Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շինհրապարակներում ստանդարտներ կսահմանվեն՝ ինչ վիճակում պետք է լինեն, աշխատողներն ինչ տեսք պետք է ունենան. վարչապետ

Գործադիրը փոփոխություն և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ շինարարական հրապարակներում առկա իրավիճակի, աշխատանքի անվտանգության, սանիտարահիգիենիկ, տեխնիկական անվտանգության, մթնոլորտային օդի և շրջակա միջավայրի աղտոտման խնդիրները համակարգային կարգավորելու անհրաժեշտությունից ելնելով: Ըստ հիմնավորման՝ գործող կարգավորումները պատվիրատուին չեն պարտադրում շինարարական ծրագրերի գնման պայմանագրերում պարտադիր նախատեսել կարգավորումներ շինարարական հրապարակներում առկա իրավիճակի, աշխատանքի անվտանգության, սանիտարահիգիենիկ, տեխնիկական անվտանգության, մթնոլորտային օդի և շրջակա միջավայրի աղտոտման նորմերի պահպանման վերաբերյալ:

Որոշմամբ՝ առաջարկվում է նշվածը դարձնել որպես պայմանագրերի նախագծերում ներառվող պարտադիր պայման, զուգահեռդրանց խախտման համար պայմանագրերի նախագծերում նախատեսելով նաև պատասխանատվություն նախատեսող կարգավորումներ: Ըստ այդմ՝ նախատեսվում է սահմանել, որ շինարարական ծրագրերի գնման դեպքում պայմանագրում (նախագծում) պետք է ներառվեն հետևյալ պարտադիր պայմանները․

- կապալառուն կնքվելիք պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարում է, իսկ տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունն այդ աշխատանքների համապատասխանությունը հսկում է քաղաքաշինական նորմատիվատեխնիկական և հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերին համապատասխան,

- պատվիրատուն շինարարական աշխատանքների և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների նկատմամբ կիրառում է պատասխանատվության միջոցներ՝ աշխատանքների կատարման ողջ ընթացքում քաղաքաշինական նորմատիվատեխնիկական և հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերով սահմանված պահանջների, այդ թվում շինարարական հրապարակի պատշաճ կազմակերպման, կահավորման և անվտանգության տեխնիկայի կանոնների չպահպանման յուրաքանչյուր արձանագրված դեպքի համար: Ընդ որում դեպքերը և դրանց ի հայտ գալու պարագայում կիրառվելիք պատասխանատվության միջոցները սահմանվում են սպառիչ և առանց երկակի մեկնաբանության հնարավորության»,

- գնումների դիմաց վճարումները, ներառյալ կանխավճարի հատկացումը, իրականացվում է հաշվի առնելով լիազորված մարմնի կողմից հաստատված պայմանագրի օրինակելի ձևով նախատեսված պայմանները։ Արդյունքում կկարգավորվեն շինարարական հրապարակներում առկա իրավիճակի, աշխատանքի անվտանգության, սանիտարահիգիենիկ, տեխնիկական անվտանգության, մթնոլորտային օդի և շրջակա միջավայրի աղտոտման խնդիրները՝ բացառելով հայեցողական մոտեցումների կիրառումը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել է, որ խոսքը շինհրապարակներում ստանդարտներ սահմանելու մասին է: «Այսինքն՝ շինհրապարակն ինչ վիճակում պետք է լինի, այնտեղ աշխատողներն ինչ վիճակում պետք է լինեն, ինչ հագուստ պետք է կրեն և անվտանգության ինչ միջոցներ նախատեսեն: Այստեղ հարցերը բազմաշերտ են: Մենք տեսանք, որ Երևանում փոշու ինչպիսի աննախադեպ մակարդակ կա: Շինարարության ծավալները, այո՛, շատ մեծ թափ են հավաքել, բայց, մյուս կողմից, մենք անընդհատ այդ ահազանգերը ստանում ենք և տեսնում ենք նաև, որ փոշով աղտոտվածության շատ բարձր ցուցանիշներ են արձանագրվել Երևանում: Սրա պատճառներից մեկն այն է, որ շինհրապարակներում ստանդարտները չեն պահպանվում: Մենք պետք է այս հարցում լինենք հետևողական:

Մյուս կողմից՝ շինհրապարակն ինչ վիճակում պետք է լինի, և նաև այնտեղ աշխատողներն ինչ տեսք պետք է ունենան, և շինհրապարակն ինչպես պետք է տարանջատվի մնացած քաղաքացիների առօրյա կյանքից: Սրանք բոլորը շատ կարևոր հարցեր են և ունեն և՛ անվտանգային, և՛ արդեն ասացի՝ բնապահպանական, և՛ էսթետիկ, և՛ սոցիալ- հոգեբանական նշանակություն: Կարող է նույնիսկ հարց հնչել՝ արդյոք մենք չափից ավելի ժամանակ և ուշադրություն չենք տրամադրում այս՝ մեր ընդհանուր օրակարգի մեջ փոքր թվացող հարցին: Բայց, իմ կարծիքով, նախկինում սրա մասին բազմիցս խոսել ենք, սա փոխաբերական իմաստով՝ ԴՆԹ մակարդակի խնդիր է. ԴՆԹ մակարդակի խնդիրներում շեղումները հետագա պրոցեսներում շղթայական մեծ և տեսանելի հետևանքների են բերում: Եվ ես կարծում եմ, որ այո, մենք բոլոր մակարդակներում մեր երկրում պետք է ստանդարտները սահմանենք, և ոչ միայն սահմանենք, այլև հետևողական լինենք այդ ստանդարտների իրականացման, ներդրման և պահպանման առումով: Այդ առումով այն շատ եմ կարևորում և կարևորում եմ, որ մենք հետևողական լինենք՝ ոչ թե մեկ որոշում ընդունենք, ասենք՝ մենք մեր անելիքն արեցինք, այլ հետագայում նաև տեսնենք՝ այդ որոշումներն ինրպես են աշխատում, աշխատում են, թե չեն աշխատում: Եթե չեն աշխատում կամ լավ չեն աշխատում, պետք է դրանք լավարկենք և շարունակենք աշխատել այդ ուղղություններով»,-ընդգծել է գործադիրի ղեկավարը: