Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք հետևողականորեն պաշտպանելու ենք Արցախի հայության բոլոր իրավունքները՝ չարհամարհելով այլ ժողովուրդների իրավունքները. Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ մարտի 24-ին, Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև մարտի 10-ին Ադրբեջանի կողմից ներկայացված 5-կետանոց առաջարկներին: «Մենք շատ արագ՝ մարտի 14-ին, գրավոր արձագանքել ենք այդ առաջարկներին և դիմել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին և խնդրել ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններ կազմակերպել»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ մեր պատասխանն այն է, որ Ադրբեջանի առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա, այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը. «ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը փոխանցած մեր պատասխանով լրացրել ենք օրակարգը և այդ հենքի վրա պատրաստ ենք խաղաղության բանակցությունների մեկնարկին: Այս դիրքորոշումից հետո Ադրբեջանը փակում է Արցախին մատակարարող գազատարը: Սա ամենամեծ ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանի նպատակը մեզ խաղաղության օրակարգից շեղելն է»:

Անդրադառնալով արմատական ընդդիմության քննադատություններին՝ վարչապետը այն առավել քան տարօրինակ անվանեց. «1999թ. նոյեմբերի 19-ին Ստամբուլի գագաթնաժողովից Երևան վերադարձած Ռոբերտ Քոչարյանը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողի հարցին ի պատասխան՝ բառացիորեն հայտարարել է. «Եթե մենք ընդհանուր խոսում ենք տարածքային ամբողջականության մասին, ապա մենք չպետք է ասենք, որ դրա դեմ ենք: Մենք էլ տարածք ունենք և կարծում ենք, որ այդ տարածքը կարիք ունի նման սկզբունք հարգելու համար»: Դրանից հետո Սերժ Սարգսյանը նույնպես երկար տարիներ բանակցել է ԼՂ կարգավորման մասին որպես սկզբունք ընդունելով այդ թվում՝ տարածքային ամբողջականության սկզբունքը: Այնպես որ, այստեղ որևէ շահարկում տեղին չէ»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ԼՂ հիմնախնդիրը չի եղել տարածքի խնդիր, այլ իրավունքի խնդիր է. «Մենք հետևողականորեն պաշտպանելու ենք Արցախի հայության բոլոր իրավունքները՝ չարհամարհելով այլ ժողովուրդների իրավունքները, որովհետև, ինչպես իրավացիորեն նշել է Սերժ Սարգսյանը իր վերջին հարցազրույցում, մենք ֆաշիստ չենք»:

Մանրամասն՝ տեսանյութում: