Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե ՆԱՏՕ-ն չզսպի Ադրբեջանի վերջնագրային քաղաքականությունը, ինքը ևս խնդիրներ կունենա Հրվ. Կովկասում և Հայաստանում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը տարածաշրջանային այցով ժամանել է Հարավային Կովկաս։ Նա երեկ հանդիպումներ ունեցավ Ադրբեջանի նախագահի, արտգործնախարարի և պաշտպանության նախարարի հետ։ Այսօր Ստոլտենբերգը գնացել է Թբիլիսի, որտեղ հանդիպել է Վրաստանի վարչապետին և նախագահին, ինչպես նաև արտգործնախարարին, իսկ վաղը կժամանի Հայաստան՝ հանդիպելու Հայաստանի վարչապետի, նախագահի և արտգործնախարարի հետ։

Ի՞նչ նպատակ է հետապնդում այս այցը, և ի՞նչ ուղերձներ է իր հետ բերել Ստոլտենբերգը։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ այս այցը նշանակում է, որ ՆԱՏՕ-ն լուրջ մտահոգություններ ունի տարածաշրջանում անվտանգային հարցերի վերաբերյալ։

«Ադրբեջանը վերջնագիր է ներկայացրել նախկինում ադրբեջանաբնակ 4 գյուղերի վերադարձի պահանջով, ինչը նշանակում է, որ տարածաշրջանը 10 րոպե պակաս է մեծ պատերազմից, եթե այդ խնդիրները չլուծվեն»,- ասաց Սաֆարյանը։
Փորձագետը հիշեցրեց, որ տարածքային խնդիրները երկու կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև լուծված չեն։ Երկու կողմերն էլ իրարից տարածքային պահանջներ ունեն՝ հանձինս ադրբեջանական 4 գյուղերի և հայկական 31 գյուղերի ու անկլավների։ Այս իրավիճակը, ըստ Սաֆարյանի, պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծել։  

«Ես չգիտեմ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Բաքվում ինչ է խոսել, ինչ հետաքրքրություններ ունի: Մի բան ակնհայտ է, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդիրներ չեն առաջադրել, և լավագույն դեպքում ՆԱՏՕ-Հայաստան, ՆԱՏՕ-Ադրբեջան կտրվածքով Ստոլտենբերգը կարող է քննարկել երկկողմ ծրագրերի իրականացման խնդիրներ։ Բայց դրանից անդին ինչ կարող է անել ՆԱՏՕ-ն, ինչ ուղերձ կարող է տանել Բաքու և Երևան՝ կոնկրետ կանխելու համար այս զարգացումները, որտեղ Հայաստանն, ըստ էության, առանց դաշնակցի է, որովհետև մեր դաշնակիցն արդեն ապացուցել է, որ շահագրգիռ է Հայաստան-Ադրբեջան  սահմանային խնդիրների ստեղծմամբ և պահպանմամբ, ես բացարձակապես չեմ կարող ինձ թույլ տալ կանխատեսել, թե ինչ է կատարվում»,- ասաց Սաֆարյանն ու հիշեցրեց, որ ՆԱՏՕ-ն բազմաթիվ գագաթնաժողովներում և փաստաթղթերով ճանաչել է Հարավային Կովկասի երեք հանրապետությունների տարածքային ամբողջականությունները, և այդ համատեքստում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պարտավոր է Ադրբեջանին փոխանցել միակողմանի զիջումների պարտադրանքի, պրովոկացիոն հայտարարություններ անելու կամ գործողությունների դիմելու անթույլատրելիությունը։ 

Սաֆարյանի կարծիքով՝ որքան էլ ՆԱՏՕ-ն ու Արևմուտքը կողմ չեն տարածաշրջանում նոր պատերազմին, այնուամենայնիվ արվող քայլերը բավարար չեն։

«Մի բան ակնհայտ է՝ եթե ՆԱՏՕ-ն չստանձնի Ադրբեջանին զսպելու կամ Ադրբեջանի պրովոկացիոն հռետորաբանությունը և վերջնագրային քաղաքականությունը կամ անգամ լոկալ օպերացիաների գնալու հեռանկարները չճնշվեն, ապա, թերևս, ՆԱՏՕ-ն ինքն էլ է խնդիրներ ունենալու Հարավային Կովկասում և Հայաստանում, որտեղ վերջին շրջանում եվրոպական, դեմոկրատական նկրտումները ակտիվացել են, և եթե ՆԱՏՕ-ն այդ խնդիրները չկարողանա լուծել, դա ստվեր է գցելու իր հեղինակության վրա»։

Սաֆարյանը հիշեցրեց, թե հետո ինչ է լինում, երբ Հայաստանին պարտադրվում են միակողմանի զիջումներ, և այս ամենը Արևմուտքում տեսել են։ «ՆԱՏՕ-ում պետք է լավ իմանան, որ գոյություն ունեն ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող տարածքներ։ Եթե ՆԱՏՕ-ն կարողանա Ալիևին համոզել դուրս գալ այդ տարածքներից՝ կհասկանամ  Հայաստանին ներկայացվող պահանջը՝ դուրս գալ ադրբեջանական 4 գյուղերի տարածքից, բայց եթե ընդամենը, այս ամբողջում պետք է աչք փակվի ադրբեջանական օկուպացիայի վրա, ու դրանից  անդին դեռևս Հայաստանից բաներ պահանջվեն, ապա Հայաստանի համար այդպիսի գործընկերությունը՝ անգամ մեծ ցանկության դեպքում, չես կարող փոխշահավետ գնահատել»։ 

Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ հանդիպումը, Սաֆարյանի կարծիքով, կարող է պայմանավորված լինել հանգամանքով, որ ՆԱՏՕ-ի գնահատմամբ՝ Ադրբեջանն է, որ կարող է ռազմական գործողությունների դիմել, և այդպիսով ՆԱՏՕ-ն որոշել է ուղերձներ հղել բոլոր այն ինստիտուտներին, որոնք ներգրավված են լինելու այդ ամենում։  

Խոսելով ՆԱՏՕ-ի դիրքավորման մասին՝ Սաֆարյանն ասաց, որ Տավուշի հարցում անտեսել Ալիևի  ներկայացրած վերջնագիրն ու դա համարել նորմալ՝ նշանակում է տեղ թողնել Ադրբեջանի համար, որպեսզի նա հետագայում  նորանոր այսպիսի վերջնագրեր ներկայացնի, օրինակ՝ անկլավների մասով, Սյունիքով անցնող էքստերիտորիալ միջանցքի մասով և այլն։ 

«Այս զարգացումները պետք է կանխվեն։ Որովհետև եթե չի կանխվում Ադրբեջանի նման գործելակերպը՝ մենք երաշխիք չունենք, որ այն նորանոր շարունակություններ չի ունենա Տավուշի այդ սահմանակից 4 գյուղերի պատմությունից հետո... եթե Ալիևը չի ճանաչում Խորհրդային Ադրբեջանի սահմանը, որտեղի՞ց գիտի, թե այդ 4 գյուղերը ո՞ւմ կազմում են։ Այս հարցերը պետք է հասցեագրել նաև ՆԱՏՕ-ին»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը։

Ըստ Սաֆարյանի՝ անկախ քաղաքական սիմպատիաներից, եթե այդ սիմպատիաները չեն լուծում Հայաստանի տարածքային ամբողջականության, միջազգային անվտանգության խնդիրները, ապա դա չի կարող արդարացում լինել, և Հայաստանը ոչ մի կերպ չի շահում, եթե այս մեծ խաղում մենք պետք է մանրադրամ լինենք մի օր՝ ռուսական, մի օր՝ արևմտյան քաղաքականության համար։
 
Մանրամասն՝ տեսանյութում
 
Վովա Հակոբյան