Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ապահովագրականները չարաշահում են իրենց տրված մենաշնորհը. Վարորդները բողոքում են ԱՊՊԱ-ի թանկացման դեմ

Ապահովագրականները չարաշահում են իրենց տրված մենաշնորհը. Վարորդները բողոքում են ԱՊՊԱ-ի թանկացման դեմ
Հասարակություն
14:53, 31 январь 2022
«Ոչ թանկացումներին՝ ԱՊՊԱ-ն չպետք է թանկանա». այսօր՝ հունվարի 31-ին, վարորդները բողոքի ցույց էին կազմակերպել Հանրապետության հրապարակում՝ փակելով ճանապարհի որոշ հատվածի երթևեկությունը: Որոշ վարորդներ չենթարկվելով ոստիկանության աշխատակիցներին՝ կարմիր բերետավորներին, բերման ենթարկվեցին, իսկ ավտոմեքենաները  տարհանվեցին՝ բացելով ճանապարհի երթևեկելի հատվածը: 

 «Նախկինում իմ ավտոմեքենայի համար ԱՊՊԱ-ն տարեկան կազմում էր 31000 դրամ, իսկ այս նոր ընդունված օրենքով՝ արդեն 3000 դրամով է թանկանում, եթե վթար չենք ունենում: Օրինակ՝ եթե վթարը լինում է իմ մեղավորությամբ՝ հարվածում եմ թանկանոց մեքենայի, այդ դեպքում 300 տոկոսով թանկանում է, էլ իմաստը որն է մեքենա գնելու: Հիմա ոստիկանները 5000 դրամ տուգանք են նշանակել, արձանագրություն են կազմել անհարկի երթևեկություն իրականացնելու համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց վարորդներից մեկը՝ Սևակ Պետրոսյանը, ու նշեց, որ ոստիկանի կազմած արձանագրության դեմ բողոքարկելու է, դուրս է եկել բողոքի, բայց որևէ պաշտոնյայի հետ հանդիպում չի ակնկալում, պարզապես իր անհամաձայնությունն է արտահայտում թանկացման դեմ: 

«Աննպատակ, անօրինական թանկացում է, քաղաքացիների կարծիքը չեն էլ հարցրել: Մինչև վերջ կպայքարենք, փոփոխություն չի լինի, և կքննարկենք միայն այն փոփոխությունները, որոնք վարորդների համար բարենպաստ են: Ճանապարհային երթևեկության հարցով ով ասես՝ չի զբաղվում. հիմա կամ ոստիկանությունը պետք է զբաղվի, կամ ոստիկանությունը հանգիստ նստի իր տեղը՝ ապահովագրականը զբաղվի: Ապահովագրականներին մենաշնորհ է տրվել ու հիմա չարաշահում են այդ մենաշնորհը: Հանրային քննարկում պետք է լինի, հաշվի առնվի քաղաքացու կարծիքը: Եթե այսօր փոփոխությունը չվերացնեն, ամեն օր մի պահանջ ավելացնելու ենք: Ովքեր ապահովագրական բյուրոյի կոչով եկել են մասնակցելու ակցիային, բոլորին ասել ենք՝ մի պայմանով ենք գնում, որ քաղաքականությանը չենք խառնվում»,- ասաց ակցիայի մասնակից վարորդներից մեկը՝ Արտակը: