Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Միայն խաղաղություն ասելով խաղաղություն չեն հաստատում. Մեզ պետք է անկեղծ խոսակցություն բոլոր խնդիրների մասին, որ մենք ունենք». Էդգար Խաչատրյան

«Միայն խաղաղություն ասելով խաղաղություն չեն հաստատում. Մեզ պետք է անկեղծ խոսակցություն բոլոր խնդիրների մասին, որ մենք ունենք». Էդգար Խաչատրյան
Հասարակություն
16:22, 07 октябрь 2021
Մենք պետք է որպես պետություն հասկանանք՝ ի՞նչ ենք ուզում: Եթե այն տրամաբանությամբ առաջնորդվենք, որ նստենք, սպասենք, թե այս գերտերությունն ինչ է անում, և նրա նպատակները որոնք են, մյուսինը որոնք են, ու սկսենք հարմարվել նրանց, դա վտանգավոր մոտեցում է, և ինձ մոտ տպավորություն կա, որ մենք այդ հոսանքին ենք տրվել: Այս մասին այսօր «Մեդիա» կենտրոնում տեղի ունեցած «Հայաստանին ուղղված անվտանգային մարտահրավերներ. պատրա՞ստ ենք համարժեք արձագանքել» թեմայով քննարկման ժամանակ նշեց բանախոս՝ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ Էդգար Խաչատրյանը:

Անդրադառնալով Իրան-Ադրբեջան ահագնացող հակամարտությանը՝ նա նշեց, որ մի քիչ մանկամիտ մոտեցում է նստել սպասելը նրանց հարաբերությունների վատացմանը ու ենթադրել, որ դրանք կարող են լավ ազդել Հայաստանի վրա. «Կարևոր է, որ մեր պետությունն ինքն ունենա պրակտիկ մոտեցում, թե ինչպես ենք պատկերացնում մեր հարևանների հետ հարաբերությունների զարգացումը և մեր դերը դրանում»:

Նա նշեց, որ ծանոթ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության դարաշրջանի բացման» տեսլականին և տրամաբանորեն կիսում է այդ մոտեցումը: Ըստ նրա՝ դա լրջագույն աշխատանք, պրակտիկ գործողություններ է ակնկալում՝ հակամարտության բոլոր կողմերից:

«Միայն խաղաղություն ասելով խաղաղություն չեն հաստատում: Դա իրոք ենթադրում է պրակտիկ գործողություններ՝ բոլոր կողմերից. խաղաղությանն աջակցող ինստիտուտների ձևավորում, հասարակության հետ լրջագույն աշխատանք: 44-օրյա պատերազմից հետո կոնկրետ գործողություններ են պետք առկա իրավիճակի հետ հաշտվելու առումով, հետո հասարակությանը պատրաստելու խաղաղությանը, հետո հստակ դիվանագիտական բոլոր հնարավոր մեխանիզմներն օգտագործելով՝ փորձելու հասնել այդ խաղաղությանը»,- նշեց պարոն Խաչատրյանը:

Նա նույնպես կիսում է այն մտքերը, որ պետք է դիվանագիտությունը չշփոթել հայրենասիրության հետ և տանել այն սթափ հաշվարկներով: «Մենք՝ որպես պետություն, պետք է փորձենք ինքներս հասկանալ՝ մեզ հետ ի՞նչ կատարվեց, ո՞րն էր կատարվածի պատճառը, և մենք ի՞նչ ուղղությամբ ենք շարժվում»:

Խաչատրյանի խոսքով՝ մենք այսօր չունենք ազգային անվտանգության ռազմավարություն: Անդրադառնալով մինչև պատերազմը վարչապետի կողմից ներկայացված՝ մինչև 2050 թվականն իրականացվելիք տեսլականին՝ նա նշեց, որ դա այն տեսլականը չէ, որ մեզ անհրաժեշտ է, և այն պետք է վերանայել:
 
«Ես այդ ռազմավարության մշակման աշխատանքներում ներգրավված եմ եղել և բավականին քննադատաբար եմ մոտեցել դրան: Այն իրականում  շատ դեկլարատիվ փաստաթուղթ է այն մասին, թե ինչպես է Հայաստանը դառնում տարածաշրջանում խաղաղություն տարածողն ու բոլորին հաշտեցնողը: Միգուցե շատ գեղեցիկ է հնչում, բայց որպես «կենաց»: Մեզ պետք է շատ պրակտիկ փաստաթուղթ: Մեզ պետք է անկեղծ խոսակցություն այն բոլոր խնդիրների մասին, որ մենք ունենք»,- նշեց պարոն Խաչատրյանը: