Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ արդարդատության նախարարությունը Գագիկ Խաչատրյանի Լոս Անջելեսում գտնվող առանձնատունը բռնագրավելու գործընթաց է սկսել դատարանում

ԱՄՆ արդարդատության նախարարությունը Գագիկ Խաչատրյանի Լոս Անջելեսում գտնվող առանձնատունը բռնագրավելու գործընթաց է սկսել դատարանում
Միջազգային
11:47, 06 май 2022
ԱՄՆ Դաշնային կառավարությունը դատարան հայց է ներկայացրել՝ Լոս Անջելեսի հեղինակավոր Հոլմի Հիլզ թաղամասում գտնվող և ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող մեգա առանձնատունը բռնագրավելու համար, որը, պնդման համաձայն, գնվել է կոռուպցիոն գումարներով։

Ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության հաղորդագրության՝ առանձնատունը ձեռք է բերվել Հայաստանում «կոռուպցիոն սխեմայից ձևավորված եկամուտներով»։ Ըստ հաղորդագրության՝ երկուշաբթի Կալիֆոռնիայի Կենտրոնական շրջանի դատարանում ԱՄՆ արդարադատության նախարարությունը ներկայացրել է հայց՝ հայտնելով, որ գործարար Սեդրակ Առուստամյանը, որ Գագկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ»-ի տնօրենն է, Գագիկ Խաչատրյանին և նրա ընտանիքին ավելի քան 20 միլիոն դոլար կաշառք է տվել՝ իր բիզնեսի նկատմամբ բարենպաստ հարկային արտոնյալ պայմանների դիմաց:

Գումարը վճարվել է Հայաստանի նախկին ֆինանսների նախարարին և նրա որդիներին։ ԱՄՆ Արդարադատության նախարարության բողոքի համաձայն՝ շքեղ առանձնատունը 2011 թ-ին 14.4 միլիոն դոլարով գնվել է Գագիկ Խաչատրյանի և նրա երկու որդիների անունից։

Խաչատրյանը 2008-2014 թթ եղել է ՀՀ ՊԵԿ նախագահը, իսկ 2014-2016 թթ-ին՝ ֆինանսների նախարարը։

Ըստ մեղադրանքի՝ այդ գումարի մի մասը ծախսվել է Հոլմի Հիլզի առանձնատան գնման նպատակով։ ԱՄՆ Դաշնային կառավարությունը պնդում է, որ տունը ապօրինի է գնվել օտարերկրյա պետության դեմ կատարված հանցագործությունից ստացված հասույթով, որը վերաբերում է պետական պաշտոնյայի կաշառակերությանը:

Ըստ ՀՀ ԱԱԾ-ում 2020-ին հարուցված քրգործի՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ»-ի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ավելի քան 22 միլիոն դոլար էր տվել Խաչատրյանին՝ իր առևտրային կազմակերպությունների համար խոչընդոտներ չստեղծելու համար։ Գումարը, ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության, ուղղվել էր Լոս Անջելեսում առանձնատան գնմանը։ Առանձնատունը ներկայում վաճառքի է հանված 63,5 միլիոն դոլարով։

Հաղորդագրության համաձայն՝ առանձնատան հետ կապված գործարքը հետաքննվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) Եվրասիական կազմակերպված հանցավորության դեմ պայքարի խմբի (EOCTF) և ԱՄՆ Մարշալների ծառայության կողմից: ՀՀ գլխավոր դատախազությունը և Ազգային անվտանգության ծառայությունը ցուցաբերել են առանցքային օգնություն։

Ֆրանսիական նորմանդական ոճով այդ կալվածքն ունի 11 ննջասենյակ և 26 լոգարան, ներառում է լողավազան, գինու նկուղ, տնային կինոթատրոն և սպասուհիների թաղամաս՝ ըստ անշարժ գույքի ցուցակների: