Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անվճար և անհատույց իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությունը կդառնա ավելի հասանելի

Անվճար և անհատույց իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությունը կդառնա ավելի հասանելի
Հասարակություն
16:00, 03 октябрь 2022
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի տեղեկացմամբ՝ օրենսդրական փաթեթով ընդլայնվում են նաեւ փաստաբանների պալատի խորհրդի լիազորությունները: Անվճար և անհատույց իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությունը կդառնա ավելի հասանելի. ընդլայնվում է հանրային պաշտպանության շահառուների շրջանակը: Կվերանայվի նաեւ փաստաբանների ուսուցման եւ որակավորման կարգը, փոխանցում է ԱԺ մամուլի ծառայությունը։

««Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությամբ Կառավարությունն առաջարկում է վերանայել Փաստաբանների պալատի ներքին կառավարման կառուցակարգը:

Նախաձեռնությամբ առաջարկվում է լրացում կատարել Քրեական օրենսգրքում: Ըստ այդմ՝ «Փաստաբանության մասին» օրենքով նախատեսված դեպքերում անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար հանրային պաշտպանի գրասենյակին դիմելիս ներկայացված գրավոր հայտարարագրում կեղծ տվյալ ներառելը կամ ներկայացման ենթակա տվյալը թաքցնելը պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ 80-150 ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:

Հարցը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 3-ի արտահերթ նիստում:

Արդարադատության փոխնախարարի խոսքով՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո Կառավարությունը ներկայացրել է խմբագրական բնույթի առաջարկներ:

Օրենքների նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն: