Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քիչ անց Հայաստանում բացվելու է Սուրբ Աթոռի նստավայր առաքելական նվիրակությունը. Արարատ Միրզոյան

Քիչ անց Հայաստանում բացվելու է Սուրբ Աթոռի նստավայր առաքելական նվիրակությունը. Արարատ Միրզոյան
Պաշտոնական
13:41, 27 октябрь 2021
«Ուրախ եմ Սուրբ Աթոռի պետքարտուղար Էդգար Պենյա Պառային հյուրընկալել Հայաստանում` քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկրում: Քիչ անց հայ-վատիկանյան հարաբերություններում մեծ խորհուրդ ունեցող իրադարձություն է տեղի ունենալու` Հայաստանում բացվելու է Սուրբ Աթոռի նստավայր առաքելական նվիրակությունը: Դրանով նոր էջ է բացվում Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև` դիվանագիտական նոր հարաբերությունների պատմության մեջ»,- այսօր` հոկտեմբերի 27-ին, ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

ԱԳ նախարարը նշեց, որ Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև ՀՀ նախագահի օրեր առաջ Սուրբ Աթոռ կատարած այցին, կարևորել են հայ ժողովրդի մեծ զավակ, տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակված սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օրը` փետրվարի 27-ը Հռոմեական գլխավոր օրացույցում ամրագրումը:

Արարատ Միրզոյանի խոսքով` դա ևս մեկ անգամ ընդգծում է Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հոգևոր կապը: 

«Սուրբ Աթոռը մշտապես Հայաստանի կողքին է եղել դժվարին ժամանականերում և անցյալ տարին այս առումով բացառություն չէր և մեզ համար կարևոր է Վատիկանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման նաև տարածաշրջանում երկարատև կայունության և խաղաղության պահպանման հարցում: Մասնավորապես Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ագրեսիայի օրերին և դրան հաջորդած ժամանակաշրջանում Սրբազան քահանայապետի հղած ուղերձները ինչպես նաև ռազմագերիների անհապաղ ազատ արձակմանն ուղղված կոչերը մեծ նշանակություն են ունեցել: Ինչպես գիտեք այժմ էլ Ադրբեջանը խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը և նոյեմբերի 9-ի հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց և մենք խնդրում ենք, որպեսզի սրբազան քահանայապետը իր աղոթքներում և իր հրապարակային ուղերձներում մշտապես շարունակի հիշել հայ ռազմագերիներին և շեշտադրի նրանց անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը»,- հավելեց Արարատ Միրզոյանը: