Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք իրենց մոտ ունենք գերիներ և լավագույն լուծումը կլինի, որ փոխանակում լինի մեր գերու կամ գերիների հետ․ Անդրանիկ Քոչարյանը՝ Սիսիանում հայտնաբերված ադրբեջանցու մասին

Նախորդ օրը գիշերը Սիսիան համայնքի Բնունիս վարչական շրջանում գյուղացիները հայտնաբերել էին ադրբեջանցի զինվորականի, որին իրավապահները ձերբակալել էին։ Հայտնի դարձավ, որ ադրբեջանցին միայնակ չի եղել։ Նրա հետ ևս մի զինվորական է եղել, որը թաքնվել է։ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ընթանում են որոնողական աշխատանքներ՝ ադրբեջանցի մյուս զինվորականին հայտնաբերելու նպատակով։

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Civic.am-ի հետ զրույցում բացառեց դիվերսիոն ներթափանցման մասին տարածվող վարկածները, նշելով․ «Եթե դիվերսիոն ներթափանցման մասին է խոսվում, ապա որտե՞ղ է դիվերսիայի միջավայրը»։

Քոչարյանը կարևորեց նաև գյուղացիների զգոնությունը, ովքեր կարողացել են մեկուսացնել ադրբեջանցուն։

Անդրադառնալով սահմանապահ համայնքների բնակիչներին զինվելու հնարավորությանը պատգամավորը նկատեց, որ ամիսներ առաջ փոփոխություններ են արվել զենք կրելու մասին օրենքում, նաև այլ օրենքներ են ընդունվել, որոնք հնարավորություն են ընձեռում լուծել այդ խնդիրը։

Անդրադառնալով ադրբեջանցիների հետ բանակցություններին՝ նշված զինվորականներին Ադրբեջանին փոխանցելու հետ կապված, Անդրանիկ Քոչարյանն ասաց․ «Ադրբեջանցիները, կարծում եմ, իրենք պետք է կապի դուրս գան մեր ուժային կառույցների հետ, որովհետև վերջին հաշվով նրանք զինվորականներ են և նայել միայն, որ մոլորվել են՝ միամտություն կլինի։ Սահման են անցել, որի հետ կապված կան իրավական խնդիրներ։ Մենք իրենց մոտ ունենք գերիներ և լավագույն լուծումը կլինի, որ փոխանակում լինի մեր գերու կամ գերիների հետ»։

Անդրադառնալով վերջերս Տեղ գյուղում ստեղծված իրավիճակին և հարցին, թե ինչու՞ հայկական կողմը ավելի շուտ չէր դիրքավորվել իր դիրքերում, իշխանական պատգամավորն ասաց․ «Այն ինչ մերն է՝ մերն է։ Կարող է խախտվեն դրանք։ Մենք դրա միջով երկար տարիներ անցել ենք։ Ե՛վ հակառակորդն է անցել, և՛ մենք ենք անցել, իրենք են խախտել, մենք ենք խախտել, բայց այն ինչ մերն է՝ մերն է։ Մերը նշանակում է՝ միջազգայնորեն ճանաչված մեր ամեն ինչին տեր ենք լինելու։ Հիմա էլ գնում են բանակցություններ», - ասաց Անդրանիկ Քոչարյանը և խորհուրդ տվեց չզբաղվել բայղուշությամբ, նաև ավելացրեց․ «կան թերացումներ և թերացողները պետք է պատժվեն»։

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան