Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննարկումներ՝ Ազգային գեոպորտալի բարելավման նպատակով

Քննարկումներ՝ Ազգային գեոպորտալի բարելավման նպատակով
Հասարակություն
12:18, 08 август 2022
Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հերթական հանդիպումը կորեացի փորձագետների խմբի հետ, որը Կադաստրի կոմիտեի հետ գործակցում է Ազգային գեոպորտալի բարելավման ուղղությամբ: Այդ նպատակով Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուների հետ կատարվել են քաղաքաշինական հարցերի վերաբերյալ մի շարքճշգրտումներ՝ գեոպորտալում ընդգրկվող  տեղեկատվությունն առավել ամբողջական և մատչելի դարձնելու համար:

Անդրադարձ է եղել կոմիտեի համակարգմամբ ստեղծված ծրագրային փաստաթղթերը գեոպորտալում արտացոլելու եղանակներին, քարտեզների ճշգրտման անհրաժեշտության դեպքում կոմիտեի լիազորությունների շրջանակին:

Կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը և խորհրդական Արտավազդ Թարխանյանը մանրամասներ են ներկայացրել քաղաքաշինության բնագավառում լիազոր մարմնի գործունեության բոլոր ուղղությունների վերաբերյալ:

Նրանք ընդգծել են պետական տարբեր կառույցներից ստացվող տվյալներն ու քարտեզագրական նյութերը մեկհամակարգում միասնական  ձևաչափով ընդգրկելու, համադրելու, անճշտությունները վերացնելու և դրանցից օգտվելը մատչելի դարձնելու կարևորությունը:

Դիտարկվել են նաև ստեղծված հարթակում Քաղաքաշինության կոմիտեի գործունեությանն առնչվող տեղեկատվական բազայի ձևավորման, հեռանկարային պահանջների հիման վրա տվյալների թարմացմանհնարավորությունները:
 
Հիշեցնենք, որ Ազգային գեոպորտալը ներդրվել է Կադաստրի կոմիտեի կողմից՝ ապահովելու համակարգված տարածական տվյալների հասանելիություն։ Օգոստոսի 3-ին տեղի է ունեցել Ազգային գեոպորտալի մաս կազմող քարտեզագրական բաղադրիչի (https://maparmenia.am/arpis/) շնորհանդեսը: Վերջինս հնարավորություն է ընձեռում համացանցի օգտատերերին առցանց միջավայրում  դիտելու կադաստրային քարտեզը՝ օդալուսանկարների(օրթոֆոտոհատակագծերի) հետ համադրված: