Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կուսակցության լուծարման դեպքում առաջարկվում է հնարավորություն ընձեռել դրամական միջոց չհանդիսացող գույքը փոխանցել կառավարությանը

Այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը և կից օրենքների նախագծերի փաթեթը։

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը, ներկայացնելով նախագիծը, ասաց, որ այս նախագիծը և կից ներկայացված նախագծերի փաթեթը պայմանավորված են ուղղակի պրակտիկայում առաջացած խնդիրներով։

«Օրինակ՝ «Կուսակցությունների մասին» օրենքում, ինչպես նաև մնացած օրենքներով, նույն կարգավորումներն են առկա, կուսակցության լուծարվելու դեպքում, պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, մնացած գույքը պետք է ուղղվի կուսակցության կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է պետական բյուջե: Բայց խնդիրն այն է, որ բյուջեից տրված սահմանումն այսօրվա դրությամբ այնպիսին է, որ այստեղ կարող են փոխանցվել միայն դրամական միջոցները, և ստացվում է, որ, օրինակ, կուսակցության կամ հիմնադրամի լուծարման դեպքում մնացած այլ գույքը փաստացի չի կարող փոխանցվել պետական բյուջե, քանի որ պետական բյուջեն բացառապես դրամական միջոցներից է ձևավորվում»,- ասաց Երանուհի Թումանյանցը։

Նա նշեց, որ ընդամենը դրանից ելնելով՝ նախաձեռնվել է այս փոփոխությունների փաթեթը, որպեսզի նախագծի ընդունումը հնարավորություն ընձեռի կուսակցությունների, հիմնադրամների, ՊՈԱԿ-ների, ՀԿ-ների և նաև ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների բյուրոյի լուծարման դեպքում դրամական միջոց չհանդիսացող գույքը կառավարության սեփականության իրավունքով փոխանցելու։