Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մտահոգում է ծայրահեղ ծանր զինվորի վիճակը, նա վիրահատվել է․ Սահակ Օհանյանը՝ սահմանային միջադեպի ժամանակ կորած, ապա վիրավոր գտնված ժամկետայինի մասին․ Տեսանյութ

ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը «Զինուժ»-ի հետ զրույցում նշեց, որ վիրավորում ստացած զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, 2 վիրավորի վիճակը բավարար է, մեկինը՝ միջին ծանրության։ «Մեկ վիրավոր առավոտյան 10:30-ին արդեն տեղափոխվել է Կենտրոնական հոսպիտալ, ներկա պահին ընթանում է վիրահատություն, 2 վիրավոր գտնվում են Կենտրոնական հոսպիտալ տեղափոխման ճանապարհին, մեկ վիրավոր իր բուժումը շարունակելու է կայազորային հոսպիտալում՝ նրա տեղափոխման խնդիր չկա»,- ասաց Օհանյանը։

Նա նշեց, որ մտահոգիչ է ժամկետային զինծառայող Վաչագան Արտուշի Մարտիրոսյանի վիճակը, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Վաչագանը 2 անգամ է վիրավորում ստացել։ «Առաջին վիրավորումը ստացել է ազդրի շրջանից, երկրորդ վիրավորումը՝ դեմքի և պարանոցի հատվածում, որը ստացել է հակառակորդի  կողմից կիրառված ականանետի պայթյունի արդյունքում։ Կայազորի հիվանդանոցում առաջին անհրաժեշտության վիրաբուժական օգնություն է ցուցաբերվել, վիճակը կայունացել է և ռեանիմացիոն մեքենայով տեղափոխվել Երևան»,- տեղեկացրեց Սահակ Օհանյանը։