Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում առաքելական նվիրակության բացումը նաև միջազգային հանրության համար կստեղծի տարածաշրջանում կամուրջներ կառուցելու հնարավորություններ. Էդգար Պենյա Պառա

Հայաստանում առաքելական նվիրակության բացումը նաև միջազգային հանրության համար կստեղծի տարածաշրջանում կամուրջներ կառուցելու հնարավորություններ. Էդգար Պենյա Պառա
Հայաստան
14:20, 27 октябрь 2021
«Ես ողջույններ եմ բերել Հռոմի Ֆրանցիսկոս պապից, ով վառ հիշողություններ ունի 2016թ. Հայաստան կատարած իր այցից և նախագահ Սարգսյանի և Ամենյան Հայոց կաթողիկոս, նորին սուրբ օծություն Գարեգին երկրորդի հետ Վատիկանում վերջերս ունեցած իր հանդիպումից»,- այսօր` հոկտեմբերի 27-ին, ասաց Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառան` ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ինչպես գիտեք իմ այցի նպատակը Հայաստան` Սուրբ Աթոռի առաքելական դեսպանատան նվիրակության հանդիսավոր բացումն է:
Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի նախագահին ու կառավարությանը, որոնք դեսպան Կարեն Նազարյանի միջնորդությամբ հորդորեցին Սուրբ Աթոռին դիվանագիտական ներկայացուցչություն բացել Հայաստանում: Ես նաև շնորհակալություն եմ հայտնում Պապի դեսպան արքեպիսկոպոս Ժոզե ԲեթնՔորթին այս նոր նստավայրը հիմնելու համար իր կատարած աշխատանքի դիմաց»,- հավելեց նա:

Էդգար Պենյա Պառան ընդգծեց, որ չնայած միջոցների և առկա անձնակազմի սակավությանը ծրագիրը իրականություն դարձավ մի քանի ամիսների ընթացքում, որովհետև բոլորը հավատում էին դրան. «Համոզված եմ, որ այս առաքելական նվիրակությունը Հայաստանի` ընդհանրապես միջազգային հանրության համար կլինի տարածաշրջանում կամուրջներ կառուցելու առերեսման հնարավորություններ ստեղծելու ու արդար տևական խաղաղության համար նոր ճանապարհներ բացելու խորհրդանիշ»:

Նա հիշատակեց, որ հաջորդ տարի նշանավորվում է Հայաստանի Հանրապետության և Սուրբ Աթոռի միջև երկկողմ հարաբերությունների հաստատման երեսուն ամյակը և մաղթեց, որ այս շինությունն ընդլայնի դիվանագիտական առաքելությունը` քաղաքացիական ու պետական մարմինների ուղղությամբ, ուժեղացնի կապը տեղական կաթոլիկ համայնքի ներսում իր տարբեր ծիսակարգերով հանդերձ: