Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք կարծում ենք, որ 1975 թվականի քարտեզը կարող է և պետք է հիմք հանդիսանա հետագա սահմանագծման աշխատանքների համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ասուլիսի ընթացքում անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև 1975 թվականի քարտեզներով սահմանի հաստատմանը և նշեց, որ դա նույն քարտեզն է, որի մասին խոսում է նաև Ռուսաստանը։ «Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը և վերահաստատում ենք այդ դիրքորոշումը՝ 1975 թվականի ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզներով արձանագրված սահմանագծից հայելային հետքաշման մասին, որը մեր կարծիքով այս իրավիճակում կնշանակի կայունության ապահովում և պիտի գոհունակությամբ արձանագրեմ, որ մենք այս խնդիրը տեսնում ենք նաև արդեն ձևակերպված միջազգային հանրության կողմից, ինչը ողջունելի է»։ 

Վարչապետն անդրադարձավ նաև Ադրբեջանի դիրքորոշմանը այս հարցում և նշեց, որ այս պահին չի կարող տեղաշարժ արձանագրել Ադրբեջանի դիրքորոշման մեջ։ 

«Ոչ մի գաղտնիք չկա, որ Ադրբեջանը շարունակում է վարել ռազմական ճնշման քաղաքականություն՝ փորձելով դրա միջոցով ավելի նպաստավոր պայմաններ ստանալ բանակցությունների ընթացքում։ Բայց միևնույն ժամանկ պետք է արձանագրեմ, որ դա միջազգայնորեն ստանձնած պարտավորության խախտում է, որովհետև 2022 թվականի հոկտեմբերի 31-ի Սոչիի հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությամբ կողմերը պայմանավորվել են խուսափել ուժի կամ ուժի սպառնալիքի գործադրումից»,-նշեց վարչապետն ու ավելացրեց, որ զորքերի հետքաշումը ինքնին չի կանխորոշում սահմանագծման աշխատանքները և դրանք առանձին գործընթացներ են։

«Մենք կարծում ենք, որ 1975 թվականի քարտեզը կարող է և պետք է հիմք հանդիսանա հետագա սահմանագծման աշխատանքների համար», - ասաց Փաշինյանը։