Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը շարունակում են խուսափել դաշնագրերով նախատեսված գործողություններից

Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը շարունակում են խուսափել դաշնագրերով նախատեսված գործողություններից
Միջազգային
13:46, 18 май 2021
Մեկ շաբաթ է ադրբեջանական զինուժը երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի տարածք, սակայն Երևանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանն ու նրա առաջնորդած ռազմաքաղաքական դաշինքը՝ ՀԱՊԿ-ը շարունակում են խուսափել դաշնագրերով նախատեսված գործողություններից։

Այսօր հինգերորդ օրն է, ինչ Հայաստանի կառավարության ղեկավարի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀԱՊԿ-ին դիմելու մասին․ - «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին հանձնարարում եմ՝ միջոցներ ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդակցությունների մեկնարկի ուղղությամբ»։

Հաջորդ օրը՝ մայիսի 14-ին Փաշինյանը պաշտոնական նամակներով դիմեց դաշինքի անդամ մյուս պետությունների ղեկավարներին և ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ առաջացած սպառնալիքի վերացման նպատակով արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու համար։ Սակայն դաշինքի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը երեկ «Ազատության»-ը փոխանցեց, որ դեռևս հայտնի չէ, թե երբ են սկսվելու խորհրդատվություններն՝ առաջարկելով իր հետ կապվել այսօր կեսօրից հետո։

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանի խոսքով՝ օրեր շարունակ տևող Կրեմլի անգործությունը այլ բան, քան Ադրբեջանին աջակցող քայլ չես անվանի։ «Ինչպես է հնարավոր դարձել, որ տարածաշրջանում ռուս խաղաղապահների առկայության պարագայում հակառակորդը համարձակություն է ունեցել բավարար երեք ստորաբաժանում տեղակայելու, ըստ էության, Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Ես սա գնահատում եմ թողտվության արդյունք, եթե չասենք թողտվության, ապա որոշակի հարցերում մոտեցումների համադրման արդյունք Ռուսաստանի և Ադրբեջանի», - ասաց փորձագետը։

Ըստ Քոչինյանի՝ ակնհայտ է, որ գործ ունենք «Զանգեզուրի միջանցքի» հարցում Հայաստանի դեմ իրականացվող ռուս-թուրք-ադրբեջանական համատեղ ճնշման հետ։

«Լավրովի՝ Բաքու կատարած այցի ժամանակ Բայրամով-Լավրով հարցազրույցի ժամանակ, Բայրամովն ասաց, որ Ռուսաստանի և Ադրբեջանի մեջ կա արդեն մոտեցումների համադրություն, թե ընդհուպ մինչև որտեղով պետք է անցնի այդ միջանցքը, և Լավրովն, ըստ էության, սա չհերքեց։ Հիմա էս ամեն ինչի մեջ, երբ որ մենք տեղավորում ենք ՀԱՊԿ-ի արձագանքը, ավելի ճիշտ դրա բացակայությունը, իրերը բավականին պարզ են դառնում», - նշեց ռազմաքաղաքական հարցերով փորձագետը։

Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել է «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածի հիման վրա, որը նախատեսում է համատեղ անհապաղ խորհրդատվություններ՝ կոորդինացնելու դաշինքի անդամ-երկրների դիրքորոշումները և միջոցներ ձեռնարկելու՝ դիմող պետությանն աջակցություն ցուցաբերելու համար։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դեռ մայիսի 14-ին «Ազատության» հետ զրույցում մանրամասնեց, թե դիմումից հետո ՀԱՊԿ-ում ինչ ընթացակարգ է նախատեսված․ - «Պարտադիրը դա մեկ օրվա ընթացքում մշտական խորհրդի նիստն է և երեք օրվա ընթացքում անվտանգության խորհրդի քարտուղարների, պաշտպանության նախարարների և արտգործնախարարների խորհրդակցությունն է սկսվում»։

ՀԱՊԿ-ին դիմելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից անցել է հինգ օր, սակայն դաշինքի անդամ-երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների և պաշտպանության ու արտաքին գործերի նախարարների խորհրդակցության մասին տեղեկություն չկա։

Ռուսաստանի հետ Հայաստանը կապված է նաև «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին», ինչպես նաև՝ «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» դեռ 1997-ին ստորագրված պայամանագրերով։

Հայ-ռուսական փոխադարձ օգնության պայմանագրի 2-րդ հոդվածը նախատեսում է անհապաղ խորհրդատվություններ, երբ կողմերից մեկի նկատմամբ առաջացել է ռազմական ներխուժման սպառնալիք, իսկ 3-րդ հոդվածը ասում է՝ «Կողմերը համատեղ կձեռնարկեն իրենց հասանելի բոլոր միջոցները՝ վերացնելու խաղաղության նկատմամբ առաջացած սպառնալիքը, խաղաղության խախտումը, և հակազդելու՝ որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից իրենց դեմ ուղղված ագրեսիայի ակտերին, և միմյանց կցուցաբերեն անհրաժեշտ աջակցություն՝ ներառյալ ռազմական»։

2010-ին թարմացված ռուսաստանյան ռազմակայանի մասին պայմանագրի 3-րդ հոդվածում նշված է՝ «Ռուսաստանյան ռազմակայանը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայման ընթացքում, Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթից բացի, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը»։

Անցած տարվա հոկտեմբերի 7-ին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրապարակավ վերահաստատեց Ռուսաստանի պարտավորությունն աջակցել Հայաստանին, եթե այն ենթարկվի ռազմական հարձակման։

Արեգ Քոչինյանի կարծիքով՝ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի փաստացի անգործությունը բավարար հիմք է Հայաստանի համար՝ ռազմական օգնության խնդրանքով դիմելու արևմտյան տերություններին՝ հիշեցնելով, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ռազմական աջակցություն է խոստացել Հայաստանին։

«Դա մեր ձեռքերը բավականին ազատում է, որպեսզի հենց, այո, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ձևաչափով մենք կարողանանք դիմել՝ այլ աջակցություն ստանալու համար, և այստեղ, ըստ իս, շատ կարևոր է նշել, որ իրավիճակը կայունացնող և այս իրավիճակում Ադրբեջանին զսպող ազդեցություն ունեցավ մասնավորապես Ֆրանսիայի նախագահի ելույթը, Միացյալ Նահանգների պետքարտուղարի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի հեռախոսազրույցը, որտեղ բավականին հասցեական գնահատականներ տրվեցին Ադրբեջանի գործունեությանը», - ասաց փորձագետը։