Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լաչինի միջանցքի շարունակական շրջափակումը էլ ավելի անհրաժեշտ է դարձնում ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը. վարչապետ

«2022թ. դեկտեմբերի 30-ին իմ որոշմամբ ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ: Խումբը արդեն մի քանի նիստ է արել և կայացնում է իրավիճակից բխող հումանիտար բնույթի որոշումներ ու գործունեությունը կշարունակի, որքան անհրաժեշտ է»,- այսօր՝ հունվարի 5-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կրկին վերահաստատեց ՀՀ հավատարմությունը 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի, 2021թ. նոյեմբերի 26-ի, 2022թ. հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարություններին, ինչպես նաև 2022թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հանդիպման պայմանավորվածություններին, որոնք արձանագրված են հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ: 

«Լաչինի միջանցքի շարունակական շրջափակումը էլ ավելի անհրաժեշտ է դարձնում ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը, և անհրաժեշտ է շարունակական ջանքեր գործադրել այս ուղղությամբ»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: