Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կայցելեն պատգամավորներ Իսրայելից և Սիրիայից

Հայոց ցեղասպանության հուշահամալիր կայցելեն և իրենց հարգանքի տուրքը կմատուցեն Հայաստան-Իսրայել , Հայաստան-Սիրիա խորհրդարանական բարեկամական խմբերի ներկայացուցիչներ: Այս մասին մամուլի սրահում հայտնեց Հայոց  ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Նրա խոսքով՝  այս պահի դրությամբ հայտնի է, որ հուշահամալիր կայցելեն նաև նախարար Նիդեռլանդներից և Ֆրանկոֆոնիայի միջազգային  կազմակերպության ներկայացուցիչը:

Անդրադառնալով ապրիլի 24-ին ընդառաջ անցկացվելիք միջոցառումներին` Մարությանը նշեց, որ ապրիլի 20-22-ին,  հայաստանյան իրականության մեջ  իր տեսակով առայժմ եզակի «Հայոց ցեղասպանության դասավանդման մարտահրավերները 21-րդ դարում» միջազգային գիտաժողով կանցկացվի, որի շրջանակում կներկայացվի  29 զեկույց: Զեկույցով հանդես կգան  նաև ներկայացուցիչներ Միացյալ Նահանգներից, Իսպանիայից , Կամբոջայից, Իսրայելից, Ռուանդայից և Լիբանանից:

Մարությանը նշեց, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ապրիլի 20-ին նոր ժամանակավոր ցուցահանդես է բացվելու՝ «Հայկական վարժարանների հետքերով. ուսյալ ազգի վկայագրերը» խորագրով:

«Հայ ժողովուրդը հսկայական ժառանգություն է թողել Օսմանյան կայսրությունում, Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում: Եղած  ճնշումների պայմաններում հայերը կարողանում էին կրթական գործը կազմակերպել: Ցուցահանդեսը անդրադարձ է հենց դրան»,-ասաց նա` հավելելով, որ ցուցահանդեսի հեղինակը ժամանակավոր ցուցադրությունների գծով պատասխանատու Սեդա Պարսամյանն է:
Հայոց  ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի խոսքով՝ ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, թանգարանում բացվելու է ֆրանսահայ նկարիչ Ժան Պիեր Սեֆերյանի գրաֆիկական նկարների ցուցահանդեսը: «Ապրիլի 29-ին՝ ժամը 11:00-ին էլ կբացվի «Հայկական սարսափները հոլանդացիների աչքերով» ժամանակավոր ցուցադրությունը»,-տեղեկացրեց Մարությանը: