Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԼՂ կարգավիճակը պետք է որոշվի բանակցություններով. Քանի դեռ այդ կարգավիճակը որոշված չէ, ո՛չ Բաքվում Ֆրանսիայի դեսպանը, ո՛չ Երևանում Ֆրանսիայի դեսպանը չեն կարող այցելել Ղարաբաղ․ Ջոնաթան Լաքոթ. azatutyun.am

ԼՂ կարգավիճակը պետք է որոշվի բանակցություններով. Քանի դեռ այդ կարգավիճակը որոշված չէ, ո՛չ Բաքվում Ֆրանսիայի դեսպանը, ո՛չ Երևանում Ֆրանսիայի դեսպանը չեն կարող այցելել Ղարաբաղ․ Ջոնաթան Լաքոթ. azatutyun.am
Միջազգային
11:50, 23 июль 2021
Կա մի իրողություն՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի բանակցություններով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Այս մասին «Ազատության»-ը տված հարցազրույցի ժամանակ ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը։

«Քանի դեռ այդ կարգավիճակը որոշված չէ, ո՛չ Բաքվում Ֆրանսիայի դեսպանը, ո՛չ Երևանում Ֆրանսիայի դեսպանը չեն կարող այցելել Ղարաբաղ։ Բաքվում իմ գործընկերը չի այցելում Շուշի, ինչպես ես չեմ այցելում Ստեփանակերտ։ Եվ սա մի դիրքորոշում է, որը կիրառվել է Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների կողմից»,-նշել է Ջոնաթան Լաքոթը։

Վերջինս ընդգծել է, որ Ֆրանսիան կողմնակից է Ղարաբաղում միջազգային ավելի լայն ներկայության. «Այժմ միայն Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն է այնտեղ ներկա և կատարում է գերազանց աշխատանք։ Մենք կարծում ենք, որ ՄԱԿ-ի գործակալությունները նույնպես կոչված են ներկա լինելու Լեռնային Ղարաբաղում»,-նշել է Ջոնաթան Լաքոթը։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից պարբերաբար օգտագործվող «Զանգեզուրի միջանցք» տերմինին, Ջոնաթան Լաքոթը նշել է, որ պետք է բացառել այդ տերմինը։

««Միջանցքները» շատ վատ հիշողություն են թողել դիվանագիտության պատմության մեջ, ինչպես, օրինակ, Դանցիգի միջանցքը։ Մենք կարծում ենք, որ պետք է աշխատել հունվարի 11-ի եռակողմ հայտարարության հիման վրա, որը ստորագրվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև և, որը նախատեսում է տարածաշրջանի երկրների և նրանց հարևանների միջև հաղորդակցության տարածաշրջանային ուղիների վերականգնում։ Ֆրանսիան լիովին պատրաստ է աշխատել տարածաշրջանի երկրների հետ՝ տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների գործարկման ուղղությամբ»,-հավելել է Ջոնաթան Լաքոթը։