաղաքական ուժի, դրա առաջնորդի կողմից, դրանք մեր ժողովրդի կողմից ընդունված Սահմանադրության ուժով ամրագրված ճշմարտություններ են:

Ես այսօր լինելու եմ Հանարապետության հրապարակում ոչ թե մեր կամ որևէ քաղաքական ուժին սատարման ակնկալիքով, այլ հենց այս ճշմարտությունները անսասան պահելու ակնկալիքով: Հավատացած եմ, որ որևէ հանրություն, որևէ ժողովուրդ չի կարող հաջողել, եթե չունի «կարմիր գծեր»՝ կանոններ, որոնք չի կարելի խախտել ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ»: