Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսական 5-րդ շարասյունը և «6-րդ պալատը» ՌԴ «շիզոֆաշիզմ» ֆիլիալն են Հայաստանում․ Մեհրաբյան

«Սա շատ ուշացած այց էր, հատկապես, որ մեր տարածաշրջանը թիրախավորված է ՌԴ-ի կողմից։ Ուկրաինայից հետո մեր տարածաշրջանը հաջորդ թեկնածուն է կայսերական կլանման ուղղված քայլերի համար ու տրամաբանական էր, որ այցելություն պետք է լինի տարածաշրջանի երեք երկրներ»: Այս մասին նշում է «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը` անդրադառնալով ՆԱՏՕ-ի ղեկավարի այցին Հրվ․ Կովկաս։

Ըստ Մեհրաբյանի` արևմուտքը մեզ համար ավելին է, քան միայն անվտանգության երաշխիք․ «Արևմուտքը նաև զարգացում է, ժողովրդավարություն է, ազատություն է, իսկ այդ ամենին սպառնում է Ռուսաստանը»։

Մեհրաբյանը նշում է, որ ռուսական 5–րդ շարասյունը և «6-րդ պալատը» ՌԴ շիզոֆաշիզմի ֆիլիալն են Հայաստանում․ «Հարցումները ցույց են տալիս, որ նրանք չունեն քաղաքական հենարան, նրանք նույն քաղաքական բանկրոտներն են, ինչպես նրանց հոգևոր հայրիկ Ռուսաստանը մեր երկրում»։

Ինչ վերաբերում է Տավուշի 4 գյուղերը Ադրբեջանին վերադարձնելուն, Մեհրաբյանը ասաց․ «Եթե մենք խնդիր ունենք Ադրբեջանի հետ հասնել խաղաղության, ապա պարզ է դառնում մի բան, որ այն տարածքները, որոնք մերն են ու Ադրբեջանի հսկողության տակ են և այն տարածքները, որոնք Ադրբեջանինն է և գտնվում է Հայաստանի հսկողության տակ, ապա պետք է վերադարձվեն։ Բայց այստեղ հարց է առաջանում, թե Ադրբեջանը ճանաչո՞ւմ է 1991թ սահմանը։ Որ ճանաչեր կգար Գրանադայում կստորագրեր։ Եթե այդ փոխանցումը կատարվելու է փոխանակման տրամաբանության մեջ, ապա հասկանալի է, բայց ով է տեսել, Ադրբեջանի կողմից տրամադրվածություն ինչ-որ բան զիջել Հայաստանին։ Ես չեմ տեսել։ Հետևաբար բանակցային գործընթացները պետք է լինեն այնպես, որ ամեն ինչ լինի փոխադարձաբար։ Սա նշանակում է, որ երկկողմ ձևաչափը իրեն չի արդարացնում և Ադրբեջանը, որ պնդում էր երկկողմ հենց սրա համար էր պնդում։ Ու ռուսներն էլ խրախուսում էին Ադրբեջանին հենց սրա համար։ Այն ինչ որ Մուստաֆաևի գրասենյակը 7 ռաունդ հանդիպումից հետո բարձրաձայնեց, դա Մուստաֆաևը չէր, դա Ալիևն էլ չէր, դա ռուսներն էին։ Ալիևը այս դեպքում ուղղակի բեղերով Մաշա Զախարովա է ու 4 գյուղերի հետ կապված հենց ՌԴ-ի պլանն է ցանկանում իրագործել»։

Մեհրաբյանը նշում է, որ հայ-ադրբեջանական սահմաներից պետք է հանել ռուսական զորքերը․ «Հայ-ադրբեջանական սահմանին ինչո՞ւ են վերընկած ռուսական գեստապոյի ներկայացուցիչները։ Կառավարության այն որոշումները, ըստ որի, նրանք այնտեղ վերընկած են, պետք է չեղարկվի։ Նրանք գործում են հօգուտ Ադրբեջանի և ռուս-ադրբեջական պայմանագիր կա դրա հետ կապված 2022թ կնքված, կոչվում է հետախուզական տվյալների փոխանակման ու հետախուզության ոլորտում համագործակցության համաձայնագիր։ Դա նշանակում է, որ ռուսական ներկայությունը ՀՀ-ում հենց Ադրբեջանական ներկայություն է ՀՀ-ում»։
 
Մանրամասները՝ տեսանյութում։
Դավիթ Լևոնյան