Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննարկվում է անհետ կորածի իրավական կարգավիճակի ամրագրման հարցը․ նոր օրե՞նք, թե՞ հարակից օրենքների լրացում

Քննարկվում է անհետ կորածի իրավական կարգավիճակի ամրագրման հարցը․ նոր օրե՞նք, թե՞ հարակից օրենքների լրացում
Հայաստան / Իրավունք
17:56, 27 март 2021
Հայաստանում այսօր ամրագրված չէ անհետ կորածի իրավական սահմանումը, ինչի հետևանքով անհայտ կորածների հարազատները ստիպված են դատական կարգով հասնել հարազատի մահացածի կարգավիճակի հաստատմանը, որպեսզի հնարավորություն ունենան ստանալու պետության կողմից սահմանված սոցիալական աջակցություն եւ դառնան «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» շահատու, չնայած որ անհայտ կորածների խնդիրները չեն սահմանափակվում միայն սոցիալական աջակցության տրամադրմամբ։

Տարիներ շարունակ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն անդրադարձել է «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտությանը, սակայն այն շարունակաբար անտեսվել է պետական մարմինների կողմից։

««Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքով նախատեսվում է նախ անհայտ կորածի իրավական կարգավիճակի սահմանում, ինչպես նաև անկախ մասնագիտական կառույցի ստեղծում, որը պետք է զբաղվի անհայտ կորածի ճակատագրի և գտնվելու մասին տեղեկությունների ձեռքբերմամբ։ Օրենքի նախագիծը ենթադրում է նաև անհայտ կորածի հարազատների հանդեպ պարտավորությունների ստանձնում և անհայտ կորչելու հանգամանքների քննություն։

Պատերազմական գործողությունների ժամանակ գերիների ու անհայտ կորածների հարցով գործում են միջազգային մարդասիրական նորմերը, մասնավորապես՝ Ժնևյան չորս կոնվենցաները և երկու կից արձանագրությունները։ Համաձայն դրանց՝ հակամարտող կողմերը պետք է ստեղծեն տեղեկատվական բյուրոներ, որոնք պետք է իրենց երկրի անհայտ կորած քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվություն հավաքագրեն և փոխանակեն այն միմյանց միջև, տեղեկություններ տրամադրեն անհայտ կորածների հարազատներին։ Այս երկխոսության պահանջը բխում է պետությունների՝ իրենց քաղաքացիների հանդեպ պարտավորությունից։

15 տարուց ավել է՝ ՀՔԱՎ-ը պարբերաբար տարբեր մարմինների հետ ունեցել է օրենքի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ քննարկումներ։

Մենք մշակել ենք «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ առաջարկելով այն պետական մարմիններին՝ հաշվի առնելով հակամարտության սրման մշտական վտանգը։

Այդուհանդերձ, պետական մարմինները չեն կարևորել այդ օրենքի ընդունման նշանակությունը, կենսական անհրաժեշտությունը։
ՀՔԱՎ-ը պետական այլ կառուցների ներկայացուցիչների հետ համատեղ մշակել է նախագիծը, աշխատանքներն ավարտվել են 2011 թվականի ապրիլին, որից հետո այն պետք է քննարկվեր միջգերատեսչական հանձնաժողովում՝ ՀՀ Ազգային ժողովի օրակարգում ներառելու նպատակով:

2016 թվականի պատերազմական գործողությունների ժամանակահատվածում նորից արդիական դարձավ անհայտ կորածների խնդիրը, և հերթական անգամ արձանագրվեց, թե ինչ բացասական ազդեցություն ունի «Անհայտ կորածի մասին» օրենքի բացակայությունը, որով պետությունն օրենքի ուժով ստանձնած կլիներ Ժնևյան կոնվենացիաներով վերցրած պարտավորություններն ու կունենար դրանց իրականացման համար անհրաժեշտ իրավական մեխանիզմները»,-տեղեկացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը՝ ընդգծելով, որ դեռևս 2007 թվականին ԵԽԽՎ-ն ընդունել է անհայտ կորածների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների վերաբերյալ 1553 (2007) բանաձևը, իսկ Հայաստանը՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություն, ստանձնել է ԵԽԽՎ բանաձևերի ու հանձնարարականների իրագործման պարտավորություն։ Սակայն դա էլ անհրաժեշտ խթան չեղավ պետության կողմից անհայտ կորածների հանդեպ օրենսդրական մակարդակում իր պարտավորությունները կատարելու համար։ Տեղին է հիշեցնել, որ ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակահատվածում անհայտ կորած զինծառայողների թիվը կազմում է 213 հոգի, որոնց ճակատագրի վերաբերյալ մինչ այժմ նրանց ընտանիքները որևէ տեղեկություններ չունեն։

2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո նոր իշխանությունը ևս հետևողական չեղավ այս խնդրին։ 2020 թվականի փետրվարի 19-ին ՀՔԱՎ-ի առաջարկով Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստին հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը համապատասխան գրությամբ դիմել էր ՀՀ արդարադատության նախարարությանը՝ կրկին քննարկման օրակարգ վերադարձնելու վերոհիշյալ օրենքի նախագիծը և ընթացք տալու:
2020 թվականի մարտի 5-ին ՀՔԱՎ-ը գործընթացի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով գրությամբ դիմել էր ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, ինչին ի պատասխան՝ արդարադատության նախարարը տեղեկացրել էր, որ դիմել է ՊՆ և ԱԳՆ՝ օրենքի նախագծի կամ նման նախագիծ շրջանառության մեջ դնելու նպատակահարմարության վերաբերյալ դիրքորոշում ստանալու նպատակով։
«Պետական համակարգն, ինչպես միշտ, հետևողական չեղավ, և ՀՔԱՎ-ը նախագծի վերաբերյալ ԱՆ-ից, ՊՆ-ից և ԱԳՆ-ից դիրքորոշում է ստանում ղարաբաղյան երկրորդ պատերազից հետո, երբ ռազմական գործողությունների հետևանքով արդեն ունենք մեծ թվով անհայտ կորածներ, և նրանց հարազատներին աջակցելու ուղղությամբ պետությունը հերթական անգամ պետք է կատարի իր պարտավորությունները։

Ինչ վերաբերում է պետական համակարգի դիրքորոշմանը՝ օրենքի վերաբերյալ, ապա ներկայացնենք 2021 թվականի փետրվարի 8-ին ՀՀ ԱՆ-ից ստացված գրությունը, որի համաձայն՝
ՀՀ ՊՆ-ը համարում է, որ ներկա փուլում օրենքի ընդունումը նպատակահարմար չէ, և ներկայացված հարաբերությունները գրեթե ամբողջովին կարգավորված են ՀՀ օրենսդրությամբ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին» ՀՀ օրենքով, ՀՀ Կառավարության, ՀՀ վարչապետի որոշումներով և ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով։

ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սկզբունքային առարկություններ չունի և դրա ընդունումը համարում է նպատակահարմար՝ հաշվի առնելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի արդյունքում ձևավորված նոր իրադրությունը, ներկա մարտահրավերները, այդ թվում՝ անհայտ կորած անձանց և նրանց ազգականների իրավունքների և շահերի պաշտպանության հրամայականը։

ՀՀ ԱՆ-ը, հաշվի առնելով ՀՀ ՊՆ-ի «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման նպատակով իրավասու մարմին լինելու հանգամանքը և հիմք ընդունելով վերջինիս դիրքորոշումն առ այն, որ նախագծով ներկայացված հարաբերությունները գրեթե ամբողջովին կարգավորված են, և առանձին օրենքի ընդունումը ներկա փուլում նպատակահարմար չէ, հայտնում է իր պատրաստակամությունն իրավասու մարմնի նախաձեռնությամբ հետագայում ըստ անհրաժեշտության համապատասխան օրինագծի մշակման աշխատանքներում ներգրավվելու հարցում։
Ինչպես տեսնում ենք, այսքան տարիների ընթացքում պետական համակարգը չի տեսել և չի ընկալել «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի կենսական անհրաժեշտությունը։

«Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի ընդունումն ու կիրարկումը պետության պատասխանատու վերաբերմունքի դրսևորումն է՝ անհայտ կորածների և նրանց ընտանիքի անդամների համար իրավական պաշտպանության երաշխիքների ապահովման տեսանկյունից, մասնավորապես՝ անհայտ կորչելու հանգամանքների ուսումնասիրության տեսակետից, որը ՀՀ որևէ օրենքով կամ նորմով չի կարգավորվում։ Մյուս կողմից, պետությունը պետք է օրենքով ճանաչի պատերազմական գործողությունների ժամանակ անհայտ կորածի իրավական կարգավիճակը, և ըստ այդ կարգավիճակի՝ տա սոցիալական, հոգեբանական, ֆինանսական, կրթական և այլ իրավունքների իրականացման երաշխավորումը, և ոչ թե անհայտ կորածի հարազատին ուղղորդի դատարան՝ մահացած ճանաչելու նպատակով, և դրա հիման վրա միայն մահացած ճանաչված անհայտ կորածի հարազատներն ստանան սոցիալական աջակցություն»,-փոխանցում է ՀՔԱՎ-ը։

Արդյո՞ք այս իշխանությունը նպատակահարմար գտնում է «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրինագծի ընդունման անհրաժեշտությանը: Արդեն մեկ շաբաթ է՝ ՀՀ-ում եւ Արցախում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հանդիպում է ունենում շահագրգիռ կողմերի հետ՝ քննարկելով «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրինագծի ընդունման անհրաժեշտությունը:
Ներկայում օրենքի ընդունման անհրաժեշտության հարցը հստակեցված չէ։ Ն․Բաղդասարյանի խոսքով՝ սպասում են ՀՀ եւ Արցախի արդարադատության նախարարությունների արձագանքներին։ «Ինձ համար կարեւորը հարցի լուծումն է, թե որ օրենսգրքով եւ ինչ մոտեցմամբ կլինի, մեկ է։ ․․․Ռազմական գործողությունների հետևանքով անհայտ բացակայող ճանաչելու հարցն այժմ իրականացվում է բացառապես դատական ընթացակարգով։ Այն ենթադրում է որոշ դատական ծախսեր, այդ թվում՝ պետական տուրք։ Ես և իմ գործընկեր Արուսյակ Ջուլհակյանը որոշել էինք օրենսդրական նախաձեռնությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն իրականացնել, ինչի արդյունքում՝ վերընշված հանգամանքով անհայտ բացակայողի ճանաչման պարագայում պետական տուրքի արտոնություն կտրվեր։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, հարցի հետ կապված ներկայացրեց նախարարության դիրքորոշումը եւ նշեց, որ դիմելու են Բարձրագույն դատական խորհուրդ, որպեսզի անհայտ բացակայող ճանաչելու գործերը դատավորները լսեն սեղմ ժամկետում»,-ասում է պատգամավորը։
Անցած տարեվերջին ՀՀ քաղաքացիական օրենսգրքում որոշ փոփոխություններ ու լրացումներ կատարվեցին, կրճատվեցին քաղաքացուն անհայտ բացակայող, մահացած ճանաչելու գործող ժամկետները: «Ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանի կողմից անհայտ բացակայող ճանաչվել, եթե երեք ամսվա ընթացքում տեղեկություններ չկան զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին: Բացակայողի վերաբերյալ վերջին տեղեկությունների ստացման օրը որոշելու անհնարինության դեպքում անհայտ բացակայող ճանաչելու համար ժամկետի հաշվարկի սկիզբ է համարվում այն ամսին հաջորդող ամսվա մեկը, երբ ստացված են եղել բացակայողի վերաբերյալ վերջին տեղեկությունները, իսկ եթե հնարավոր չէ որոշել այդ ամիսը, ապա` հաջորդ տարվա հունվարի մեկը: Ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանով մահացած ճանաչվել ոչ շուտ, քան ռազմական գործողությունների ավարտից մեկ տարի հետո»։

Անհետ կորած զինծառայողների, քաղաքացիների հարազատները մտավախություն ունեն, որ եթե դատական կարգով անհայտ բացակայող ճանաչվեն, ապա պետական մակարդկով կդադարեն վերջիններիս որոնողական աշխատանքները։ Պատգամավորն արձագանքնելով այս մտահոգությանն՝ ասում է․ «Անգամ երբ դատարան են դիմում անհայտ բացակայող ճանաչելու համար, պետության պարտավորությունն այսպիսին է լինում՝ եթե ողջամիտ կասկած լինի, որ մեր քաղաքացին անհայտ կորածի կարգավիճակում գտնվում է հակառակորդ երկրում, գործընթացները շարունակաբար տարվելու են։ Պետության համար վերջնարդյունք է, երբ ստանում ենք զոհվելու ապացույց, բայց մարմին չկա։ Դա շատ ցավոտ հարց է, բայց այդ ապացույցը հարկավոր է, որեւէ փաստ, տեսանկարահանում, որ, օրինակ, ԱԹՍ-ը կետային է ընկել եւ հնարավոր չէ մարմնի որեւէ մասունք գտնել։ Քանի դեռ որեւէ ապացույց չկա, եւ նրանց գտնվելու վայրը հայտնի չէ, մեզ համար նրանք համարվում են անհայտ կորած, եւ մենք իրենց ենթադրյալ գերեվարության փաստը նույնպես փորձում ենք հաշվի առնել։ Ունեցել ենք ենթադրյալ գերեվարվածների ցանկ, որից հետո տասնյակ մարդիկ դուրս են եկել, որովհետեւ մարմինները նույնականացվել են։ Իսկ քանի դեռ մարմին չի եղել, մենք այդ մարդկանց համարել ենք ենթադրյալ գերիներ։

ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 2001-Ն որոշմամբ, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին է հատկացվել ևս 500 մլն ՀՀ դրամ՝ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած, այդ թվում գերեվարված զինծառայողների ընտանիքներին 6 ամիս շարունակ ամսական 300,000 դրամ ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով։ Կամուրջ ծրագրի ընթացքում կամ ավարտից հետո դատարանի կողմից զինծառայողի անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում օրենքով նախատեսված շահառուները Հիմնադրամից կստանան ամբողջական հատուցումներ` նվազեցնելով կամուրջ ֆինանսավորման շրջանակներում փաստացի ստացված գումարները:

Հատուցումները տրամադրվում են 2020 թվականի դեկտեմբերի 24-ի ընդունված օրենքի՝ թիվ 2180-Ն որոշմամբ՝ ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կամ ՀՀ ոստիկանության տրամադրած անվանացանկի հիման վրա։ Շահառու են հանդիսանալու անհայտ կորած զինծառայողի ծնողը և ամուսինը։

2017 թվականին ստեղծված հիմնադրամի միջոցները ձևավորվում են Հայաստանի և Արցախի Հանրապետությունների գրանցված աշխատողների ամսական աշխատավարձից՝ դրոշմանիշային վճարների տեսքով, ինչպես նաև ստացված նվիրաբերությունների շնորհիվ։

Մարտի 17-ի դրությամբ հիմնադրամն հրապարակել է 1046 անհետ կորածի անուն-ազգանուն։ նշված անձանցից մի քանի հարյուրն արդեն հուղարկավորվել են։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը մշակել է դիմումի ձևանմուշ ընտանիքում անհետ կորած անձ ունեցողների համար, որը կարող է ուղենշային լինել քաղաքացուն անհետ կորած ճանաչելուն ուղղված գործընթացը սկսելու համար։
Համաձայն օրենքի փոփոխության՝ երեք ամիս զինծառայողի մասին տեղեկություն չունենալու դեպքում կարելի է դիմել դատարան սահմանված կարգով անհետ բացակայող ճանաչելու համար։

Ձևանմուշն ունի ընդամենը ուղղորդող նշանակություն՝ յուրաքանչյուր դեպքով դիմումի ձևանմուշն օգտագործելիս պետք է անդրադառնալ և լրացնել տվյալ զինծառայողի հետ կապված փաստական տեղեկությունները։
Հիմնադրամի պոտենցիալ շահառուներին իրավական խնդիրների դեպքում անվճար աջակցություն է ցուցաբերում Հանրային պաշտպանի գրասենյակը (հեռ. +374 10 600 713)։