Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հունվարի 1-ից ո՞վ է ստուգելու տնտեսվարողներին. Արթուր Ասոյանը պարզաբանում է

Հունվարի 1-ից ո՞վ է ստուգելու տնտեսվարողներին. Արթուր Ասոյանը պարզաբանում է
Հասարակություն
12:10, 01 декабрь 2021
Կարգավորումները մշակման փուլում են, երբ վերջնական տեսքի կբերվեն, այդ ժամանակ հստակ կլինի, թե ու՞մ ի՞նչ վերահսկողական գործառույթներ են բաժին հասնելու։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը՝ պատասխանելով հարցին, թե հունվարի 1-ից ո՞վ է ստուգելու տնտեսվարողներին։

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից սննդի, ժամանցային և մշակութային վայրեր մուտքը հնարավոր կլինի միայն պատվաստվածների համար կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքի դեպքում։

Հարցին՝ ռեսուրսները բավարա՞ր են, որ նման լայնամասշտաբ ստուգումներ իրականացնեն, Արթուր Ասոյանն ասաց, որ ռեսուրսների խնդիրը միշտ էլ առկա է, բայց այնպես չէ, որ ամբողջ գործառույթը վերապահված է միայն տեսչական մարմիններին։ Նրա խոսքով՝ մեծ գործառույթներ ունի նաև ոստիկանությունը։

«Նույնիսկ տոտալ վերահսկողության պայմաններում, որն իմ գնահատականով չի կարելի իրականացնել, հնարավոր չէ ապահովել անվտանգության այն ցանկալի մակարդակը, որն ընկալում ենք։ Այստեղ կա անձնական պատասխանատվության հարց։ Անկախ սահմանված կանոնների նորմերի բարդությունից ցանկացած քաղաքացի նախ ինքը պետք է հետևի այդ կանոնների պահպանմանը»,-նշեց Արթուր Ասոյանը։

Դիտարկմանը, որ խորհրդարանում իշխանական պատգամավորներն անգամ նիստերի ժամանակ դիմակներ չեն դնում, Արթուր Ասոյանը կարծում է, որ ոստիկանությունը հետևողական է և այդ հարցերին արձագանքում է։