Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Եթե հիմա էլ վեթինգ չիրականացվեց, դատական համակարգը, որը ծառայում է նախկին քաղաքական ուժերին, առիթը կօգտագործի երկրում անկայունություն հրահրելու համար»

«Եթե հիմա էլ վեթինգ չիրականացվեց, դատական համակարգը, որը ծառայում է նախկին քաղաքական ուժերին, առիթը կօգտագործի երկրում անկայունություն հրահրելու համար»
Հայաստան
18:48, 24 июнь 2021
Եթե իշխանության մոտ առկա է քաղաքական կամք, ապա կարող են միանգամից անցնել գործի։ Իսկ համակարգային վեթինգը ենթադրում է որոշակի խիստ չափանիշների ներքո բոլոր դատավորների ստուգում։ Պետք է ստուգվեն նրա քաղաքական կապերը, կապերը քրեական աշխարհի հետ, նրանց ֆինանսական վիճակը, ՄԻԵԴ վճիռներով ոչ իրավաչափ վճիռներ կայացրած դատավորների պաշտոնազրկում։

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը խոստանում է ավելի համակարգային վեթինգ։ Նրա խոսքով այս երեք տարվա ընթացքում իրենք վեթինգ արել են այն չափով, որ չափով թույլ է տալիս Սահմանադրությունը, իսկ Քաղաքացիական պայմանագրի նախընտրական ծրագրում ավելի համակարգային վեթինգ նախատեսված է և առաջիկայում այդ աշխատանքները նոր ձևավորված կառավարությունը կկատարի։ «Դա ենթադրում է սահմանադրական փոփոխություններ, բայց միանշանակ է, որ համակարգային վեթինգ Հայաստանի Հանրապետությունում լինելու է»,- երեկ լրագրողների հետ զրույցում ասել է Ռուստամ Բադասյանը։

Իրավագետ Արտաշես Խալաթյանը ցավում է, որ բաց թողնվեց շատ կարևոր 3 տարի համակարգային վեթինգ իրականացնելու համար, բայց եթե հիմա էլ համակարգային վեթինգ չիրականացվեց, ապա կունենանք խորը քաղաքական ճգնաժամ, դատական համակարգը, որը ակնհայտորեն ծառայում է նախկին քաղաքական ուժերին, առիթը կօգտագործի երկրում անկայունություններ հրահրելու համար։

Ունենալու ենք քաղաքական և իրավական կոռուպցիայի շարունակական դրսևորումներ դատական համակարգում. «Եթե այս անգամ էլ չկատարվեցին համակարգային փոփոխություններ, ապա դա կարող է դիտարկվել ժողովրդի կողմից իշխանությանը տրված մանդատի մսխում։ Իսկ եթե ժողովուրդը կորցրեց վստահությունը իշխանության նկատմամբ, ապա դրանից չեն վարանելու օգտվել ռևանշիստական ուժերը, որոնք հենց դատական համակարգում չիրականացված բարեփոխումների հետևանքով այսօր սողոսկեցին խորհրդարան»,- ասաց Խալաթյանը՝ ընդգծելով, որ իրենք շարունակում են պնդել, որ խորը համակարգային վեթինգ իրականացնելու, դատաիրավական համակարգը մաքրելու համար բնավ սահմանադրական փոփոխություններ պետք չեն։ Եթե իշխանության մոտ առկա է քաղաքական կամք, ապա կարող են միանգամից անցնել գործի։ Իսկ համակարգային վեթինգը ենթադրում է որոշակի խիստ չափանիշների ներքո բոլոր դատավորների ստուգում։ Պետք է ստուգվեն նրա քաղաքական կապերը, կապերը քրեական աշխարհի հետ, նրանց ֆինանսական վիճակը, ՄԻԵԴ վճիռներով ոչ իրավաչափ վճիռներ կայացրած դատավորների պաշտոնազրկում։ Համակարգային վեթինգ նշանակում է նաև դատավորների նշանակման ընթացակարգերի ստուգում. «Միջազգային փորձը ցույց է տալիս, որ վեթինգի պորցեսը կարելի է սկսել արագ, բայց գործընթացը դանդաղ է։ Պետք է ընտրվի ինստիտուտը, որը պետք է վեթինգ իրականացնի, հետո օրենսդրական կարգավորումներ մտցվեն, բայց կարևորը քաղաքական կամքն է ու այդ ուղղությամբ ձեռնարկվող կոնկրետ գործողությունները։ Բայց միանշանակ է՝ դատական համակարգը պետք է մաքրվի։ Դա անխուսափելի է։ Կրկին ժամանակ, տարիներ կորցնել չեն կարող։ Եթե մի քանի տարի էլ անցնի, չենք կարող արդեն ասել, թե ինչ քաղաքական իրավիճակ կարող է լինել երկրում»,- եզրափակեց մեր զրուցակիցը։ 

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը Civic.am-ի հետ զրույցում ասաց՝ որպեսզի հասկանանք, թե ինչ է ենթադրում համակարգային վեթինգը, պետք է տեսնենք այն իրավական ակտերը, որոնք նախատեսված են նման վեթինգ իրականացնելու համար։ «Քանի չեմ տեսել դրա համար նախատեսված օրենսդրական փոփոխությունները, չեմ կարող գնահատական տալ, կամ ասել, թե ինչ է ենթադրում համակարգային վեթինգը։ Պետք է հասկանալ այն գործընթացները, ուղենիշները, թե ինչի ենք հասնելու դրա արդյունքում։

Արդյո՞ք այնպես չենք անելու, որ ունքը ուղղելու փոխարեն, աչքն էլ հանենք։ Պետք է կարողանանք այնպես անել, որ ցանկացած գործընթաց որևէ կերպ չխաթարի դատական իշխանության բնականոն գործունեությունը, բայց միևնույն ժամանակ անպայմանորեն նպաստի դրա ավելի արդյունավետ աշխատանքին։ Հետևաբար մինչև չտեսնեմ որևէ վերջնական նախագիծ, որով նախատեսնում է այդ համակարգային վեթինգը իրականացնել, չեմ կարող որևէ կարծիք արտահայտել»,- ասաց Բեքմեզյանը՝ ավելացնելով, որ անկախ ամեն ինչից ցանկացած փոփոխություն, վեթինգ կամ այլ գործիքի կիրառում չպետք է դիտարկվի վրեժխնդրություն դատավորների նկատմամբ. «Ես բացառում եմ, որ վերժխնդրություն լինի, քանի որ ԲԴԽ-ի գործառույթը հենց նման բաներ բացառել է։ Ինչ որ կատարվում է , պետք է կատարվի իրավական գործընթացների շրջանակներում։ Ես չեմ ուզում հավատալ, որ կան դատավորներ, որոնք կոնկրետ նպատակ են ունեցել գործել իշխանության դեմ, կամ իշխանության օգտին։ Ուզում եմ հավատալ նրան, որ մեր դատավորները գործել են օրենքից ելնելով։ Բայց եթե կան դատավորներ, ովքեր  թերացել են, խախտումներ են թույլ տվել, հիմա էլ կան գործիքներ նրանց նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու և գործը ԲԴԽ բերելու։ Դատական իշխանության նկատմամբ չպետք է լինի վրեժխնդրության որևէ գործընթաց, դրսևորում»,-ասաց Բեքմեզյանը՝ հավելելով, որ համակարգային վեթինգի նպատակը պետք է լինի ոչ թե կոնկրետ դատավորների պատժելը, այլ համակարգն առողջացնելը, որպեսզի թեկնածուները, նոր դատավորները հաճույքով գան ու դառնան դատավոր ու իրենց աշխատանքից հաճույք ստանան։ 

ԲԴԽ անդամի խոսքով՝ բացառված է, որ առաջիկա 4-5 տարվա մեջ կարող է հնարության վստահությունը դատական համակարգի նկատմամբ բարձրանա, քանի որ կողքից հանրային կարծիքի վրա ազդող շատ գործոններ կան։ «Ես չեմ ասում, որ մենք իդեալական դատական համակարգ ունենք։ Ես ուզում եմ, որ մեր դատարանները կայացնեն օբյեկտիվ և արդար դատական ակտեր, կոռումպացված չլինեն, չգտնվեն այս կամ այն շահերի ազդեցության տակ։ Իսկ դրա համար հարկավոր է, որ դատավորները լինեն անկախ։ Իսկ անկախության առաջին գրավականը այն է, որ դատավորը կախված չլինի տարբեր շահերից, նրանց նկատմամբ չլինեն կոմպրոմատներ, որը դատավորին կստիպի որոշում կայացնել կոմպրոմատ տիրապետողի օգտին։ Դատավորները պետք է լինեն անկաշառ, դատավորը չպետք է դատական ակտ կայացնի՝ մտածելով, թե ֆեյսբուքում իր մասին ինչ են գրում։ Դատավորները չպետք է ապրեն ֆեյսբուքում»,-ասաց Բեքմեզյանը՝ ավելացնելով, որ հենց այս ամենն է ենթադրում դատական համակարգի անկախություն, որին էլ պետք է ձգտել հասնել։

Արփի Հարությունյան