Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօրվա միջոցառումը վկայում է նաև այն հարգանքի մասին, որ Կաթոլիկ եկեղեցին տածում է այս վսեմ հողի նկատմամբ. Էդգար Պենյա Պառա

Այսօրվա միջոցառումը վկայում է նաև այն հարգանքի մասին, որ Կաթոլիկ եկեղեցին տածում է այս վսեմ հողի նկատմամբ. Էդգար Պենյա Պառա
Պաշտոնական
14:40, 27 октябрь 2021
«Այսօրվա միջոցառումը վկայում է նաև այն հարգանքի մասին, որ Պետրոսի իրավահաջորդը և կաթոլիկ եկեղեցին տածում են այս վսեմ հողի նկատմամբ, որտեղ բնակվում է քրիստոնեական հավատն առաջին ընդունած հինավուրց ժողովրդի մի մասը»,- այսօր` հոկտեմբերի 27-ին, ասաց Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառան` ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ` անդրադառնալով Հայաստանում Սուրբ Աթոռի դեսպանատան առաքելական նվիրակության բացմանը:

Էդգար Պենյա Պառան ընդգծեց, որ Հռոմի Սուրբ Աթոռի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջև բարեկամությունն ու համագործակցությունը հայտնի է և իրենք հանձնառու են հետամուտ լինել միասին աշխատելու ընդհանուր բարօրության և հայ ժողովրդի համալիր զարգացման համար. «Կաթոլիկ եկեղեցին իր տարբեր ծիսակարգերով ներկա է այս երկրում բազմատեսակ սոցիալական, կրթական և բարեգործական աշխատանքների միջոցով: Ես հատուկ ցանկանում եմ անդրադառնալ Աշոցքում հիմնադրված «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցին, որը հիմնադրվել է 1991թ. Հռոմի Սուրբ Հովհաննես երկրորդ պապի նախաձեռնությամբ` 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո: Ինչպես նաև Հայաստանի Կարիտասի գրասենյակին, որը Հայաստանում ունի 52 սոցիալ-բժշկական կենտրոններ: Ինչպես նաև հայաստանյան ավանդույթների ու գրականության տարածմանը, որն այդքան նվիրված ու արդյունավետ իրականացնում են Մխիթարյան միաբանության հայրերը: Կարող եմ նաև առանձնացնել հաշմանդամների համար գործող երկու կենտրոնները Երևանում և Սպիտակում, որոնք աշխատեցնում են Կալկաթայի Մայր Թերեզայի գթության քույրերը: Տասնամյակներ շարունակ այս կառույցներն ակտիվորեն աշխատել են հայ հասարակությունում և իրենց նպաստն են բերել ընթացքիկ շարժընթացին:»:

Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդը վերահաստատեց Սուրբ աթոռի աջակցությունը ՀՀ կառավարության և միջազգային հանրության օրակարգային հարցերին` ուղղված խաղաղությանը և զինաթափմանը, մարդու իրավունքներն, մշակությաին զարգացման, կրոնական ազատությունների և շրջակա միջավայրի պաշտպանության ու պահպանության հարցերի առնչությամբ: