Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՅԴ-ում ու «Սասնա ծռեր»-ում կան թևեր, որոնք ունեն ակնհայտ ահաբեկչական հակվածություն

Մարտի 22-ին Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլլ»-ում տեղի ունեցավ ահաբեկչություն, զոհվեցին մարդիկ։ Երկու օր անց՝ մարտի 24-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի Նոր Նորքի  բաժին ներխուժեցին 3 անձ, որոնք սպառնալիքներ են հնչեցրել և նռնակ պայթեցրել։ Ներխուժած անձանցից երկուսը Ոստիկանության բաժնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ստացած բեկորային վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություն։ Մյուսը ԱԱԾ ծառայողների կողմից վնասազերծվել է: Այնուհետև նախաձեռնվել է քրեական վարույթ ահաբեկչության հատկանիշներով։ 

Civic.am-ի հետ զրույցում խոսելով այն մասին, թե որքանով են այս երկու դեպքերը փոխկապակցված, իրավագետ Արտաշես Խալաթյանն ասաց, որ ուղիղ կապ չկա, բայց ընդհանուր առմամբ թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում կա որոշակի վախի մթնոլորտի ձևավորման շարժառիթ՝ անկախ նրանից, թե իրականում ինչ մանրամասներ ի հայտ կգան այս երկու ահաբեկչական ակտերի վերաբերյալ։ 

«Փաստ է, որ նպատակը բոլոր դեպքերում եղել է հասարակության ահաբեկումը։ Ռուսաստանի պարագայում մի քանի սցենար կարող է լինել։ Առաջինը, որ հենց ռուսական իշխանություններն են այս կամ այն չափով առնչակից այս հանցագործությանը, նպատակը ընդհանուր թշնամու կերպարի բյուրեղացումն է և ներքին ավելի լայնամասշտաբ մոբիլիզացիայի գնալը։ Մյուս տարբերակը՝ թուրք-ադրբեջանական   հետքը, որը միտված է, ինչպես պատմության ընթացքում բազմիցս է եղել, Ռուսաստանին մեջքից հարվածելուն, ինչը Թուրքիան մշտապես է արել ռուս-թուրքական հարաբերությունների թե մերձեցման և թե սառեցման փուլերում, քանի որ Թուրքիայի համար Ռուսաստանը միշտ ընդամենը եղել է սիտուատիվ դաշնակից»,- ասաց իրավագետը։

Իսկ մեր պարագայում, ըստ իրավագետի, ժողովրդի շրջանում վախի և անհուսության մթնոլորտի սերմանումն է, ինչը նպատակ ունի կոտրել ժողովրդի հնարավոր դիմադրությունը պատերազմի բռնկման պարագայում, որի հավանականությունը, կարելի է ասել, 50/50 է այս հեղհեղուկ իրավիճակում։ 

«Ժամանակային առումով չեմ ասում, այլ զուտ որպես այս հակամարտության հետագա փուլ, և այդ առումով իհարկե Հայաստանի նկատմամբ, մեղմ ասած, ոչ բարեկամական տրամադրված ներքին և արտաքին  ուժերը կարող էին սրանով փորձել ներքին քաոսածին մթնոլորտ ստեղծել, հարվածել իշխանության լեգիտիմությանը, ցույց տալ իշխանությունների անուժ լինելը։ Ընդ որում, այդ մասին սողացող որոշակի քարոզչություն կա։ Այսինքն՝ դրանով նաև փորձում են հակադրել բռնապետությունը և ժողովրդավարությունը»,- ասաց Արտաշես Խալաթյանը։

Իշխանական պատգամավորների՝ Գագիկ Մելքոնյանի տան տարածքում, Գուրգեն Արսենյանի կուսակցության շենքի մոտ, ՔՊ-ի Արաբկիրի գրասենյակի մոտ բոլոր պայթուցիկ տեղադրողները հայտնաբերվել են և կալանավորվել, որոնց մեջ եղել է նաև ՀՅԴ-ական։ Իսկ ոստիկանության Նոր Նորքի բաժանմունք ներխուժած մարդիկ եղել են «Սասնա ծռեր» խմբի՝ ներկայիս ԱԺԲ անդամներ։ 
Այս առնչությամբ մեր զրուցակիցն ասաց, որ մեր իրավակարգի պահպանմամբ զբաղվող մարմիններին փոքր-ինչ պակասում է խնդիրների վերաբերյալ ռազմավարական մոտեցումը և նաև իրավիճակի քաղաքական վերլուծությունը։ Իրավագետի խոսքով՝ ակնհայտ է, որ օպերատիվ հետախուզական գործունեությամբ զբաղվող մեր մարմինները պետք է հստակ նախապատմություն իմանան Հայաստանում գործող որոշ քաղաքական կամ պսևդոքաղաքական սուբյեկտների նախընթաց գործունեության և ընդհանրապես իրենց գործունեության նախապատմության վերաբերյալ։ 

«Նույն Դաշնակցության պարագայում մենք ունենք «31-ի գործ», «Դրոյի գործ», ունենք «Հոկտեմբերի 27», որտեղ խմբի անդամների մեծ մասը նախկին դաշնակցականներ էին, մենք ունենք այս վերջին միջադեպը։ Ունենք նախկին դաշնակցականների մի հոծ զանգվածից կազմված «Սասնա ծռեր» խմբավորումը, և այստեղ չշաղկապել այս երկուսն իրար հետ և չկազմել մի ընդհանուր առմամբ օպերատիվ պլան՝ նրանց ուղիղ հսկողության տակ պահելու, այլ միայն արձագանքել հնարավոր ահաբեկչական ակտերին և գալ արդեն հանցագործություն կատարած անձանց վնասազերծել, սա նշանակում է ոչ պատշաճ վարքագիծ՝ իրավակարգը պահպանելու ուղղությամբ։ Որովհետև ակնհայտ է, որ այդ կազմավորումները, ես իհարկե բոլորի մասին չեմ ասում, բայց այդ միջուկը, որն ուղղորդում է «Սասնա ծռերին» և Դաշնակցությանը, այո՛, պետք է գտնվի օպերատիվ հսկողության տակ, որովհետև ակնհայտ է, որ այդ խմբավորումներում կան թևեր, որոնք ունեն ակնհայտ ահաբեկչական հակվածություն՝ ահաբեկչություն կատարելուն պատրաստ և քաղաքական հարցերը ահաբեկչական ճանապարհով լուծելուն պատրաստ»,-  հավելեց իրավագետը։ 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան