Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանցի պատգամավորներն ու ընդդիմադիրները չեն մասնակցում «Եվրանեսթ» ԽՎ-ի պատվիրակների համար նախատեսված ճաշին

Ադրբեջանցի պատգամավորներն ու ընդդիմադիրները չեն մասնակցում  «Եվրանեսթ» ԽՎ-ի պատվիրակների համար նախատեսված ճաշին
Հասարակություն
19:58, 22 февраль 2022
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովին մասնակցող ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյան այսօր դաշնակցական վճռականությամբ  հայտարարել է, որ հայկական պատվիրակության ընդդիմադիր ներկայացուցիչները բոյկոտելու են «Եվրանեսթ» ԽՎ պատվիրակների համար նախատեսված պաշտոնական ընթրիքը. «Ադրբեջանցիների հետ սեղան չենք նստի»։

Ուշագրավ է, որ «Եվրանեսթ» ԽՎ-ին մասնակցելու համար Հայաստան եկած ադրբեջանցի պատգամավորները ևս չեն մասնակցում ճաշին։ Այս մասին մեր տեղեկությունը հաստատեց ԽՎ հայկական պատվիրակության անդամ Սարգիս Խանդանյանը՝ նշելով, որ երեկ էլ ադրբեջանցիները չեն մասնակցել ոչ համատեղ ճաշին, ոչ սուրճի ընդմիջումներին։ Թերևս նրանք էլ են որոշել բոյկոտել համատեղ ճաշը՝ հայերի հետ սեղան չնստելու համար։ 
  
Նշենք, որ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը ներխորհրդարանական ֆորում է, որում Եվրախորհրդարանի և Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի ազգային խորհրդարանների ներկայացուցիչները մշակում են ԵՄ-ին ավելի մոտ քաղաքական ու տնտեսական կապեր։ 

Վեհաժողովին մասնակցելու համար Հայաստան են եկել ադրբեջանցի 2 պատգամավորներ։