Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետք է ՀՀ-ից դուրս հանել ռուսական ռազմական ներկայությունը, չեզոքացնել Մոսկվայից եկող սպառնալիքները․ այլ ելք չունենք

«2020թ.-ի լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ Իրանը խոչընդոտներ էր ստեղծել զենքի ներմուծման համար, բայց հիմա, ինչքան տեղյակ եմ, խնդիրներ չկան, սակայն Իրանը մեծ պետություն է, որտեղ կան ուժային տարբեր հարաբերություններ վերնախավում, ու կարող են այդպիսի խնդիրներ առաջանալ և ունենալ օդային ռազմավարական կապ Հնդկաստանի հետ. ՀՀ-ի համար դա կարևոր քայլ է, ու պետք է ողջունել նման մոտեցումը»: Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը՝ անդրադառնալով Հնդկաստանի կողմից ռազմավարական կարևորության արտահանումների համար դեպի Հայաստան օդային միջանցքի ստեղծմանը։

Արզումանյանը նշեց, որ Հայաստանը լինելով անկախ երկիր՝ հայ ժողովրդին չպետք է մտահոգի, թե ինչ է մտածում Ռուսաստանը. «Հույս ունեմ, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները կվերածվեն ռազմական դաշինքի։ Մեզ պետք է քիչ հետաքրքրեն ՌԴ-ի կարծիքն ու սպառնալիքները, ուղղակի, որպես երկիր, պարտավոր ենք մտածել՝ ինչպես չեզոքացնել այդ սպառնալիքները, որոնք լինելու են, իհարկե»։ 

Ըստ փորձագետի՝ պետք է դուրս բերել ՌԴ-ի ռազմական ներկայությունը ՀՀ-ից, ուրիշ ելք չունենք, ու պատրաստ լինենք սպառնալիքների ու գործողությունների. «Պետք է պատրաստ լինել, որ Մոսկվան ռազմականացնելու է իր բոլոր կապերը ՀՀ-ի հետ, այն բոլոր հնարավորությունները, որ ՌԴ-ն ունի, կօգտագործի որպես զենք, որպեսզի չթողնի ՀՀ-ին դուրս գալ իր հետ ռազմական կապերից, որովհետև ՀՀ-ն վերջին պլացդարմն է, որտեղ ՌԴ-ն ունի ռազմական ներկայություն։ Հայկական կողմը պետք է պատրաստ լինի սպառնալիքներին ու գործողություններին»: