Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պուտինն ինձ սպառնացել է հրթիռային հարվածով՝ մինչ Ուկրաինա ներխուժելը». Ջոնսոնը՝ BBC-ի ֆիլմում

«Պուտինն ինձ սպառնացել է հրթիռային հարվածով՝ մինչ Ուկրաինա ներխուժելը». Ջոնսոնը՝ BBC-ի ֆիլմում
Միջազգային
12:04, 30 январь 2023
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտնել է, որ մինչ Ուկրաինա ներխուժելը Վլադիմիր Պուտինը իր հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ժամանակ սպառնացել է հրթիռային հարվածով։ Այս մասին քաղաքական գործիչը ասել է «Պուտինն ընդդեմ Արևմուտքի» վավերագրական ֆիլմում, որը այսօր՝ հունվարի 30-ին, ցուցադրվելու է BBC-ով։ 

Ջոնսոնի խոսքով՝ զրույցը, որը կայացել է 2022 թվականի փետրվարին, եղել է շատ երկար ու արտասովոր։ 

«Ինչ-որ պահի նա կարծես սպառնաց ինձ և ասաց. «Բորիս, ես չեմ ուզում քեզ ցավ պատճառել, բայց հրթիռով ընդամենը մեկ րոպե կպահանջվի», կամ այդ ոգով ինչ-որ բան»,- մեջբերում է Ջոնսոնը Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսքերը։ 

Այդ մեկնաբանությունը, նշել է նախկին վարչապետը, հնչել է իր այն նախազգուշացումից հետո, որ պատերազմն Ուկրաինայում կունենա աղետալի հետևանքներ, քանի որ կհանգեցնի արևմտյան պատժամիջոցների և ՆԱՏՕ-ի ուժերի ավելացման Ռուսաստանի սահմանների մոտ:

 «Ես կարծում եմ, որ, դատելով նրա (Պուտինի) շատ հանգիստ տոնից, նրա խուսանավից, նա պարզապես խաղարկում էր իմ՝ նրան դեպի բանակցությունները մղելու փորձերը»,- ավելացրել է Ջոնսոնը: