Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վճռաբեկ դատարանում Քաղաքացիական և վարչական պալատի փոխարեն կստեղծվի երկու առանձին պալատ.ԱԺ-ն քննարկեց նախագիծը

Վճռաբեկ դատարանում Քաղաքացիական և վարչական պալատի փոխարեն կստեղծվի երկու առանձին պալատ.ԱԺ-ն քննարկեց նախագիծը
Հայաստան
18:44, 17 январь 2022
Խորհրդարանն այսօրվա նիստում քննարկեց կառավարության ներկայացրած «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որն առաջարկում է Վճռաբեկ դատարանում Քաղաքացիական և վարչական պալատի փոխարեն ստեղծել երկու առանձին պալատներ:

Նախագիծն ԱԺ -ում ներկայացրեց Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը:

Թումանյանցը նշեց, որ նախագծով առաջարկվում է երկու հիմնական բարեփոխում, առաջինը՝ Վճռաբեկ դատարանում ստեղծել նոր պալատ, որի արդյունքում քաղաքացիական և վարչական միասնական պալատի փոխարեն կգործեն երկու առանձին պալատներ, իսկ երկրորդ բարեփոխումը՝ դատավորների թեկնածուների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակների համալրման նոր ճկուն մեխանիզմների ներդրումն է.

«Նկատի ունենալով, որ վարչական պալատի առանձնացումը կապահովի վարչական գործերի առավել մասնագիտացված քննություն, որպես հետևանք նաև վարչական արդարադատության իրականացման համար առավել բարձր արդյունավետություն կունենանք, առաջարկել ենք իրականացնել այս առանձնացումը և ստեղծել երկու պալատ՝ քաղաքացիական և վարչական պալատներ առանձին», - ասաց Արդարադատության փոխնախարարը։

Ըստ նախագծի՝ քաղաքացիական պալատը կգործի 7 դատավորի թվակազմով, վարչական պալատը՝ 5 դատավորի թվակազմով: