Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հետպատերազմյան թիթեռները՝ իբրեւ վերածննդի խորհրդանիշ․ jam-news.net

Հետպատերազմյան թիթեռները՝ իբրեւ վերածննդի խորհրդանիշ․ jam-news.net
Հասարակություն
15:05, 01 декабрь 2021
Հայաստանի և Արցախի տարբեր քաղաքների պատերին հայտնվել են խճանկար-թիթեռներ։ Շարքի հեղինակը` Սիրանուշ Աղաջանյանը, դրանք նվիրել է 44-օրյա պատերազմին և անվանել «Հետպատերազմյան թիթեռներ / Սիրահարանք»։ 

Սիրահարանք բառը հեղինակն ինքն է հորինել, հայերենում նման բառ չկա, ասում է՝ այն, ինչպես արվեստի գործ, ուղղակի ստեղծվել է։ 

«Ինչո՞ւ է կոչվում սիրահարանք: Պատերազմի ժամանակ սիրահարված էի, ու դա տվել ա մոտիվացիա։ Մտածում էի՝ պետք ա ստեղծեմ մի բան, որն իր մեջ կրելու է ակնհայտ երջանկություն, էսթետիկա»։ 

Այսպես էլ ծնվեց թիթեռների գաղափարը` որպես նոր կյանքի, վերածննդի եւ սիրո մարմնավորում։ Իսկ երբ սկսեց խճանկարները ստեղծելու ընթացքում ուսումնասիրել, պարզեց, որ այլ մշակույթներում էլ թիթեռները նույն նշանակությունն ունեն։ 

Մայիսից սկսած՝ շարքն արդեն համալրվել է 5 թիթեռով, բայց ծրագրված է ևս 2-3 թիթեռային խճանկար։ 

Սիրո եւ վերածննդի ամենամեծ խորհրդանիշը՝ 3,5 մետրանոց թիթեռը, վերջերս իր տեղն է գտել Ստեփանակերտում։ 

«Ոչ բոլոր գործերից է, որ կարելի է երջանկության եւ ուրախության զգացողությունն ունենալ։ Ու ամենաշատը ես  դրանք զգացել եմ թիթիեռներն անելու ժամանակ: Նրանք, կարծես, ասում են՝ կյանք կա», — ասում է Սիրանուշը: 

Այս շարքը հետաքրքրություն եւ մինչեւ անգամ հիացմունք է առաջացրել տեսնողների մոտ։ 

«Ծանոթներս, երբ ինձ տեսնում են, ասոցացնում են հենց այդ թիթեռնիկների հետ։ Դրական են արձագանքում, հարցնում են՝ էլի՞ եմ անելու, եթե այո, մյուսը երբ ու որտեղ է լինելու»։

Աշխատանքներից մեկը տեղ է գտել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատերից մեկի վրա։ Կրթահամալիրի երեխաներն էլ ոգևորված մասնակցել են թիթեռի պիքսելային էսքիզի հավաքմանը։ 

«Շատ ունիկալ էր դա իրենց համար։ Ինձ տարօրինակ հարցեր էին տալիս՝ ոնց եք սարքում, դուք տաղանդավոր ծնվե՞լ եք, թե՞ դարձել»,- ժպիտով հիշում է արվեստագետը։ 

Մինչ անցյալ տարի՝ Արցախյան պատերազմը, 27-ամյա Սիրանուշը չէր պատկերացնում, որ պատերազմը կարող է այսքան մոտ լինել իրեն: 

«Փոքր ժամանակ երբ լսում էի, որ, օրինակ, Սիրիայում պատերազմ էր, ուղղակի գիտեի, սովորական էր, բայց երբ շատ մոտիկից առնչվեցի, իրականությունը, պատկերացումները, ոգեշնչման կետերը փոխվեցին»,- ասում է նա։

Սիրանուշի կարծիքով՝ արվեստի մեջ պատերազմական հետեւանքների արտացոլումը եւ հակապատերազմական կոչերը կարևոր և էական են։

Արվեստագետն ու ընկերները խճանկարով սկսել են զբաղվել 2016 թվականից, գումար վաստակելու նպատակով։ 2017-ից, երբ նա արվեստանոցում առանձին էր աշխատում, պատվերներից մնացած թափոններով սկսեց խճանկարներ ստեղծել։ Մեկ տարի անց իր ընկերներից մեկի՝ Նարեկի հետ ձեւավորեցին Street Bitcoin խումբը։ Միասին մի քանի ամսում Երեւանի տարբեր մասերում հասցրել են 10 խճանկար ամրացնել։ 

Սիրանուշին դուր է գալիս աշխատել նյութով, որը շատերը պատկերացնում են միայն որպես իրենց լոգարանի կամ խոհանոցի պատերի զարդարանք։

Խճանկարները շենքերի վրա տեղադրելու համար Սիրանուշը քաղաքային իշխանությունների համաձայնությունը չի հարցնում։ Ասում է, որ մինչ օրս խնդիրներ չի ունեցել։ Ավելին, լսել է, որ իր նախաձեռնությունը նրանց հավանությանն է արժանացել։ 

Սիրանուշի խճանկարների շարքում թիթեռները մնում են բացառիկ. նրանք ոչ միայն գեղեցիկ պատկերներ են, այլև կարևոր ուղերձ են կրում: Ինչպես ասում է հեղինակը՝

«Մարդիկ կան, որոնք խնդիրներ ունեն ու չեն կարողանում բարձրաձայնել իրենց հուզող հարցի մասին: Էդ նույն իրավիճակում մենք հայտնվել ենք պատերազմի ժամանակ։ Իսկ մարդու կյանքը գերագույն արժեքն է: Ամբողջ աշխարհում ոչ մի բան չի կարող դրա հետ համեմատվել»։ 

Աղբյուր՝ jam-news.net