Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Եռաբլուրն անկարգության վայր չէ, այլ հարգանք մատուցելու տեղ, ոչ մեկն իրավունք չունի Եռաբլուրի մուտքը փակելու»․ զոհված զինվորի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

44-օրյա պատերազմում զոհվածների մի խումբ հարազատներ սեպտեմբերի 27-ին որոշել էին փակել Եռաբլուրի մուտքը, որպեսզի վարչապետն ու բարձրաստիճան պաշտոնյաները մուտք չգործեն Եռաբլուր։ Այդ օրը վարչապետն ու կառավարության անդամները չայցելեցին Եռաբլուր։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին էլ, երբ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել էին Եռաբլուր, նույն խումբը՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորների ուղղորդմամբ, փորձել էր խոչընդոտել պաշտոնյաների մուտքը Եռաբլուր, և այդ ընթացքում քաշքշոց էր առաջացել ոստիկանների ու նրանց միջև։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։  

Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է 44-օրյա պատերազմում զոհված Ազատ Մաջարյանի մայրիկի՝ Նարինե Գրիգորյանի հետ։ 

«Ես շատ բարկացած եմ դրա հետ կապված, որովհետև ոչ մեկն իրավունք չունի Եռաբլուրի մուտքը փակելու, այդտեղ ոչ միայն իրենց զավակներն են հուղարկավորված, հուղարկավորված են մեր բոլորի զավակները, սկսած 90-ական թվականներից։ Դա ոչ թե կռվելու տեղ է, ինչ-որ բան պահանջելու տեղ է, այլ սրբավայր է, որտեղ բոլորը պիտի գնան։ Այնտեղ աղմուկ բացարձակ չպետք է բարձրանա, որովհետև այնտեղ ննջում են մեր զավակները։ Իրենք ով են, որ փակում են մուտքը, որտեղ ուզում են՝ թող իրենց անկարգություններն անեն, Եռաբլուրն անկարգության միջավայր չէ, Եռաբլուրը հարգանք մատուցելու տեղ է»,- ասաց Նարինե Գրիգորյանը։

Նա նշեց, որ սեպտեմբերի 21-ին ինքը դիտավորյալ Եռաբլուր չի գնացել, որովհետև եթե գնար, ապա նման մայրերի հետ հաստատ կունենար կոնֆլիկտային միջամտություն։ Նարինե Գրիգորյանին զայրացրել է  նաև այն, որ կոտրել են Եռաբլուր բերված ծաղկեպսակները,
որոնց վրա կա եռագույն դրոշ։

Մեր զրուցակցի խոսքով՝ նրանք կատարեցին այն, ինչը կատարեց ադրբեջանցին՝ մտնելով Արցախ ու կոտրելով հայկական կոթողներն ու հայերի տները։ 

«Ծաղիկը, պսակը դրված էր բոլորիս զավակների համար։ Դուք չէի՞ք ուզում այդտեղ, տանեիք ձեր ընտանեկան գերեզմանները, միայն դուք այցելեիք էնտեղ։ Ոչ մեկն իրավունք չունի Եռաբլուրում արգելելու որևիցե մեկի մուտքը։ Ով կուզենա մոտենալ իմ որդու շիրիմին, ես շատ հանգիստ կթողնեմ, որպեսզի նա ծաղիկ դնի որդուս շիրիմին, որովհետև ինքը հարգում է որդուս կատարած սխրանքը։ Ի՞նչ պահվածք է, որ զոհվածի մայրը թավալվի գետնին, դա ի՞նչ շնորհք է. դա ոչ թե իր պատիվն էր, այլ ինքն իր որդու շիրիմն անարգեց։ Ոչ մի զոհվածի մայր չի տրորի իր որդու պատիվը»,- ասաց Նարինե Գրիգորյանը։

Նարինե Գրիգորյանի խոսքով՝ իր որդին քաղաքականության համար չի զոհվել, այլ զոհվել է հայրենիքը պաշտպանելու համար, իր որդին վերջին կաթիլ արյունը թափել է, որ ինքը և բոլորը հիմա ապրում են։

«Մենք կդառնանք ազգ, երբ որ հայաստանցի ու ղարաբաղցի չենք ասի, կասենք՝ հայ ենք, երբ որ չենք ասի՝ քաղաքացի կամ գյուղացի, կասենք՝ հայ ենք։ Բոլորը ճառ ասող են դարձել, ԱԺ դարպաս  կոտրելով հայրենիք չեն պահում, հայրենիքը պահում են սահմանում. դա է դարպասը հայրենիքի, գնացեք կանգնեք»,- ասաց Նարինե Գրիգորյանը։ 

Խոսելով նաև այն մասին, որ սեպտեմբերի 21-ին  զոհվածների մի խումբ մայրեր վիրավորում և անեծքներ էին հնչեցնում ոստիկանների հասցեին, Նարինե Գրիգորյանն ասաց, որ զավակ կորցրած մայրը երբեք անեծք չպետք է տա։  

Մանրամասները՝ տեսանյութում:
Լիլիթ Թադևոսյան