Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Եթե պարզվի, որ ՀԱՊԿ-ը հնարավորություն չի տալիս մեր անվտանգությունն ապահովել, ուրեմն ՀԱՊԿ-ից պետք է հրաժարվել»․ Միքայել Նահապետյան․ Ուղիղ

Civic.am-ի հյուրը «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանն է։

Անդրադառնալով ԱԳ նախարար Արա Այվազյանի հրաժարականին և վերջինիս հայտարարությանը, Նահապետյանը նշեց, որ պատճառների մասին ենթադրություններ չի ուզում անել, սակայն խնդիրն այն է, որ Հայաստանի քաղաքացիների շուրջ կատարվում են իրադարձություններ, որոնք նրանց լարվածության և վախերի մեջ են պահում և որոնց վերաբերյալ քաղաքացիները չունեն օբյեկտիվ, համակողմանի տեղեկություն։ «Տպավորություն է, որ կառավարող ուժը՝ վարչապետի գլխավորությամբ և ռազմական ղեկավարությունը Պաշտպանության նախարարի գլխավորությամբ, իրենք են վարում արտաքին քաղաքական բանակցությունները, մասնավորապես Սյունիքի շուրջ ստեղծված իրավիճակի մասով և դելիմիտացիա, դեմարկացիա անելու մասով, և Արտաքին գործերի նախարարությունը դուրս է մնացել այս գործընթացից», - նշեց Նահապետյանը։

Ըստ Նահապետյանի, ատելության ճամբարներ են ձևավորվել և ընտրություններից հետո, այդ ճամբարներից որևէ մեկի հաղթանակի դեպքում Հայաստանը մղելու է խորը, ներքաղաքական ճգնաժամի փուլ։ «Մենք երկար ժամանակ չենք ունենալու հանրային համերաշխություն։ Մենք քաղաքացիներին առաջարկում ենք ԱԺ-ում ունենալ զսպող ուժ, բուֆեր, որը առճակատվող բևեռներին կստիպի Հայաստանի վերակառուցման ծրագրի վրա աշխատել, կստիպի մեղմել քաղաքական լարվածությունը։ Սա է մեր քաղաքական առաջարկը մեր քաղաքացիներին», - ասաց Միքայել Նահապետյանը։

Անդրադառնալով անվտանգային համակարգերին Նահապետյանն ասաց․ «ՀԱՊԿ-ի հետ պետք է խոսել և այդ մարդկանց շիտակ ներկայացնել, որ մենք ունենք անվտանգության խնդիր։ Մենք այդ անվտանգության խնդիրը փորձել ենք ապահովել ինքներս, պարզվել է, որ Սովետական բանակի մոդելը լավը չէ, պարզվել է, որ Ռուսաստանի դաշնակիցը լինելը մեզ չի ապահովել էն քանակի և որակի զինատեսակներով, որ մենք այդ հարցը լուծեինք։ Եթե պարզվի, որ ՀԱՊԿ-ը հնարավորություն չի տալիս մեր անվտանգությունն ապահովել, ուրեմն ՀԱՊԿ-ից պետք է հրաժարվել, բայց դա խոսակցության ամենավերջին կետն է»։

Խոսելով քարոզարշավից, Նահապետյանը նշեց, որ իրենք օրենքի խախտումներով քարոզարշավ չեն սկսել։ «Վիճակահանության սկզբունքը խախտելով չենք գնացել տարբեր տեղերում բիլբորդներ կպցրել ու հետո հորինել, թե դա մեր կուսակցության 16 ամյակի միջոցառման համար էր, հաշվետվության համար էր, բայց մարզային հանդիպումներ անում ենք։ Կա մեծ հնարավորություն լավ արդյունքներ գրանցելու», - ասաց Միքայել Նահապետյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան