Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում պետք է վերականգնվի պատասխանատվության ինստիտուտը, հանցագործի տեղը բանտն է․ lragir.am

Հայաստանում պետք է վերականգնվի պատասխանատվության ինստիտուտը, հանցագործի տեղը բանտն է․ lragir.am
Հարցազրույց
15:14, 25 июнь 2021
Lragir.am-ի զրուցակիցն է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանը

-Պարոն Նորիկյան, Նիկոլ Փաշինյանը հանդիպում է քաղաքական ուժերի հետ, այդ թվում՝ ձեզ հետ հանդիպեց։ Փաշինյանը խոսեց համերաշխության մթնոլորտի մասին, այս պայմաններում դա հնարավո՞ր է։

-Հանդիպման հրավեր է եղել, մասնակցել ենք։ Քննարկել ենք մինչընտրական, ընտրական և հետընտրական իրավիճակը Հայաստանում։ Կոնկրետ որևէ պորտֆելային քննարկում տեղի չի ունեցել։ Եվ ինձ համար անհասկանալի են քաղաքական շրջանակներում այս հանդիպման բովանդակության վերաբերյալ քննարկումները։ Մեկ անգամ ևս համոզվեցի, որ մեր քաղաքական դաշտում տիրող տրամադրությունները, որոշ շրջանակների էժանագին շահարկումներն ուղղակիորեն ծիծաղ են առաջացնում։ Ընդհանուր առմամբ քննարկել ենք ստեղծված իրավիճակը, տեսնենք, թե առաջիկայում ինչ զարգացումներ ու քննարկումներ տեղի կունենան։

-Այն խորհրդարանը, որը ձևավորվում է ընտրությունների արդյունքում, արտահայտո՞ւմ է հասարակության իրական ընտրությունը։

-Այս ընտրությունների արդյունքում ըստ էության սրբագրվեց 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների հանրային տրամադրությունն ամբողջությամբ։ Ընտրությունների արդյունքում երկու խոշոր խմբակցություններ դուրս մնացին խորհրդարանից, խոսքը «Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստանի» մասին է, որոնք շոշափելի ներկայություն ունեին նախորդ խորհրդարանում։ Սա նշանակում է, որ մենք ընդհանուր առմամբ գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ քաղաքական քարտեզն արմատապես վերափոխվում է։

Խորհրդարան եկան այնպիսի քաղաքական ուժեր, որոնց ներկայացուցիչներից շատերը խորհրդարան մտնելու փոխարեն պետք է բանտում հայտնված լինեին։ Սա խոսում է մեկ այլ հակասության պարադոքսի մասին։ Մենք դեռևս ժամանակ կունենանք արձանագրելու, թե այդ ինչ հանգամանքների զուգորդման հետևանքով էր, որ ընդամենը 3 տարի առաջ մերժված և քաղաքական դաշտից հեռացված քաղաքական ուժը, համակարգի ճարտարապետներն ուղղակի այսքան վստահություն ստացան հասարակության կողմից և պառլամետում ապահովեցին խորհրդարանական ընդդիմության կարգավիճակի տեղը։ Սա խորքային ուսումնասիրությունների կարիք ունի։ Մի բան ակնհայտ է, որ որակապես նոր Ազգային ժողով է ձևավորվել։ Եվ միայն այն, որ հետընտրական որևէ զարգացում չի գեներացվում, լռությունը հնարավոր է որոշ շրջանակների կողմից դիտարկվում է որպես այս խորհրդարանի արդյունքների ընդունում։

Մենք ինքներս շատ համեստ ձայն ենք ստացել այս ընտրություններում։ Ես համարում եմ, որ սա մեր քաղաքական գործունեությունը վերաիմաստավորելու, քաղաքական դաշտում խաղի կանոններին ավելի մոտիկից ծանոթանալու և մարդկային հարաբերությունների բնույթն ընկալելու լուրջ փորձություն էր։ Սա մեզ համար սկիզբ է, ամեն ինչ դեռ նոր է սկսվելու։ Մենք դիտակում ենք, որ սա առաջիկա տարիներին կուսակցաշինությամբ զբաղվելու և քաղաքական դաշտում առավելություն ձեռք բերելու հնարավորություն է։ Առաջիկա ժամականահատվածը մենք օգտագործելու ենք որպես համակարգային խնդիրները վեր հանելու ու ներկայացնելու ժամանակահատված։

-Մի քանի ուժեր, առաջին հերթին «Հայաստան» դաշինքը հայտարարել են, որ ընտրությունների արդյունքները վիճարկելու են Սահմանադրական դատարանում։ Նրանք խոսում են իշխանության կողմից վարչական ռեսուրս կիրառելու մասին։ Ի՞նչ կարող է փոխել ՍԴ դիմելը։

Շատ լավ, յուրաքանչյուրի իրավունքն է օրենքով չարգելված միջոցներով դիմել իրավունքի խախտման հարցով։ Թող ներկայացնեն, մենք կտեսնենք, թե դիմումի առարկան որն է հանդիսանում։ Ես լինելով իրավաբան՝ ծանոթ եմ Ընտրական օրենսգրքի դրույթներին, որոնք հստակ տալիս են այն ընթացակարգերը, թե ինչպիսի հանգամանքների առկայության դեպքում կարող են ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչվել։ Կհետևենք իրադարձությունների զարգացմանը, իրենց իրավունքն է դիմել ՍԴ։

-Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում օրենքի ու իրավունքի դիկտատուրա է հաստատվում։ Ի՞նչ է սա ենթադրում և ինչո՞ւ մինչ այժմ չկար։

Ես միշտ ասել եմ՝ դեմ եմ եղել թավիշային ընկալումներով պետությունը ղեկավարելուն։ Ես ինքս էլ համարում եմ, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ իշխանության գալուց հետո ոչ թե պետք է առաջնորդվի իր պատկերացումներով, այլ ՀՀ-ում պետական իշխանությունը պետք է բացառապես առաջնորդվի օրենքով և Սահմանադրությամբ ու օրենքներով իրեն տրված իրավասությունների ծավալով։ Կապրենք ու կտեսնենք, թե ինչ կփոխվի։ Ես կարող եմ ասել, որ վերջին երեք տարիներին բազմիցս հրապարակայնորեն ցույց եմ տվել, որ հանցագործները վխտում են ազատության մեջ, չի աշխատում պատասխանատվության ինստիտուտը։ Իշխանությունն այսպիսի արձանագրումներով ըստ էության ընդունում է, որ մենք ճիշտ էինք և հիմա խոստովանում է, որ եկել է օրենքի դիկտատուրա հաստատելու ժամանակը։ Ուրեմն կհամբերենք, կտեսնենք։

Մենք բոլոր դեպքերում շատ մանրակրկիտ մոնիթորինգի տակ ենք պահելու իշխանության գործելաոճը։ Եթե տեսանելի արդյունքներ կլինեն իրենց աշխատանքում, կերևան, եթե չեն լինի, մենք մեր հետևությունները կանենք։ Մի բան ակնհայտ է, որ Հայաստանում պետք է վերականգնվի պատասխանատվության ինստիտուտը, հանցագործի տեղը բանտն է։ Եվ հանցագործների հետ խոսելու մի լեզու ես գիտեմ՝ դա օրենքի լեզուն է։ Եվ դատական համակարգի բարեփոխումները պետք է իսկապես տեսանելի ու շոշափելի, չափելի լինեն հանրության համար։