Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ-ից եկող մի քանի սպառնալիքներ կան, ամենալուրջը ներքին ուժայինն է՝ նոր «Հոկտեմբերի 27»

Արևմուտքի աջակցության վերաբերյալ պետք չէ ուռճացված սպասելիքներ ունենալ, նաև պետք չէ այն սպասելիքները, որ մենք ունեինք Ռուսաստանից՝ մեծ եղբայր, փրկիչ, դաշնակից, անվտանգության երաշխավոր և այլն, որը սուտ էր ու այդպիսի բան երբեք չի եղել, հիմա ունենալ Արևմուտքից։ Այս մասին Civic.am-ի եթերում ասաց քաղաքագետ Միքայել Զոլյանը։ 

Արևմուտքի աջակցությունը, ըստ քաղաքագետի, կայանում է նրանում, որ նա օգնում է մեզ ազատվել Ռուսաստանի գերիշխանությունից և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ գտնել կոնֆլիկտի լուծման հնարավորություններ։ Միաժամանակ՝ Արևմուտքի աջակցությունը անվերապահ չէ։

«Նրանք մեզ հարցնում են՝ Սյունիքի ճանապարհը ձեր սուվերեն ճանապա՞րհն է։ Շատ լավ, մենք ձեզ աջակցում ենք։ Այս գյուղերը ձեր միջազգային ճանաչված սահմաններո՞ւմ են։ Եթե ոչ, ուրեմն տվեք։ Այսինքն՝ այս աջակցությունը ենթադրում է որոշակի կանոններով խաղ»,- ասաց Զոլյանը։

Ինչո՞ւ այդ դեպքում Ադրբեջանը ևս չի գործում այդ կանոնների շրջանակներում։ Ըստ Զոլյանի՝ Ադրբեջանը ևս փորձում է ներկայացնել, որ այդ կանոններով է խաղում, այն, ինչ նա անում է, ըստ քաղաքագետի, փորձում է տեղավորել միջազգային իրավունքի շրջանակներում։ Քաղաքագետը օրինակ է բերում «միջանցքի» մասին խոսույթի նահանջը։ 

Բացի դրանից՝ գոյություն ունի ուժային շատ լուրջ դիսբալանս։

Զոլյանի կարծիքով՝ վերջին տասնամյակների ընթացքում՝ գուցե նույնիսկ 200 տարվա ընթացքում, Հայաստանի կառավարությունը առաջին անգամ իրական քայլեր է իրականացնում ռուսական գաղութային կախվածությունից ազատվելու համար։
Մեծ հետաքրքրություն կա Եվրոպայում Հայաստանի հանդեպ՝ կարծում է Միքայել Զոլյանը։ 

Ռուսաստանի հնարավոր հակազդեցությանը, եկող սպառնալիքներին անդրադառնալով՝ Միքայել Զոլյանը կարծում է, որ պետք չէ չափազանց շատ վախենալ։

«Ամենալուրջ սպառնալիքը ներքին անկայունություն հրահրելու ու գուցե նաև ուժային լուծման գնալու սպառնալիքն է։ Հոկտեմբերի 27-ի օրինակը մենք պետք է հիշենք»,- ասաց Զոլյանը։

Ըստ քաղաքագետի՝ կա նաև տնտեսական գործիքը, բայց եթե Ռուսաստանը դրանք կիրառի, ինքը ևս խնդիրներ կունենա։ Սրանով Ռուսաստանը վերջնականապես կկտրի Հայաստանի կապը Ռուսաստանի հետ։ «Արդյունքում՝ Հայաստանին պատժելով կստացվի, որ Հայաստանին հեռացնում է իրենից։ Ռուսաստանն այս քայլին, կարծում եմ, չի գնա։ Բայց եթե գնա, ապա, այո՛, մենք ժամանակավոր խնդիրներ կունենանք, բայց այդ ամենը կարող է ծառայել Ռուսաստանից կախվածության թուլացման նպատակին»։
 

Մանրամասն՝ տեսանյութում
 
Վովա Հակոբյան