Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Տարիներ շարունակ քարը քարին չի դրվել, ինչքան էլ անենք, անելու բան կան»․ Մեծավանում սուբվենցիոն լայնածավալ աշխատանքներ են իրականացվում

Մեծավան խոշորացված համայնքը, որը ներառում է 3 գյուղ, այս տարի կրկին կխոշորացվի՝ միանալով Տաշիր խոշորացված համայնքին։ Նոր՝ Տաշիր համայնքը իր մեջ կներառնի 22 համայնք։ Սեպտեմբերի 25-ին էլ ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու, ընտրվելու է Տաշիր խոշորացված համայնքի նոր համայնքապետ։

Մինչ այդ, սակայն, համայնքներում սկսվել են այս տարվա սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքները։ Մեծավան խոշորացված համայնքի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Վարդանյանը Сivic.am-ի հետ զրույցում ասաց, որ սուբվենցիոն ծրագրերը, որոնք մեկնարկեցին 2016 թվականից, սակայն սկսեցին լայնորեն իրականացվել 2018 թվականից սկսած, էապես նպաստել են համայնքների զարգացմանը։ Նախորդ տարի օրինակ, Մեծավան համայնքի Միխայիլովկա գյուղում 28 մլն դրամի ջրատարի անցկացման ծրագիր է իրականացվել, նույն ծրագրով Մեծավանում ասֆալտապատման և փողոցների հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվել։ Այս պահին ավարտին են մոտենում սելաֆատարի անցկացման և զբոսայգու կառուցման  աշխատանքները։ Այսուհետ բնակիչները ազատված կլինեն իրենց տնամերձ այգիների և տների հեղհեղումներից։ Ջուրը սելֆաստարով վերևից կանցնի ու կլցվի գետը, ոչ թե մարդկանց տները։ Սալիկապատվել է մշակույթի տան հարակից զբոսայգու ճեմուղիները, անցկացվել՝ լուսավորության ցանց։ Այժմ ավարտին են մոտենում բարեկարգման աշխատանքները։
Արդեն ծրագրված է, որ այս տարի նաև համայնքի փողոցների լուսավորության ցանց է անցկացվելու, փողոցների հիմնանորոգման և տուֆապատման աշխատանքներ են իրականացվելու, կոյուղու ցանցն է ամբողջությամբ նորոգվելու, նաև սպորտդպրոցի ցանկապատման աշխատանքներն են իրականացվելու։

Համայնքների խոշորացման ծրագրի դրական կողմերին անդրադառնալով, համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարը Ձյունաշողի օրինակը բերեց։ «Համայնքում 36 մլն դրամի ջրի ցանցի անցկացման աշխատանքներ ենք իրականացրել, սակայն Ձյունաշողի բյուջեն ընդամենը 3 մլն դրամ է։ Եթե էս մի տարին Ձյունաշողը բաց մնա, չունենանք ծրագիր, որովհետև 36 մլն դրամը քիչ գումար չէ, որ նախորդ տարի էդ ջուրը այնտեղ քաշեցինք։ Խոշորացումը որ չլիներ, էդ գյուղը 10 տարի էլ, եթե գումար կուտակեր, նման աշխատանք իրականացնել չէր կարողանա», - ասաց Արման Վարդանյանը։

Միխայիլովկա գյուղի մանկապարտեզը նորոգելու համար էլ 150 մլն դրամ է հատկացվել։ Աշխատանքները երեք փուլով են իրականացվելու։ Նման մասշտաբի ծրագրեր, ըստ համայնքապետի, նախկինում երբեք չեն իրականացվել։
Արման Վարդանյանը նշեց նաև այն խնդիրները, որոնք ծառացած են համայնքի առջև և որոնք պետք է առաջիկա տարիների ընթացքում իրականացվեն․ «Հիմնական խնդիրները ճանապարհներն են, ունենք կամուրջ կառուցելու խնդիր, որ նախատեսել ենք կառուցել, լուսավորությունը, ջրի խնդիրը և այլն։ Եթե տարիներ շարունակ քարը քարին չի դրվել, ապա ինչքան էլ անենք անելու բաներ կան։ Լուրջ ծրագրեր ունենք, կանենք», - ասաց համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարը։

Համայնքում նաև նոր սպորտդպրոց է կառուցվել՝ բարերարի աջակցությամբ։ Այս պահին ավարտական աշխատանքներ են իրականացվում։ Շենքն ունենալու է բոլոր պայմանները մարզվողների սպորտային և կենցաղային կարիքները հոգալու համար։

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան