Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինի նկատմամբ արևմտյան քաղաքական գործիչների վերաբերմունքն անպատշաճ է. Էրդողան

Պուտինի նկատմամբ արևմտյան քաղաքական գործիչների վերաբերմունքն անպատշաճ է. Էրդողան
Միջազգային
13:05, 26 июль 2022
Վլադիմիր Պուտինի նկատմամբ արևմտյան քաղաքական գործիչների վերաբերմունքն անպատշաճ է: Նման կարծիք է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Նա հայտարարել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններում դրական շարժ կա։

«Իհարկե, մեր միջև կան որոշ տարաձայնություններ, բայց դրանք չեն ազդում երկկողմ գործակցության վրա: Պետք է զարգացնենք Մոսկվայի հետ հարաբերությունները՝ հաշվի առնելով փոխադարձ շահերը»,- պարզաբանել է նախագահը։

Էրդողանն անդրադարձել է նաև ուկրաինական հացահատիկի արտահանման զարգացումներին, բոլոր կողմերին կոչ է արել կատարել հացահատիկային միջանցք ստեղծելու վերաբերյալ Ստամբուլում ստորագրված պայմանավորվածությունները:
«Մեր առաջնահերթությունն է նաև հրադադարի ապահովումը և արդար ու երկարաժամկետ խաղաղության կառուցումը»,- հավելել է Էրդողանը:

Անդրադառնալով հուլիսի 20-ին Իրաքի հյուսիսում գտնվող զբոսաշրջային կենտրոնի հրթիռաակոծությանը, որի համար իրաքյան կողմը մեղադրում է Անկարային, Էրդողանը հավատացրել է՝ հարձակումն ահաբեկիչների ձեռքի գործն է։ Էրդողանի խոսքով՝ նրանց նպատակն է ապակայունացնել Թուրքիայի և Իրաքի հարաբերությունները: