Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքում պատանիներն ու երիտասարդները կսովորեն ԱԹՍ պատրաստել և կառավարել

Սյունիքում պատանիներն ու երիտասարդները կսովորեն ԱԹՍ պատրաստել և կառավարել
Հայաստան / Գիտություն
22:49, 16 февраль 2022
Այսօր ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում բացվեց «Արմաթն օդում» ԱԹՍ-ների կրթական լաբորատորիան՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության եւ «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» նախաձեռնությամբ։
Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից:

«ԱՏՁ միության» գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը, «Արմաթ» կրթական ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը, «Արմաթն օդում» ԱԹՍ կրթական լաբորատորիաների ծրագրի ղեկավար Խաչատուր Թադեւոսյանը ներկայացրեցին նորաբաց լաբորատորիայի հնարավորությունները, դրանք ներդնելու նպատակները, այստեղ իրականացվելիք կրթական ծրագիրը եւ ուսում ստացողների համար հետագա մասնագիտական հնարավորությունները։ Ի դեպ, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ԱԹՍ-ների լաբորատորիա բացելուց հետո նախաձեռնողները մարզերում դրանց հիմնումն սկսել են Սյունիքից․ երեկ նման լաբորատորիա բացվել է Սիսիանում, վաղը եւս մեկը կբացվի Գորիսում։

Նման ներդրման համար նախաձեռնողներին շնորհակալություն հայտնեց, կրթական այս հնարավորության դերը կարեւորեց ու բոլորին շնորհավորեց Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը։

Արարողությանը ներկա էին մարզային ու համայնքային իշխանության ներկայացուցիչներ, բուհի ղեկավարությունը, դասախոսներ, ուսանողներ, աշակերտներ ու հյուրեր։

«Արմաթն օդում» ԱԹՍ-ների լաբորատորայում կարող են ուսանել 15 տարեկան եւ բարձր տարիքի պատանիներն ու երիտասարդները, նրանք կարող են լինել կամ չլինել «Արմաթ» լաբորատորիաների սաներ, բայց որոշակի գիտելիքների հիմք պետք է ունենան։ Դասընթացի տեւողությունն այստեղ մեկ տարի է, սաները սովորելու են պատրաստել թռչող անօդաչու սարքեր, իրականացնել դրանց տեխնիկական սպասարկումն ու կառավարել ԱԹՍ-ները։