Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանցիներն օրերս 3 վրան են ավելացրել Կութի հատվածում, բայց կրակոցներ չկան․ Կութի համայնքապետ

Ադրբեջանցիներն օրերս 3 վրան են ավելացրել Կութի հատվածում, բայց կրակոցներ չկան․ Կութի համայնքապետ
Հասարակություն
17:24, 19 июль 2021
«Ադրբեջանցիները 3 վրան են ավելացրել Կութ համայնքի «Երեք քար» կոչվող տարածքում։ Գյուղացիներն էլ բարձրանում են արոտավայր ու ձեռքով քաղում խոտը։ Մեխանիզատորը վախենում է տեխնիկայով բարձրանա այնտեղ։»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց Կութ բնակավայրի ղեկավար Սիմա Չիտչյանն ու նշեց, որ վրաններն առաջին անգամ տեսել է 2 օր առաջ»։ 

Կութի համայնքապետը վստահ է, որ Պաշտպանության նախարարությունը տեղյակ է ադրբեջանցիների կողմից վրաններ ավելացնելու փաստին՝ ասում է մեր զինվորներն այնտեղ կանգնած են, տեսնում են, որ վրաններ են ավելացել, ո՞նց կարող է տեղյակ չպահեն ՊՆ-ին։  
Սիմա Չիտչյանից հետաքրքրվեցինք՝ վրանների ավելացումը նաև ագրեսիայո՞վ է պայմանավորված՝ սակայն նա ընդգծեց, որ կրակոցների ձայն չեն լսվում և գյուղում հանգիստ է․ «Մի անգամ երեկոյան ժամի կրակոց լսեցինք, կարծես օդ կրակեցին, բայց չիմացանք, որ կողմից է»։

Ադրբեջանցիները որոշ ժամանակ առաջ կրակելով ձիու վրա գտնվող հովվի ուղղությամբ՝ 80 գլուխ անասուն էին գողացել Կութից, հենց այն հատվածից, որտեղ իրենք առաջացել են։ Կութ բնակավայրի ղեկավարը նշեց, որ մինչ օրս չեն վերադարձրել անասուններին․ «Այդ անասունների մեջ մեր կովերն էլ էին, 7 կով վարկով էինք վերցրել, հիմա բանկից շաբաթը երկու անգամ զանգում են՝ ասում են վարկը ուշացնում եք, դատարան կտանք։ Այն ժամանակ կաթ էինք հանձնում վարկը փակում, հիմա չենք կարող վճարել, մեր ապրանքը տարել են։ Այլ ընտանիք էլ կար, որ վարկով կով էր վերցրել»։

Սիմա Չիտչյանը անդրադառնալով ադրբեջանցիների ստեղծած խնդիրներին՝ նշեց, որ նրանց առաջանալու պատճառով անասունները սոված են մնում, որովհետև գյուղացիները հենց այդ արոտավայրերն էին օգտագործում անասուններին կերակրելու համար․ «Անասնակերի խնդիր կա, հիմա որտեղ ադրբեջանցիները կանգնած են՝ դա մեր տարածքն էր, անասուններն այնտեղ էին արածում։ Գողացված կովերի հորթերն առանց կաթ են մնացել։ Մարզպետն ասեց, եթե չկարողանանք անասուններին հետ բերենք՝ կառավարության կողմից փոխհատուցում կտանք, հիմա նստած սպասում ենք։ Մարզպետը 50․000 դրամ գումար տվեց ամեն ընտանիքի՝ ասեց հորթերի կաթն առեք մինչև տեսնենք ինչ է լինում, իսկ հորթերը օրական 4 լիտր կաթ են խմում։ Եղած կովերն էլ չոր խոտի վրա ցամաքած կերթան կգան»։ 

Սիմա Չիտչյանը նաև հավելեց, որ Կութի բնակիչների մեծ մասը փախստական են՝ 1989թ․ Ադրբեջանից տեղահանվել են և հաստատվել Կութում։ 

Նարա Մարտիրոսյան