Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սևանից վերցրել ենք 57,6 միլիոն խմ ջուր՝ նախատեսված 75 միլիոն խմ-ից. Գնել Սանոսյան

Սևանից վերցրել ենք 57,6 միլիոն խմ ջուր՝ նախատեսված 75 միլիոն խմ-ից. Գնել Սանոսյան
Հայաստան
17:28, 10 ноябрь 2021
«Ջրային ոլորտն ինքը բարդ ոլորտ է, և այս 100 օրվա ընթացքում գլխավոր բարդությունն այն էր, որ օգոստոս ամսին մենք խնդիր ունեինք ջրի սակավության և Սևանա լճից լրացուցիչ ջուր վերցնելու հետ կապված։ Ստիպված եղանք նոր օրենքի նախագիծ տանել և լրացուցիչ մինչև 75 միլիոն մետր խորանարդ ջուր ուզել։ Եվ իհարկե այդ որոշումը եղավ»,- այս մասին այսօր իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նա նշեց, որ հետագայում իրենց առջև խնդիր դրեցին ամեն ինչ անել՝  75 միլիոնին չհասնելու համար, և ինչ-որ չափով դա հաջողվեց. այս ժամանակահատվածում լրացուցիչ մասնաբաժնից վերցրել են 57,6 միլիոն մետր խորանարդ, այդքանով հաջողվեց չհասցնել մինչև 75 միլիոնի։ 

Նախարարը տեղեկացրեց, որ նախատեսում են ջրամբարաշինության մեծ ծավալի աշխատանքներ, և հիմա նախապատրաստվում են մի շարք վայրերում հայտարարել  մրցույթներ, նախագծանախահաշվային աշխատանքներ, որպեսզի հաջորդ տարիներին ջրամբարաշինությամբ զբաղվեն։                

Խոսելով նաև ընդերքի ոլորտի մասին՝ Գնել Սանոսյանն ասաց, որ այս ոլորտում գլխավոր միջոցառումը, որը նախատեսված է, դա այն է, որ հայտարարվել է մրցույթ, և կազմակերպության հետ կնքել են պայմանագիր, որը հանքարդյունաբերության ոլորտում պետք է մշակի զարգացման ռազմավարությունը, ինչը շատ կարևորում են՝ հաշվի առնելով, որ մեր երկրում այդ ոլորտում խնդիրներ շատ կան, և իսկապես  ռազմավարական լուծումների կարիք կա։