Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գագիկ Ծառուկյանին և նրան փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ՀՀ դատախազության հայցադիմումը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան

Գագիկ Ծառուկյանին և նրան փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ՀՀ դատախազության հայցադիմումը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան
Հասարակություն
20:00, 16 ноябрь 2023
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության  առաջնորդ, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանի և նրան փոխկապակցված ևս 11 անձանց՝  ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ՀՀ դատախազության հայցադիմումը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ datalex.am կայքից։  
 
Հայցադիմումը դատարանն  ստացել է հոկտեմբերի 9-ին, գործով դատավորը Լիլի  Դրմեյանն է։

Նշենք, որ որպես պատասխանող են հանդես գալիս Գ․ Ծառուկյանը, նրա կինը՝ Ջավահիր Ծառուկյանը, որդիները՝ 
Նվեր և Հովհաաննես  Ծառուկյանները, հայրը՝ Կոլիկ Ծառուկյանը, մայրը՝  Ռոզա Ծառուկյանը, ինչպես նաև՝ Արփի Ավետիսյանը, Ռոբերտ Մկրտչյանը, Տիգրան  Մանուկյանը, Արմինե  Մանուկյանը, Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը,  նրա կինը՝ Վարդիթեր Խաչատրյանը։  

Առայժմ հանտնի չէ, թե թվով քանի գույքի բռնագանձման մասով է դատախազության հայցադիմումը։

Հիշեցնենք, որ օգոստոսին վերջին ՀՀ դատախազությունը դիմել էր Հակակոռուպցիոն դատարան, որպեսզի Գագիկ Ծառուկյանին ու նրա ընտանիքի անդամներին արգելվի մի շարք շարժական ու անշարժ գույքերի, առևտրային ընկերություններում ունեցած բաժնեմասերի և բաժնետոմսերի տնօրինման հետ կապված որևէ գործողություն կատարել:  Իրավաբանական որոշ անձանց արգելվեց  անշարժ և շարժական գույքերի օտարման հետ կապված գործողությունների կատարումը: 
 
Նշենք, որ Ծառուկյանը  2021-ին ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ, որպես պատգամավորի թեկնածու, ԿԸՀ ներկայացրած իր հայտարարագրում պատկառելի ունեցվածք է հայտարարագրել։ Մասնավորապես՝ համատեղ սեփականության իրավունքով 25 անշարժ գույք, որոնցից 1-ը Երևանում գտնվող բնակարան է, 24-ը Կոտայքի մարզում է՝ 14 հողամաս, 5 առանձնատուն, 2 հասարակական նշանակության շինություն, 2 հողին ամրակայված այլ անշարժ գույք և 1 դեռևս պետական գրանցում չստացած շինություն։ Ծառուկյանը հայտարարագրել է նաև համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող 17 ավտոմեքենա՝ 2 հատ «Toyota Land Cruiser 4.0», 2 հատ «Nissan Patrol Safari 4.8», «Toyota Land Cruiser 4.5 TD», «Toyota, Land Cruiser Prado V6 4.0», «BMW X5 4.4», «BMW X5 M 4.4», «BMW X6 Xdrive 35i 3.0», «Jeep Wrangler 4.0», «Toyota Tundra 5.7», «Rolls-Royce Coupe Phantom 6.7», «Range Rover Sport 4.4», «Mercedes Benz G63 AMG», «Rolls-Royce Silver Spure 6.7», «Bentlet Bentayga» և «Rolls-Royce Culinan 6.7» մակնիշների: 
 
ԲՀԿ առաջնորդը հայտարարագրել է նաև մեծ թվով թանկարժեք գույք. 10 հատ նախասրահի կահույք ընդհանուր 1 մլն 711 հազար եվրո արժողությամբ, 15 հատ ննջարանի կահույք՝ ընդհանուր 1 մլն 997 հազար 130 եվրո արժողությամբ, ճաշասենյակի կահույք՝ 42 հազար 800 եվրո, փայտյա կահույք 118 հազար 485 եվրո, 2 հատ մեծ ճաշասենյակի կահույք ընդհանուր՝ 595 հազար եվրո արժողությամբ, միջին ճաշասենյակի կահույք՝ 150 հազար եվրո, խոհանոցի կահույք 110 հազար եվրո, ջահեր 20 հատ՝ 1 մլն 587 հազար 300 եվրո, վարագույր 251 հազար 799 եվրո, 3 հատ ոսկե ժամացույց՝ ընդհանուր 500 հազար դոլար արժեքով, ոսկե շղթա՝ 100 հազար դոլար, ադամանդե քարերով ձեռքի ժամացույց՝ 300 հազար դոլար, 2 հատ ոսկե շղթայով և ադամանդե քարերով ձեռքի ժամացույց ընդհանուր 1 մլն դոլար արժեքով, 3 հատ ոսկե մատանի ադամանդե քարերով ընդհանուր 4 մլն 700 հազար դոլար արժեքով: 
Գագիկ Ծառուկյանը բաժնեմաս և բաժնետոմս ունի  54 ընկերությունում։ Մասնավորապես՝  «Ալլեր Աքվա էյ էմ» ՍՊԸ՝ բաժնետոմս 20 տոկոս, «Ռանեբ» ՍՊԸ՝ բաժնեմաս 99 տոկոս, «Արբեն» ՍՊԸ՝ բաժնեմաս 99 տոկոս, «Գլոբալ Մոթորս» ՓԲԸ՝ բաժնետոմս 100 տոկոս, «Կլեոպատրա» ՍՊԸ՝ բաժնեմաս 50 տոկոս, «Մուլտի Ֆարմ» ՍՊԸ՝ բաժնեմաս 50 տոկոս, «Մուլտի Ակվամարին» ՍՊԸ՝ բաժնեմաս 50 տոկոս, «Շուստով» առևտրի տուն ՓԲԸ՝ բաժնետոմս 50 տոկոս, «Արսիլիցիում» ՍՊԸ բաժնեմաս 85 տոկոս, «Մուլտի Մոթորս» ՍՊԸ՝ բաժնեմաս 100 տոկոս, «Բելլեզզա» ՍՊԸ՝ բաժնեմաս 100 տոկոս, «Օնիրա Քլաբ» ՍՊԸ՝ բաժնեմաս 49 տոկոս, «Պրեվելոն Քոնսալթինգ Լիմիթեդ» ՍՊԸ՝ բաժնեմաս 33 տոկոս, «Եուրոմոթորս» ՓԲԸ բաժնետոմս 50 տոկոս, «Մուլտի Արմս» ՍՊԸ բաժնեմաս 20 տոկոս, «Մխչյան Ֆիշֆուդ» ՍՊԸ բաժնեմաս 67 տոկոս, «Արմօյլ» ՓԲԸ՝ բաժնետոմս 50 տոկոս,«Չերամիզիա Ինթերնեշնլ» ՍՊԸ՝ բաժնեմաս 50 տոկոս, «Ժ ինվեստ» ՍՊԸ՝ բաժնեմաս 60 տոկոս, «Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատ» ԲԲԸ՝ բաժնետոմս 99 տոկոս, «Մուլտիգրուպ Թրեյս» ՍՊԸ՝ բաժնեմաս 60 տոկոս, «Ավիա-Սերվիս» ՀՁՓԲԸ՝ բաժնետոմս 100 տոկոս:
 
 Հ․Մ․