Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հանգուցալուծումը Վարչական դատարանի տիրույթում է․ ՔՊ-ն «ոչ իրավազոր» է համարում Վարդենիսի ավագանու նիստն ու համայնքապետի ընտրությունը

Հանգուցալուծումը Վարչական դատարանի տիրույթում է․ ՔՊ-ն «ոչ իրավազոր» է համարում Վարդենիսի ավագանու նիստն ու համայնքապետի ընտրությունը
Հայաստան
13:37, 04 январь 2022
Վարդենիսում չեն կարողանում համայնքի ղեկավար ընտրել։ Դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո Վարդենիսում 51 տոկոս և ավելի քվե ոչ մի ուժի չէր հաջողվել ապահովել։ Դեկտեմբերի 30-ին ավագանու առաջին նիստում ավագանու անդամները չկարողացան համայնքի ղեկավար ընտրել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանը Civic.am-ին փոխանցեց, որ ավագանու առաջին  նիստը հետաձգվել է, կազմվել է արձանագրություն, ապա «Ահարոն  Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» դաշինքների ավագանու անդամները, ովքեր կոալիցիա էին կազմել, նոր նիստ են գումարել՝ առանց պատշաճ իրազեկման, և ընտրել են համայնքի ղեկավար։ Վահագն Հովակիմյանը նշեց նաև, որ եթե նույնիսկ համարենք, որ ավագանու առաջին նիստը օրինական է եղել, ապա երդմնակալության արարողությունը պետք է տեղի ունենար առաջին նիստին հաջորդող երրորդ օրը, և օրինակ բերեց Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությունը, որը կայացավ ընտրությունից երեք օր անց՝ ոչ աշխատանքային շաբաթ օրը։ Այսինքն՝ երդմնակալության արարողությունը պետք է տեղի ունենար հունվարի 2-ին, ոչ թե այսօր։  

Հիշեցնենք, որ Ահարոն Խաչատրյանը երդվեց այսօր՝ համայնքապետարանի շենքի առջև, քանի որ ոստիկանները չէին թողնում ավագանու անդամներին մուտք գործել համայնքապետարան։

Ոստիկանության լրատվականից Civic.am-ին հայտնեցին, որ Ոստիկանությունը իրազեկում է ստացել, որ գործը գտնվում է դատական փուլում, և ոստիկանությունը այնտեղ ծառայություն է իրականացնում։ Հարցին, թե իրազեկումը ումից են ստացել, Ոստիկանության լրատվականից հստակ չկարողացան պատասխանել՝ նշելով, որ հավանաբար քաղաքապետարանից են իրազեկել, որ գործը դատական փուլում է, Ոստիկանությունն էլ պարտավոր է հասարակական կարգ ապահովել։ Արդյոք դատարանի կողմից կա՞ հայցի ապահովման միջոց կիրառելու որոշում, ինչո՞ւ ավագանու ընտրված անդամները իրավունք չունեն մուտք գործել համայնքապետարան՝ հարցերին Ոստիկանությունից հստակ չպատասխանեցին, խորհուրդ տվեցին այդ հարցերով դիմել վարչական դատարան։ 
 
Ընդդիմությունը համարում է, որ ամեն ինչ տեղի է ունեցել օրենքներին համապատասխան, և իրենց թեկնածուն ընտրվել է համայնքի ղեկավար։ 

Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Կամո Զարոյանն էլ մակագրեց Ահարոն Խաչատրյան երդման արձանագրությունը։

Վահագն Հովակիմյանից իմացանք, որ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներն են դիմել վարչական դատարան՝ ոչ իրավազոր ճանաչելու ավագանու առաջին նիստն ու համայնքապետի ընտրությունը։ 
Տեղեկացնենք, որ վարչական դատարանը պարտավոր է առավելագույնը յոթօրյա ժամկետում որոշում կայացնել։ 

Վովա Հակոբյան