Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հադրութի թեման կապված է շատ բարձր պաշտոնյաների հետ, որոնց գործողությունները կոծկելու ցանկություն չունեմ, չեմ ունեցել և չեմ էլ ունենա. Վարչապետը՝ Տիգրան Աբրահամյանին

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցն առնչվում էր անցյալ տարի այս օրերին Հադրութի 2 գյուղերում 62 անձանց գերեվարմանը:

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ հարգանքի և խոնարհումի խոսքեր հնչեցրեց այն զինվորների հասցեին, ովքեր զոհվեցին Հին Թաղերում. «9 հերոս, 9 զինվոր մինչև վերջ կանգնել են և իրենց կյանքը տվել են հանուն հայրենիքի»:

Վարչապետը հավելեց, որ այդ դրվագի հետ կապված նաև քրեական գործ է հարուցված. «Գործով անցնող առանցքային մեղադրյալներից մեկին այդպես էլ չի հաջողվել կալանավորել, որովհետև դատարանները մերժել են կալանավորելու միջնորդությունը»:

Նա ընդգծեց, որ ընդդիմությունը նախադասություններ է ձևակերպում, որպեսզի դրանց ի պատասխան ձևակերպվեն այլ նախադասություններ, որոնք կդառնան ներքաղաքական շահարկման նյութ. «Բայց այդ թեմաները պարունակում են պետական շահերին առնչվող և գաղտնիք պարունակող բազմաթիվ տեղեկություններ, որոնք պետք է լրացուցիչ քննության առարկա դառնան: Այսքանով պիտի ամփոփեմ»:

Վարչապետը հավելեց, որ այդ թեման շատ բարձր պաշտոնյաների հետ կապ ունեցող թեմա է. «Որոնց գործողությունները կոծկելու ցանկություն չունեմ, չեմ ունեցել և երբևէ չեմ էլ ունենա: Ոչինչ գաղտնի չի մնա, բոլոր հարցերը ժամանակի ընթացքում կունենան իրենց պատասխանները»: «Եթե մենք համարեինք, որ այդ իրավիճակը նոյեմբերի 9-ի հայտարարությանը համապատասխանում է, իմ նշած հերոս նահատակները այդ դիրքերում կանգնած չէին լինի»,- ընդգծեց վարչապետը: