Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատներին տրվող փոխհատուցումներում կկատարվեն փոփոխություններ. շահառուները կավելանան

Զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատներին տրվող փոխհատուցումներում կկատարվեն փոփոխություններ. շահառուները կավելանան
Հասարակություն
13:08, 11 январь 2022
ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանը ներկայացրեց նախագիծ, որը վերաբերում է զինվորականների կյանքին և առողջությանը պատճառված վնասի փոխհատուցմանը։ Գործող օրենքով նախատեսված է, որ զոհված կամ անհետ կորած ճանաչված զինծառայողների հարազատներից փոխհատուցում են ստանում միայն ամուսինները, զավակները և ծնողները։ Հայկ Սարգսյանը նշեց, որ իրեն հայտնի են դեպքեր, որ զոհված կամ անհետ կորած ճանաչված զինվորականները ամուսնացած չեն, չունեն երեխաներ, նաև՝ ծնողազուրկ են, հետևաբար որևէ մեկը իրենց հարազատներից փոխհատուցում չի ստացել։ Պատգամավորը առաջարկեց օրենքում փոփոխություններ մտցնել և թույլ տալ, որ փոխհատուցում տրվի նաև զինվորականների հարազատ եղբայրներին և քույրերին։ Բացի դրանից, Հայկ Սարգսյանը նշեց նաև, որ առաջարկվող նախագծով փոխհատուցում է տրվելու նաև այն դեպքերում, երբ զոհված զինծառայողը եղել է ամուսնացած, բայց չի ունեցել պետական գրանցում։

Տիգրան Աբրահամյանը բարձրացրեց նաև այն հարցը, թե ընտանիքի անդամներից ո՞վ պետք է ստանա փոխհատուցումը, եթե զոհված զինծառայողն ունի և՛ ծնողներ, և՛ ամուսին, և՛ երեխաներ, որովհետև կան դեպքեր, որ ընտանիքներում խնդիրներ են առաջանում։
Գեղամ Մանուկյանն էլ հարցրեց, թե ի՞նչ դիրքորոշում է ունեցել պաշտպանության նախարարությունը։ Հայկ Սարգսյանն ասաց, որ ի սկզբանե բացասական դիրքորոշում է հայտնել ՊՆ-ն, սակայն հետագա քննարկումների և փոփոխությունների արդյունքում նախագիծը ստացել է ՊՆ-ի դրական եզրակացությունը։

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը նշեց, որ ի սկզբանե վերապահումներ են ունեցել, սակայն նախագծի լրամշակումից հետո դրական եզրակացություն են տվել։ Մասնավորապես, լրամշակումից հետո ամրագրվել է, որ զոհված կամ անհետ կորած զինծառայողների հետ չգրանցված ամուսնության մեջ գտնվող անձին շահառու ճանաչել միայն այն դեպքում, եթե տվյալ անձն ու զոհված զինծառայողն ունեն համատեղ զավակ։ Նախագծի լրամշակմամբ ամրագրվել է նաև, որ զոհված զինծառայողի եղբորը կամ քրոջը պետք է շահառու ճանաչել միայն այն դեպքում, եթե տվյալ զինծառայողի մասով նախկինում որևէ այլ շահառու գումար չի ստացել։

Անդրադառնալով Գեղամ Նազարյանի դիտարկմանը, որով պատգամավորը դեպքեր նշեց, երբ զոհված զինծառայողի ծնողները ժամանակին լքել են զավակին, ապա զոհվելուց հետո ներկայացել են և դիմել փոխհատուցում ստանալու համար, պաշտպանության նախարարության ներկայացուցիչը նշեց, որ նման դեպքերի իրենք ևս հանդիպել են, սակայն երբ չկա ծնողական իրավունքից զրկված լինելու հանգամանք, ապա իրավաբանորեն շատ դժվար կլինի ձևակերպել, որպեսզի այդ ծնողները չստանան փոխհատուցում, և փոխհատուցման գումարը ամբողջությամբ տրվի, օրինակ, զոհվածի կնոջը կամ ամուսնուն։

Վիլեն Գաբրիելյանը նշեց, որ ինքը կողմ է քվեարկելու նախագծին, սակայն անհրաժեշտություն է տեսնում, որ մեծ փաթեթով քննարկվի նախագիծը և բոլոր դեպքերը հաշվի առնվեն, որպեսզի փակվեն բոլոր բացերը։

Անդրանիկ Քոչարյանն էլ նշեց, որ հիմա չպետք է անդրադառնալ հարցին, թե ժամանակին ով է կողմ կամ դեմ արտահայտվել Հիմնադրամի ստեղծմանը։  Խոսքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի մասին է, որին յուրաքանչյուր գրանցված աշխատող ամեն ամիս կատարում է փոխանցումներ։ Սկզբում 1000  դրամների մասին էր, ապա չափը փոխվեց։ Հենց այս հիմնադրամի միջոցներով զոհված կամ անհետ կորած համարվող զինծառայողների հարազատները փոխհատուցվում են միանվագ 10 մլն դրամի չափով, ապա, հետագա 20 տարիների ընթացքում՝ ամսական 300 հազար դրամի չափով։

Ելնելով խնդիրները արագ լուծելու անհրաժեշտությունից՝ պաշտպանության փոխնախարարը առաջարկեց այս տեսքով ընդունել օրենքը։

Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությանը, որի ժամանակ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները լքեցին դահլիճը։ Ընդդիմադիրները, այսպիսով, չքվեարկեցին նաև օրակարգի առաջին հարցին՝ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների հարազատներին տրվող փոխհատուցումներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ։