Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ագրեսիայից մեկ տարի անց էլ ադրբեջանական իշխանությունները շարունակում են էթնիկ զտման քաղաքականությունը․ ԱՀ ՄԻՊ

Ագրեսիայից մեկ տարի անց էլ ադրբեջանական իշխանությունները շարունակում են էթնիկ զտման քաղաքականությունը․ ԱՀ ՄԻՊ
Հասարակություն
17:22, 27 сентябрь 2021
ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

2020 թվականի սեպտեմբերի 27-ին, խախտելով ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու միջազգային իրավունքի հիմնարար դրույթները, Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ և միջազգային վարձկանների ներգրավմամբ ռազմական ագրեսիա է սանձազերծել Արցախի խաղաղ բնակչության դեմ։

Պատերազմի հենց սկզբից և ամբողջ ընթացքում ադրբեջանա-թուրքական ուժերը դիտավորյալ և ոչ խտրական հարվածների տակ են պահել Արցախի գրեթե բոլոր խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտն ու բոլոր խիտ բնակեցված համայնքները։ Արգելված զինատեսակների կիրառմամբ ադրբեջանական կողմը թիրախավորել է քաղաքացիական ենթակառուցվածքներն ու միջազգային իրավունքով հատուկ պահպանության ներքո գտնվող օբյեկտները՝ դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, շտապ օգնության մեքենաներ և այլ հումանիտար նշանակության օբյեկտներ։

44 օրվա ընթացքում Ադրբեջանի գործողությունները հանգեցրել են միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների զանգվածային խախտումների՝ ուղեկցվելով լայնածավալ ռազմական հանցագործություններով, որոնք Արցախի մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած փաստահավաք աշխատանքների արդյունքում ամփոփվել են հրապարակված 10-յակից ավելի զեկույցներում ու ներկայացվել միջազգային համապատասխան կառույցներին։

Ադրբեջանական կողմի հանցավոր գործողություններին զոհ են գնացել 80 քաղաքացիական անձինք, որոնցին 42-ը հեռահար հարվածներից, 38-ը՝ ադրբեջանական գերության մեջ։ Քաղաքացիական 163 անձինք ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։ Մոտ 20 քաղաքացիական անձանց ճակատագիրը դեռևս մնում է անհայտ։

Անտեսելով միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները՝ ադրբեջանական կողմը առանձնակի դաժանությամբ անարգել, կտտանքների է ենթարկել և խոշտանգել հայ ռազմագերիներին և քաղաքացիական գերեվարված անձանց, ինչպես նաև զոհված հայ զինծառայողների մարմինները։ Այսօր էլ շարունակում է միտումնավոր թաքցնել հայ ռազմագերիների իրական թիվն ու շինծու դատավարություններ իրականացնել գերության մեջ գտնվող հայ զինծառայողների նկատմամբ։

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախի 40 000 բնակիչներ զրկվել են իրենց տներից և ունեցվածքից, և թեև իրականացվող ծրագրերին՝ շարունակում են ամեն օր առերեսվել իրենց իրավունքների խախտումների՝ լիարժեքորեն չարժանանալով միջազգային հանրության և հումանիտար կազմակերպությունների ուշադրությանը։

Հայերի նկատմամբ ատելության խոսքի և անհանդուրժողականության քարոզը, որ 30 տարի շարունակ համակարգված կերպով իրականացվում էր ադրեջանական իշխանությունների կողմից, առավել մեծ ծավալներով դրսևորվել է 44-օրյա պատերազմի ընթացքում՝ արտահայտվելով ադրբեջանական իշխանությունների, հանրային, մշակութային գործիչների և հանրության տարբեր ներկայացուցիչների խոսքում և կոչերում։

Ագրեսիայից մեկ տարի անց էլ ադրբեջանական իշխանությունները շարունակում են էթնիկ զտման քաղաքականությունը՝ Արցախում ապրող մարդկանց շրջանում վախի և ահաբեկման մթնոլորտ ձևավորելու, նրանց բնականոն կյանքը խաթարելու և տարբեր հումանիտար հարցերում խոչընդոտներ հարուցելու ճանապարհով։

Նույն քաղաքականության բաղադրիչ է Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանությունը, որը միտված է ոչնչացնելու հայկական հոգևոր մշակութային ժառանգությունը և խեղաթյուրելու դրանց պատմական պատկանելիությունը։

Ցավալիորեն պետք է արձանագրենք, որ թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ դրանից հետո Արցախի ժողովրդի իրավունքների զանգվածային խախտումների վերաբերյալ մեր բազմաթիվ ահազանգերը չեն արժանացել միջազգային հանրության հստակ գնահատականին, և պատերազմից մեկ տարի անց էլ իրագործած ռազմական հանցագործությունների համար Ադրբեջանը չի ենթարկվել պատասխանատվության։

Չնայած այս ամենին՝ Արցախի ժողովուրդը հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության կարևորագույն առաքելությանը և վճռական պաշտպանելու իր իրավունքը՝ ազատ, անվտանգ և արժանապատիվ ապրելու սեփական հայրենիքում։